Երջանկության հայկական բանաձևը

Երջանկության հայկական բանաձևը

Հայաստանի նախընտրական կյանքը մտնում է երջանկության փուլ: Քաղաքականության մեջ երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ ընտրողների մեծ մասի համար միանգամայն անկարեւոր է դառնում, թե ո՞վ-ովքե՞ր (թեկնածուներ) կամ ի՞նչ-ինչե՞ր (կուսակցություններ, ցուցակներ, տեղեկատվական թերթիկներ) կընտրվեն: Այդ ընթացքում միջին վիճակագրական ընտրողի՝ թերահավատության եւ կասկածի վերջին անհանգստացնող բջիջները մահանում են՝ նրան հեզասահ տեղափոխվելով ընտրանքի եւ երկընտրանքի բացակայության հովվերգական եզերք:

Ընդհանուր հոգեբանության մեջ սա կոչվում է «պաշտպանական ռեակցիա», երբ արտաքին եւ ներքին տագնապներն անձի մոտ ձեւավորում են իրականությունը չնկատելու, չտեսնելու, այն արտամղելու հոգեբանական վարք: Թեպետ հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը հազիվ թե կարողանար վերլուծեր հայ ընտրողների եւ ՀՀ ԱԺ ներկա թեկնածուների եւ կուսակցությունների բազմահազարանոց բանակի  հոգեբանական վարքը, որը ձեւավորվում է մի կողմից՝ քաղաքական կոմֆորմիզմով, մյուս կողմից՝ քաղաքական բացասմամբ եւ ռեգրեսիայով: Ֆրոյդի հոգեվերլուծական տաղանդը կմարեր հայ ընտրողների եւ թեկնածուների եզրահանգումներից: 

Երեւանյան մի թաղամասում, 4-5 հոգով սրընթաց քարոզարշավ անող «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներից մեկը փորձում էր համոզել բնակիչներին. «Ընտրե՛ք «Սասնա Ծռերին»՝ որպես Հայաստանի եւ ձեր ապագայի»: Կանգառում կանգնած միջին տարիքի անծանոթ կինը բարձրաձայն արձագանքեց. «Դո՞ւք եք, հա՞, մեր ապագան»: Հետո շրջվեց իմ կողմը եւ «տեղեկացրեց»՝ «Բուկլետ տվեցին՝ չվերցրեցի: Ինչի՞ վերցնեի, իրենց չեմ ընտրելու»: «Կարող էիք վերցնել, բայց չընտրել»,- ի պատասխան մեղմորեն ժպտալով՝ նկատեցի: «Ինչո՞ւ վերցնեմ»,- կինը շփոթվեց, բայց արագ իրեն վերագտավ. «Սրանք Նիկոլի կոշիկի փոշին չարժեն»: 

Նույն պահին Նիկոլի կոշիկները տրորում էին Հայաստանի քարուքանդ քաղաքական ասֆալտը. «Էս ովքե՞ր են սրանք. ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ մուսկուլիստ: Բոլորիդ կպառկացնենք ասֆալտին, եւ տարիներով վեր չեք կենա: Գող կլինի, ավտարիտետ կլինի, վեշներդ հավաքեք, չթպրտաք»: Նիկոլի նախընտրական սպառնալիքներից մրրկափոշի էր բարձրանում: 
Թեպետ մրրկափոշին չէր պատճառը, որ Հայաստանի քաղաքների եւ գյուղերի փողոցներում Հանրապետականի ստվերն անգամ չէր երեւում: Միշտ անկաշառ Ահարոն Ադիբեկյանը շպրտում է ՀՀԿ թեկնածուներին փողոցում տեսնել ցանկացողների  երեսին. «Հանրապետականը փողոցային չէ, որ փողոց դուրս գա»: ՀՀԿ-ական վերնախավն այնքան է շրջել թանկարժեք բարձր մեքենաներով, որ մոռացել է քայլելը: Ինչո՞ւ քայլի, եթե ամենուր հանդիպելու է մտահոգ դեմքերի: Մտահոգ՝ քաղաքական դաշտում ՀՀԿ-ի ներկայության փաստից: 

