Փաշինյանը, հետևելով մեր խորհրդին, այլևս չի անդրադառնալու ՀՀԿ-ին

Փաշինյանը, հետևելով մեր խորհրդին, այլևս չի անդրադառնալու ՀՀԿ-ին

Նիկոլ Փաշինյանը երեկ Մերձավանում մասնակցում էր IMG ընկերության գործարանի բացմանը։ Գործարանը հիմնվել է հայ-լիբանանա-իրանական ներդրումներով, 4.5 ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել այստեղ։ Արտադրելու են հեռուստացույց, սառնարան եւ լվացքի մեքենա։ Նախնական տեղի է ունենալու զուտ հավաքման գործը, մասերը ներմուծվելու են դրսից, հավաքվեն՝ Հայաստանում, իսկ հետագայում պլանավորում են արդեն ամբողջական արտադրություն կազմակերպել։ Հեռուստացույցներն արդեն կրում էին G-Guard ապրանքանշանը։ Գործարանի պայմաններին եւ հոսքագծին ծանոթանալուց հետո Նիկոլ Փաշինյանը, ում արձակուրդն ավարտվում էր երեկ, ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ՝ անդրադառնալով Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու, ՀԱՊԿ-ի, ինչպես նաեւ ՀՀԿ-ի թեմային։ Մենք հիշեցրինք նրան, որ ՀՀԿ-ն այս օրերին տեսանյութերի շարք է հրապարակում՝ «Նիկոլի ստերը» վերտառությամբ, որտեղ ցույց են տալիս իր տված եւ չկատարած խոստումները, իր արած հակասական հայտարարությունները նախկինում եւ հիմա, օրինակ՝ արագաչափերի վերաբերյալ, որ պետք է հանվեին, բայց չեն հանվում, գազի գնի, ԵԱՏՄ-ի եւ այլնի մասին։ «Իսկ ի՞նչ ենք խոստացել մենք արագաչափերի մասով։ Մենք արագաչափերի հետ կապված՝ հիմա շատ մեծ բարեփոխումների փաթեթ ենք պատրաստում, եւ արագաչափերի մաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամ։ Եվ, ի տարբերություն էսօրվա համակարգի, որն ասում է՝ փողը տուր, ինչ ուզում ես՝ արա, այդ համակարգը կդադարի գործել»,- ասաց նա։

- Դուք «սկոչում» էիք արագաչափերը հեղափոխության օրերին, դեմ էիք դրանց, հիմա եթե ես «սկոչեմ» արագաչափը՝ Ձեր օրինակին հետեւելով, կենթարկվե՞մ պատասխանատվության։

- Ես ոչ միայն «սկոչում» էի արագաչափերը, այլեւ իմ՝ վարչապետ դառնալուց հետո 150 հազար մարդու տուգանք ներվել է 13 մլրդ դրամի չափով, եւ իմ՝ վարչապետ դառնալուց հետո էն ամենատարածված խախտումների՝ հոծ գիծ խախտելու համար, չգիտեմ, տարբեր մանր-մունր բաների համար մարդկանց ուղղակի չեն տուգանում։

- Բայց պե՞տք է հանվեն արագաչափերն ու կարմիր գծերը, թե՞ ոչ։

- Գիտե՞ք ինչ, էն ժամանակ, երբ որ մենք այդ թեմայով կառավարությունում խոսեցինք, նաեւ հանրության եւ ՀԿ-ների շրջանից եղավ որոշակի արձագանք, որ կարելի է դրանք ծառայեցնել ճիշտ նպատակին, եւ մենք օրենսդրական փոփոխություններով կծառայեցնենք ճիշտ նպատակին։

- Պարոն վարչապետ, այս ընտրարշավն անցնում է հիմնականում ՔՊ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ բանավեճերով, եւ դրանից դժգոհում են մյուս ուժերը, որ սա փոխշահավետ գործարք է, մյուս ուժերը դուրս են մնում ընդհանուր պայքարից, չի լսվում նրանց ձայնը։ Սա Ձեզ ձեռնտո՞ւ է։

- Գիտե՞ք, ընդհանրապես մենք խաղեր չենք խաղում ոչ մեկի հետ, մենք ուղիղ ասում ենք մեր ասելիքը եւ անելիքը։

- Այդ դեպքում ինչո՞ւ է միայն ՀՀԿ-ի հետ պայքարը գնում, ինչո՞ւ եք թիրախավորել ՀՀԿ-ին։

- Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ի հետ պայքարելու առիթ կա, որովհետեւ ընդհանրապես ՀՀԿ-ն պայքարից դուրս է։ Ի դեպ, մեղադրանքների մասով՝ ես հանրապետության 40 քաղաքներում եղել եմ, եւ ամենահաճախ հնչող մեղադրանքը, երբ մարդիկ ինձ ներկայացնում են մեղադրանք, այն է, թե ինչու են Հանրապետական կուսակցության հայտնի ներկայացուցիչները մինչեւ հիմա ազատության մեջ։

- Հիմա ՀՀԿ-ն ձեզ ընդդիմադի՞ր է, լինելո՞ւ է ձեր ընդդիմությունը։

- Կարծում եմ՝ ՀՀԿ-ն ընդդիմադիր է հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը։

- Այդ դեպքում ինչո՞ւ եք անընդհատ հիշատակում նրանց, եթե նրանք գոյություն չունեն ձեզ համար։

- Որովհետեւ հիմա Դուք հարց եք տալիս, Ձեր հարցերին եմ պատասխանում, որ չպատասխանեմ, պիտի գնաք գրեք՝ խուսափեց Հանրապետական կուսակցության… մի՞թե սա չի նշանակում, որ նա մտավախություն ունի…

- Նկատի ունեմ՝ ելույթներում, պարոն վարչապետ, որ Ձեր ելույթներում եք անընդհատ հիշում։

- Ելույթներում մենք անդրադառնում ենք էն հարցերին… Հիմա Դուք ինչո՞ւ եք հիշում, լեգիտիմացնո՞ւմ եք Հանրապետականին։

- Որովհետեւ մասնակից ուժ է եւ անընդհատ ձեզ է քննադատում։

- Չեմ անդրադառնում ես, էլ չեմ պատասխանում։ Ձեր խորհրդին հետեւելով՝ այլեւս չեմ անդրադառնալու։