«Էրկեն կիշեր»՝ հազար տարի ձգվող երկար գիշեր

«Էրկեն կիշեր»՝ հազար տարի ձգվող երկար գիշեր

Պաշտոնական պրեմիերայից առաջ՝ երեկ, Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որը ստեղծվել է 3 տարվա ընթացքում: Բաղդասարյանը, ով նաեւ ֆիլմի սցենարի հեղինակն է, ֆիլմում ներկայացնում է իրարից տարբեր երեք պատմություն, որոնք բոլորը տեղի են ունենում ճանապարհին՝ շարժման մեջ, բայց տարբեր ժամանակաշրջաններում՝ իրարից բաժանված հազար մղոններով։ 

Բոլոր այդ պատմությունների միջով կարմիր թելի պես անցնում է գնդաձեւ քարի եւ գայլի պատկերը։ Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից, ապա անցնելով 1915-ի հայկական կոտորածների սարսափների միջով՝ հասնում է մինչեւ մեր օրերը: Ֆիլմի առաջին մասի հերոսները մեր օրերում ապրող ամուսիններ են, որոնք իրար հետ կապված են նախեւառաջ պարտականության բեռով։ Կնոջը մարմնավորում է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ամուսնուն՝ Բաբկեն Չոբանյանը։   

Ֆիլմի 2-րդ մասի պատմության հիմքում Դ. Դեմիրճյանի  «Ավելորդը» պատմվածքն է. թուրքական զորքերն արդեն մոտ են քաղաքին, եւ մեծահարուստ առեւտրական Հաջի աղայի ընտանիքը մյուս հայերի հետ միասին լքում է այն՝ տանը թողնելով նրա հիվանդ քրոջը՝ Սրբուկին, ում համար տեղ չի գտնվում ֆուրգոնում։ Զղջումը Հաջի աղայի մոտ վրա է հասնում ճանապարհի կեսին, ով մեղքի ծանր բեռի տակ՝ իր մահն է փնտրում։ «Ինձ համար, օրինակ, Հաջի աղայի դեպքում անընդունելի էր նյութականի վերածել ավարտը, ինքը պետք է խղճից մեռներ, ու իրան պետք է չսպանեին, որովհետեւ դիակի վրա չեն կրակում»,- ասում է Բաղդասարյանն ու նշում, որ պատմվածքը փոփոխության են ենթարկել, բայց ավելորդի գաղափարը պահպանել են։     

Ֆիլմի վերջին մասում գործողությունները ծավալվում են Գրիգոր Նարեկացու մահվան օրը՝ 1003թ․: Գյուղացի Օսեփն իր հիվանդ միակ որդուն գիշերով, գայլերով լի անտառի միջով տանում է մի ճգնավորի մոտ, որպեսզի վերջինս իր աղոթքներով փրկի որդուն: Նա վտանգներով լի ճամփա է ընկնում եւ հայտնվում է բարդ ընտրության առաջ, երբ գայլերը շրջափակում են նրա սայլը։ 
Էդգար Բաղդասարյանն անկեղծանում է՝ մեծ ցանկություն ունի Նարեկացու մասին ֆիլմ նկարելու, եւ սա յուրօրինակ նախափորձ էր՝ միաժամանակ հասկանալու համար նաեւ, թե ինչ եւ ինչպես կարող ենք ստանալ․ «Երբ մտա Մատենադարան, հարցրեցի՝ ո՞նց են խոսել այդ ժամանակ, ի՞նչ են կերել, ի՞նչ են հագել։ Իմ վրա ծիծաղեցին, ասեցին՝ ոչ մի ինֆորմացիա չկա»։ Բայցեւայնպես, շուրջ յոթ ամիս Մատենադարանի ավագ գիտաշխատող լեզվաբանի կողմից աշխատանքներ են տարվել՝ վերաստեղծելու այն լեզուն, որով խոսում էին Գրիգոր Նարեկացու ապրած ժամանակաշրջանում: Ֆիլմի վերնագիրը՝ «Էրկեն կիշեր», հենց Վանի բարբառով է եւ նշանակում է երկար գիշեր, որը ֆիլմում ձգվում է հազար տարի։  

Սկզբում ֆիլմի համար քննարկվել է «Ճանապարհ» վերնագիրը․ ռեժիսորն ասում է՝ սա «rood movie» է, բոլոր գործողությունները ճանապարհին են կատարվում, որոնցից ամենատխուրն իր համար առաջին պատմությունն է։ «Ավելորդը» նովելի սցենարի համահեղինակ Քնարիկ Միրզոյանն էլ իր մեկնաբանությունն ունի ֆիլմաշարի 3 մասերի վերաբերյալ․ «Ճանապարհի առաջին հատվածում հոգեբանական պատժի հետ գործ ունենք, 2-րդ պատմության դեպքում հերոսը չկարողացավ ներել իրեն եւ պատժվեց։ Իսկ 3-րդ պատմությունը դա փրկության ճանապարհն էր, այսինքն՝ ճանապարհը բաժանվեց 3 մասի, որի վերջում դուրս եկավ փրկության գաղափարը»։  
Ֆիլմի բեմադրող օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, բեմադրող նկարիչները՝ Սեդրակ Վելիկոդնին, Տիգրան Առաքելյանը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Գրիգորյանը, Լուիզա Ներսիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Նարինե Գրիգորյանը, Մարիա Սեյրանյանը, Մինաս Ասրյանը, Վաչե Երիցյանը։ 

Ֆիլմը հաջողված է ոչ միայն իր դերասանական, նկարչական, օպերատորական, ռեժիսորական աշխատանքով, այլ նաեւ իր տեմպոռիթմին համապատասխան երաժշտությամբ, որն ամբողջ ընթացքում լարված է պահում էկրանի առաջ։ Կոմպոզիտորը 22-ամյա Անդրանիկ Բերբերյանն է, ով այդ ժամանակ ծառայում էր բանակում, եւ ռեժիսորը մի քանի անգամ այցելել է նրան բանակ։ Կոմպոզիտորն ասում է՝ երկար քննարկումներ են ունեցել եւ վերջում ստացել են այն, ինչ կուզեին․ «Պետք չէ խոսել երաժշտությամբ դերասանի փոխարեն, մենք դա ենք փորձել գտնել, որն է այդ նոտաների փունջը, որ տրամադրություն կապահովի»։ 

Էդգար Բաղդասարյանը հրաժարվում է ասել, թե ինչքան է կազմել ֆիլմի բյուջեն, պարզ է միայն, որ շատ սիմվոլիկ գումար, դա էլ մաս-մաս է տրվել՝ 3 տարվա ընթացքում։ Ամեն տարում նկարել են ֆիլմաշարից մեկ նովել։ «3 նախարար է փոխվել այս ֆիլմի ընթացքում, բայց ավելի լավ է չխոսեմ սրա մասին»,- նկատեց ռեժիսորն ու հավելեց, որ չի ուզում նաեւ ֆիլմում առկա սիմվոլիկայի մասին խոսել, որովհետեւ ֆիլմը պետք է հարցեր բարձրաձայնի եւ փորձի դրանց պատասխանել․ «Քարն արդեն ջարդված է, ու նոր գնում ենք դեպի խորքը։ Մենք Նարեկացու հետ կապված ֆենոմենալ մի ակունք ունենք, եւ կարծում եմ՝ լույսն այդտեղ պետք է բացվի, որովհետեւ գիշերն այդտեղ է վերջանում»։