Յո՞ երթանք

Յո՞ երթանք

Խորհրդարանական ընտրապայքարին մասնակից ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճը, որին երեւի անձկությամբ սպասում էր հանրությունը, կարելի է համարել չկայացած: Ավելի ճիշտ՝ շռնդալիորեն տապալված: Ձախողված: Որովհետեւ դա խոսակցություն էր երկրի ներքաղաքական կյանքի մակերեսի մասին: Խորքը մնաց բառախաղերի փրփուրների տակ: Միակ մխիթարությունը Վիգեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան ոխհրաձգությունն էր, եթե, իհարկե, քաղաքական անհաշտ դիմակայությունը կարելի է այդպես որակել: Մյուսներն այդ բանավեճում չկային, ներկա-բացակ էին՝ յուրաքանչյուրը պարփակված իմացության, ավելի ճիշտ՝ չիմացության իր սահմաններում: Տպավորությունը ծանր է:

Եւ ակամայից գալիս է հարցը՝ այսպես ու՞ր ենք գնում: Կամ՝ մինչեւ ու՞ր կարող ենք գնալ այս երջանիկ անիրազեկվածությամբ կամ մանիպուլյատիվ չքմեղությամբ, երբ երկրի քաղաքական համակարգի սուբյեկտների առաջին դեմքերը ջանադրաբար խուսափում, ուղղակի փախուստ են տալիս կարեւորագույն հարցերից: Երբ ՀՅԴ ներկայաուցիչը գործող վարչապետին ցիտում է Արցախի սահմանադրության վերջին հոդվածը, ընդ որում՝ ուղեկցելով սեփական մեկնաբանությամբ եւ պարզապես պատին սեղմում նրան՝ պահանջելով հայտարարել, որ Ադրբեջանի հետ ԼՂ կարգավորման բանակցություններում Հայաստանը պնդելու է կարգավորման հենց այդ հայեցակարգը՝ ստատուս-քվոն կմնա անփոփոխ, քանի դեռ Արցախի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվի եւ միջազգային ճանաչումը տեղի չի ունենա:

Եւ ակամայից ցանկություն ես ունենում դիմելու մյուս բոլոր քաղաքական ուժերին. «Պարոնայք, քաջություն ունեցեք հրաժարվելու ընտրապայքարից, ձեր բոլոր համակիրներին հորդորեք դեկտեմբերի 9-ին քվեարկել Դաշնակցության օգտին»: Թող պառլամենտում ունենա ոչ թե պարզ կամ սահմանադրական, այլ՝ տոտալ մեծամասնություն: Թող ձեւավորի դարձյալ Բիւրօ-կառավարություն եւ Արցախի սահմանադրության վերջին հոդվածի սահմանած հայեցակարգով բանակցությունների նստի Ադրբեջանի հետ: Պատրա՞ստ է ՀՅԴ-ն նման պատասխանատվություն վերցնել իր հարյուր քսանութամյա աննկուն ուսերին:

Տրամաբանական եւ, մանավանդ, իրատեսակա՞ն է նրան պատկերվում բանակցային գործընթաց, որտեղ Ադրբեջանին կպարտադրեն դեօկուպացնել Շահումյանի շրջանը, իր վերահսկողության տակ գտնվող այլ տարածքները, ճանաչել Արցախի անկախությունը եւ նրա հետ սահմանազատման հարցերով քննարկումներ սկսել: Կա՞ նման հնարավորություն: Եթե՝ այո, ապա ինչպե՞ս է դրա գործնականացումը տեսնում ՀՅԴ-ն: Չենք խոսում այն մասին, թե ՀՀԿ-ի հետ գտնվելով իշխող կոալիցիայում, Դաշնակցությունը երբեւէ նման պահանջ-վերջնագիր ներկայացրե՞լ է Հայաստանի անունից բանակցող նախագահին: Դա անցյալ է: Մեզ հուզում է ՀՅԴ ներկայիս կեցվածքը, գործող կառավարությանը եւ ընտրապայքարի ֆավորիտ ուժին նման կոշտ վերջնագիր ներկայացնելու հանգամանքը: Այդպես ու՞ր ենք գնում:

Միայն՝ մի տեղ՝ համահայկական հոգեխանգարմունքի: Որովհետեւ ընտրություններից, նոր կառավարության կազմավորումից հետո քաղաքական ամենավերջին պոպուլիստի համար էլ պարզ կդառնա, որ Արցախի սահմանադրության վերջին հոդվածը չի՜ կարող լինել ԼՂ կարգավորման բանակցությունների հայեցակարգ: Որ Հ1-ի տաղավարում դեկտեմբերի 5-ի երեկոյան ինչ խոսվել է՝ ներքին լսարանի համար էր: Որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն՝ կարգավորման իր հայեցակարգով: Որ Հայաստանը դա ընդունել է որպես բանակցությունների հիմք:

Եւ որ այդ շրջանակներից դուրս որեւէ գաղափար ոչ միջնորդների համար է ընդունելի, ոչ, մանավանդ, Ադրբեջանի: Որ աշխարհում չկա ուժ եւ ցանկություն, շահագրգռվածություն, գործնական շահ՝ ճնշումներ բանեցնելու Ադրբեջանի դեմ, որպեսզի նա ընդունի Արցախի սահմանադրության լեգիտիմությունը եւ ըստ այդմ վերափոխի իր ազգային պետականության զարգացման դոկտրինը: Որ չի կարելի իրավիճակը նենգափոխել այնպես, ասես ՀԱՊԿ-ը Յուրի Խաչատուրովի գլխավոր քարտուղարությամբ պատրաստ էր բանակներ շարժել Ադրբեջանի դեմ, բայց նոր իշխանությունները նրա դեմ քրգործ հարուցեցին եւ խափանեցին Քուռ-արաքսյան հանրապետություն ստեղծելու մե՜ծ աշխարհաքաղաքական նախագիծը: Որ, վերջապես, գործող վարչապետին եւ ապագա պոտենցիալ վարչապետին չի պատշաճում տրվել հեռուստաբանավեճի էյֆորիային եւ Արցախի հարցում անել դարձյալ պոպուլիստական հայտարարություններ:

Վաղը դրա համար նրանից դաժանորեն հաշիվ են պահանջելու թե դրսում, թե, հատկապես, ներսում: Որովհետեւ քաղաքական հայտարարությունները, եթե անգամ արվել են հեռուստաբանավեճի տաք մթնոլորտում, երբեք չեն մոռացվում: Ու՞ր ենք գնում այսպես: Դեպի նոր դիմակայությու՞ն...