Չտար Փաշինյանը Պուտինի անունը, դատարկ տեղից այս հակամարտությունը չէր ծագի

Չտար Փաշինյանը Պուտինի անունը, դատարկ տեղից այս հակամարտությունը չէր ծագի

«Ռեգնում» գործակալության ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ բավականաչափ բարդ է հասկանալ՝ ռուսակա՞ն, թե՞ հայկական կողմն է ստում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի տեղափոխման առաջարկի հետ կապված, բայց կարծում է, որ, այնուամենայնիվ, հայկական կողմին էր ձեռնտու դեկտեմբերի 6-ին չանցկացնել գագաթնաժողովը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի թեկնածուն չէր նշանակվելու։ «Լավագույն դեպքում կմնար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սեմերիկովը, ով գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է ռուսական կողմից։ Եվ այս իմաստով հայկական կողմի բաց թողնված սխալների պատճառով (Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում՝ նախքան նրա հետկանչը), իրոք, ընտրություններից 3 օր առաջ ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացումը կարող էր վատ անդրադառնալ Փաշինյանի վարկանիշի վրա»,- ասում է ռուսաստանցի փորձագետը։ Հիշեցնենք, որ օրերս վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, թե ՌԴ նախագահի առաջարկով դեկտեմբերի 6-ին նշանակված ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղափոխվել է, քանի որ նույն Աստանայի վիճակն է, չկա կոնսենսուս, ու ինքն էլ համաձայնել է, եւ, ահա, ռուսական կողմը ՌԴ նախագահի օգնական Ուշակովի մակարդակով ասում է, թե առաջարկը եղել է Հայաստանից։ Հայ-ռուսական «պինգպոնգային» հայտարարություններից երրորդը կրկին Հայաստանից էր՝ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանի բերանով, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

ՀԱՊԿ գագաթնաժողովի տեղափոխման հարցի կապակցությամբ այս օրերին հայկական մամուլին բազմաթիվ հարցազրույցներ է տվել նաեւ ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը․ հիշեցնենք, մոտ 15 օր առաջ նա «Հրապարակ»-ին հայտնել էր, որ ՌԴ նախագահը հանդես կգա դեկտեմբերի 6-ին նշանակված ՀԱՊԿ գագաթնաժողովը դեկտեմբերի 18-19 տեղափոխելու առաջարկով, որպեսզի վարչապետ Փաշինյանը քվեարկությունից 3 օր առաջ վատ վիճակում չհայտնվի։ Ազգությամբ հայ, բայց ռուսաստանցի փորձագետը հավելեց, որ այս թեմայով արդեն իսկ հայկական սոցցանցերում անեկդոտներ են պտտվում այն մասին, թե ով է ուզում, ով՝ չի կարող։ 
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի հայտարարություններն իշխանական ստերից են, եւ որ օգոստոսից Հայաստանի իշխանություններին հայտնի է, որ Հայաստանը չի շարունակելու պաշտոնավարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա հավելեց, որ սխալ էր ՌԴ նախագահի օգնական Ուշակովին վարչապետի մամուլի խոսնակի մակարդակով հակադարձելը, ինչպես մեծ սխալ էր ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանն ԱԳ նախարարի նախկին խոսնակ Տիգրան Բալայանի մակարդակով պատասխանելը։ 

Լեոնիդ Ներսիսյանը համամիտ է, եթե, իհարկե, գագաթնաժողովը հետաձգելու առաջարկը եղել է հայկական կողմից։ «Այստեղ ոչ թե չպետք է պատասխան տրվեր, այստեղ ուղղակի անթույլատրելի էր ՀԱՊԿ գագաթնաժողովի տեղափոխման մասին խոսելիս հղում անելը Վլադիմիր Պուտինին։ Սա որեւէ դիվանագիտական, առհասարակ՝ որեւէ էթիկական նորմում չի տեղավորվում, բայց միգուցե ամեն ինչ ավելի անորոշ է եղել։ Բայց նորից եմ ասում՝ այս պատմությունն անձնականացնել պետք չէր որեւէ պարագայում։ Նույն Փաշինյանն ուղղակի կարող էր այդ հանրահավաքի ժամանակ ասել, որ ուղղակի եղել է զրույց, եւ կայացվել է որոշում՝ տեղափոխել ՀԱՊԿ գագաթնաժողովը, այդ դեպքում որեւէ արձագանք չէր լինի, եւ ամեն ինչ նորմալ կլիներ։ Բայց, ցավոք, ընտրեց ոչ ճիշտ ճանապարհ, որից դժվար է դուրս գալ եթե ոչ հաղթանակով, ապա գոնե քիչ թե շատ արժանապատիվ»,- կարծում է Լեոնիդ Ներսիսյանը։

Նա հույս ունի, որ Ուշակովի հետ կապված այս պատմությունը վատ դեր չի ունենա հետագա բանակցություններում։ Առանց այն էլ, ասաց՝ չհիշատակվեր Պուտինը, դատարկ տեղից հայ-ռուսական նման հակամարտություն չէր ծագի։ Միեւնույն ժամանակ, Լեոնիդ Ներսիսյանն առաջարկում է վերապահումով մոտենալ Շահնազարյանի հայտարարություններին՝ նկատելով, որ նա, մեղմ ասած, թեկնածու է, ով հանկարծ հայտնվել է ՀՀԿ նախընտրական ցուցակում։