Հանրապետական կուսակցություն՝ երեկ՝ սպիտակ, այսօր՝ սեւ:
Մինչդեռ Նիկոլը եւ ՔՊ-ն քայլում են: Մեկ օրում՝ 37 կմ: Ահա այսպես Հայաստանի կառավարող կուսակցությունը միմյանց ետեւից նվաճում է քաղաքական օլիմպոսի բարձունքները: Քայլում էին երեկ, քայլում են այսօր, կքայլեն վաղը: Արդարացված է՝ մարդիկ, պաշտոնյաները պետք է զբաղվեն նրանով, ինչն ամենալավն են կարողանում անել: Նրանց քայլերից մաշվում են ոչ միայն իրենց կոշիկները, այլեւ Հայաստանի պետականությունը: 

«Իմ քայլը» դաշինք՝ «սեր եւ համերաշխություն»: «Իմ քայլը»՝ կարճ եւ դիպուկ: 
«Իմ քայլը» անվանումը չես շփոթի, օրինակ, ծանրահունչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Մի քանի շաբաթ առաջ ԲՀԿ առաջնորդը շեյխեր էր հրավիրել Հայաստան, իսկ այսօր՝ «լորդեր եւ լորդուհիներ»: Հարվարդը դեռ ավարտել չհասցրած ԲՀԿ առաջնորդն ի լուր ՀՀ ընտրողների հայտարարեց. «Լորդեր եւ լորդուհիներ են եկել եւ ուզում են ներդրում անել, իհարկե, պրն Ծառուկյանի հետ միասին», «նրանց հետ է նաեւ լորդը, որը եղել է Մարգարետ Թեչի օրոք նախարար, հիմա էլ աշխատում է Լոնդոնի պես երկրում»: Այսպես պարզ եւ մատչելի, ընկերական եւ ընտանեկան: Մեր Թեթչերը, մեր Թեչը: Ահա նրանք, ում անհամբեր սպասում էր հայ ընտրողը, մառախլապատ Ալբիոնից Հայաստան ժամանած անգլիացիներին: Մուհամեդը չգնաց սարի մոտ, սարը եկավ Մուհամեդի մոտ. Հայաստանը չգնաց Եվրոպա, Եվրոպան եկավ Հայաստան: Բրիտանական նավերն էլ բարձրացան հայկական լեռներ: Կորչի Բրեքզիթը: Մանավանդ որ,

«Սասնա Ծռերը» «Արմէքզիթ» է պահանջում: 

«Բարգավաճ Հայաստան»՝ կոմպլեմենտար այլընտրանք:
«Սասնա Ծռեր» կուսակցության ընտրացուցակի 2-րդ համարը՝ մինչեւ վերջերս անհայտ ֆիդայի Ստեփան Գրիգորյանը, Սեւանում, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության բազմաչարչար խնդրին, հայտարարեց. «Մենք ունենք ապացույցներ, որ Ռուսաստանը հաշվի է առնում «Սասնա Ծռերի» գոյության փաստը։ Էդ ինչի՞ դեկտեմբերի 6-ը Պուտինն ասեց՝ եկեք տեղափոխենք, քանի որ ՀԱՊԿ նիստում պետք է մերժեին Հայաստանի ուզածը, էդ մեծ գաղտնիք չէ։ Պուտինը մտածեց՝ եթե մերժեմ, Նիկոլ Փաշինյանի դիրքերը կվատանան, բայց Նիկոլ Փաշինյանը մեզ համար ավելի լավն է, քան «Սասնա Ծռերը», իրենց դիրքորոշումն ավելի կոշտ է։ Տեսա՞ք՝ ոնց աշխատեց մեր քաղաքականությունը, չհասցրինք ԱԺ-ում ընտրվել, արդեն աշխատեց»,- հաղորդում է news.am-ը։

Սեւանից Երեւան դեռ չհասած՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գուժեց. «Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց: Օրերս նա հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն առաջարկել է իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը: Սակայն արդեն այսօր Վլ. Պուտինի օգնական Յուրի Ուշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները»,- Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը փոխանցեց «Հրապարակը»: 
Կրեմլում խառնակ ժամանակներ են, քանի որ ՀՀ ԱԺ տանող ամեն սալաքարի վրա գրված է՝

««Սասնա Ծռերի» քաղաքականություն»:  

Թող քա՛ր նետի այն հայ քաղաքական գործիչը, ով միայն մեկ կուսակցության է անդամակցել: «Սասնա Ծռերը» Ստեփան Գրիգորյանի փոխած ընդամենը չորրորդ կուսակցությունն է՝ ՀՀՇ-ՀՅԴ-ԺՀ-ից հետո: Կուսակցական բավիղներում մարտնչած, եվրոպական խաղաղասեր դոնորներից սնված գործիչը հայաստանցի ընտրողներին վստահեցրեց. «Եթե պետք լինի, տղերքը նորից զենք կվերցնեն»: Անքննելի են քաղաքականության գործերը, եւ պարզ չէ, թե նորահայտ ծռերական Ստ. Գրիգորյանն այդ ընթացքում զինապահե՞ստն է հսկելու, թե՞ փակվելու է այնտեղ: 

«Սասնա Ծռեր»՝ Կրեմլի հարաճուն սարսափ:

Հայկական ընտրարշավում անկեղծությունը թափվում է, ինչպես առատության եղջյուրից: Դեկտեմբերի 2-ին 1in.am-ի տված հարցազրույցում ՔՊ-ի վարկանիշային թեկնածու, հայտնի ազգանունը կրող Սիփան Փաշինյանը, անդրադառնալով ընտրարշավում քաղաքացիական հասարակության ներգրավվածության եւ նախկին իշխանությունների՝ քաղհասարակության ակտիվը համալրելու խնդրին, նկատեց. «Հույս ունեմ, որ նախկին իշխանավորներից քաղաքացիական ակտիվիստներ չեն դառնա: Կենդանիներին պետք է հարգել, ամեն դեպքում»: Լրագրողի պարզաբանող հարցը՝ «Ո՞ւմ նկատի ունեք», մնաց անպատասխան: Նիկոլի եղբորորդին, անշուշտ, նկատի չուներ Մենուայի գլխիկոր ձիուն: 

Մի քանի օր առաջ ընտրությունները լուսաբանող գործընկերներիցս մեկը բողոքեց. ընտրարշավը տաղտկալի է, միօրինակ, կատակներ, հումոր չկան: Չկա նախկին էնտուզիազմը: Լրագրողները հավերժ դժգոհ մարդիկ են: Նրանք գիտակցաբար չեն գնահատում այս ընտրարշավի ողջ հմայքը: Օրինակ, «Քաղաքացու իրավունք» նորահայտ կուսակցության ամենակարեւոր քաղաքական հայտարարությունը: Այն է՝ ընտրական բուկլետների հետ ՔՈ-ն բաժանել է 1.5 տոննա մանդարին: Մանդարինները, ըստ «Առավոտի», գնել են «Մալաթիայի շուկայից եւ Սաքոյի մոտից», ծախսել են 300 հազ. դրամ, եթե պետք լինի՝ էլի կծախսեն: Մանդարի՞ն ես ուզում, բուկլետ վերցրու: Եվ հակառակը՝ բուկլե՞տ ես ուզում՝ մանդարին վերցրու: Ավարտվող սեւ-սպիտակ ընտրապայքարում նոր գույն ավելացավ՝ նարնջագույնը: 

«Քաղաքացու ընտրութուն» կուսակցություն՝ «Մանդարինի ժամանակն է»:

Ամերիկահայ բարեկամուհիս հեռախոսով ինձ բողոքեց. «Է՞, Հայաստան «Նարինջ» կուսակցությո՞ւն է ստեղծվել: Ինչո՞ւ խաղող չեն դրել»: Եվ որովհետեւ չհասկացա, կատակո՞ւմ էր, թե՞ ոչ, շտապեցի հանգստացնել, թե հայկական միրգ-կուսակցություն էլ կա. «Երկիր Ծիրանին», որի ղեկավարը՝ Զարուհի Փոստանջյանը, ՔՊ-ի եւ գործարար Սամվել Ալեքսանյանի գլխին կոտրեց «Վարչապետ» հուզիչ պիտակով, Նիկոլի սրբապատկերով եւ ՀՀ պետական զինանշանով օղու շիշը: 
Քաղաքական ընտրապայքարը Հայաստանում այսպես մոտենում է վերջնագծին՝ հաստատելով, որ երջանկության հայկական բանաձեւի մեջ հեղափոխություն չի եղել: Երջանկության հայկական բանաձեւի սահմանումը մնում է նույնը՝ ընտրություններ առանց ընտրության եւ քաղաքականության: