Փաստաբանները վաստակել են պառլամենտում իրենց տեղն ունենալու բացառիկ իրավունքը

Փաստաբանները վաստակել են պառլամենտում իրենց տեղն ունենալու բացառիկ իրավունքը

Տարիներ առաջ շատերը վերապահումով կմոտենային, որ համապետական ընտրությունները կարող են անցնել արդար և թափանցիկ: Այսօր դա իրականություն է: Այսօր Հայաստանում ընթացող գործընթացների արդյունքում տեղի են ունենալու իրավամբ ազատ և արդար ընտրություններ, որտեղ յուրաքանչյուր քվեի տերը տվյալ քաղաքացին է, ոչ թե տեղի խուժանը կամ իշխանությունը: Պետք է փաստել, որ այս ամենի կրողն ու պատասխանատուն գործող իշխանությունն է: Այն, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ցանկալի էր, որպեսզի ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ դաշինքները ներկայացնեին ծրագիր, ցավոք ներկայացվեց ածանցյալ ձևով` գլխավոր պլան մղելով տարբեր քաղաքական հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակում էին ագրեսիվություն` բխող բոլոր իրավական հետևանքներով:

Ընտրություններին օրենքի ուժով մասնակցում են ինչպես կուսակցություններ և դաշինքներ, այդպես էլ դրանց կցված ՀՀ քաղաքացիներ, որոնք կուսակցության կամ դաշինքի ցուցակով ըստ տարածաշրջանների ռեյտինգային կարգով կարող են ընտրվել: Ի տարբերություն նախկինում կայացած ընտրությունների, որտեղ ռեյտինգային կարգով ընտրվողների մի մասը փողատերեր ու մականունավորներ էին, այսօր ի պատիվ գործող իշխանության կողմից տարվող քաղաքականության՝ դրանք բացակայում են՝ տեղ տալով քաղաքական ու հասարակական գործիչների, տնտեսագետների, իրավաբանների:

Ռեյտինգային կարգով ընտրվող անձանց թվում են նաև հայտնի փաստաբաններ, որոնք իրավապաշտպան գործունեությամբ պայքարել են այսօրվա ընտրող քաղաքացիների իրավունքների խախտման դեմ, հաճախ դուրս գալով պետական լիազոր մարմինների, գործող իշխանության դեմ, որոշ դեպքերում էլ հատուցելով իրենց առողջությամբ, ընդհուպ վերջիններիս նկատմամբ հարուցվել են նաև քրեական գործեր: 

Կարևորում եմ փաստաբանների մուտքն օրենսդիր մարմին, ովքեր տեղյակ են գործող օրենսդրական բացերի մասին, ովքեր իրավական դաշտում պայքարելով քաղաքացու խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ, այժմ պարտավորություն են վերցնում գրել այնպիսի օրենքներ, որոնք հիմնաքար կլինեն գործադիր իշխանության համար կառուցելու և ունենալու հզոր հայրենիք, օրինապաշտ քաղաքացի:

Կոչ եմ անում ընտրողներին ընտրության օրն իրենց նախընտրած կուսակցությանը կամ դաշինքին քվե տալուց հետո, տվյալ կուսակցության կամ դաշինքի ռեյտինգային կարգով թեկնածուների ցուցակից ձայն տալ ոչ թե ընկերոջ, բարեկամի, ծանոթի ասած թեկնածուին, այլ նրան, ով փաստաբան է:

Հարկավոր է իմանալ.

Ազգային ժողովը օրենսդիր մարմին է, որտեղ գրվում են օրենքներ, որոնք ուղղակի աղերս ունեն ՀՀ քաղաքացու իրավունք-պարտականությունների հետ, որը լավագույն ձևով կարող են իրականացնել փորձառու փաստաբանները, ովքեր իրավաբանական գիտելիքներից բացի ունեն  երկար տարիների իրավապաշտպանի փորձ:

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյան