Ուրիշների մոտ կինարմատ չի ճարվում, ՀՀԿ-ում էլ՝ տղամարդ

Ուրիշների մոտ կինարմատ չի ճարվում, ՀՀԿ-ում էլ՝ տղամարդ

Տավուշի մարզն ընդգրկող 13-րդ ընտրատարածքն «էլիտարներից» է, այստեղ է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը։ 27-ամյա Սիփանը 2008 թվականից ակտիվ մասնակցել է քաղաքական եւ քաղաքացիական ակցիաներին։ Անցած տարի «Ելք» դաշինքով նույնպես պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Փաշինյանների ծննդավայր Տավուշի մարզից։ Ապրիլյան իշխանափոխությունից հետո վարչապետի եղբորորդին նշանակվեց տարածքային կառավարման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության հարցերի վարչության խորհրդական: Այս փաստը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում՝ որպես «ծանոթ-բարեկամ» սկզբունքի դրսեւորում նոր կառավարությունում:

Սա էր թերեւս պատճառը, որ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում Փաշինյանին հատկացրին նախավերջին համարը։ Տեղեկություններ կան, սակայն, որ մարզում եւ, առհասարակ, հորեղբոր հանգամանքով պայմանավորված՝ Փաշինյանին բոլորն են լավ աչքով նայում՝ տպագրական ծառայություններն անվճար ընտրական պաստառներ, բուկլետներ են տպում, մարզի ազդեցիկներն էլ՝ նրա համար աշխատում։ Իշխող ուժի ցուցակում է նաեւ անկուսակցական գործարար Հայկ Չոբանյանը, ով արեւային էներգիայի պանելների արտադրությամբ զբաղված ընկերության սեփականատեր է։ Պատգամավորության թեկնածու է նաեւ մարզպետի ԺՊ Վահե Ղալումյանը։ ՀՀԿ-ն կարեկցանքի արժանի ռեյտինգային ցուցակով է մասնակցում՝ վեց թեկնածու, չորսը՝ կին։ «Ուրիշների մոտ կինարմատ չի ճարվում, ՀՀԿ-ում  էլ՝ տղամարդ»,- կատակում են մարզի ՀՀԿ-ի մրցակիցները։ Կանանցից մեկն էլ դերասանուհի Անահիտ Մութաֆյանն է՝ Վահան Բաբայանի Ռեֆորմիստների կուսակցությունից։

Արմատներով գյումրեցի Լեւոն Մութաֆյանի դուստրը թե ինչպես է հասել Տավուշ, մեզ ասացին, որ «մարդաքանակ» են ապահովել։ Նախկին իշխանության ցուցակի միակ հայտնի անունը նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն է, որը ժամանակին իր կառուցած եկեղեցու սրբապատկերներից մեկի վրա սրբերից մեկի փոխարեն իր դիմանկարն էր նկարել տվել։ Չնայած տեղեկություններ ունեինք, որ նա հայրենի Կողբ գյուղում ձախողված հանդիպումից հետո ընդհատակ է անցել եւ գաղտնի քարոզչությամբ է զբաղված, սակայն Աբովյանը երեկ մերժեց մեր զրույցը՝ ասելով, որ ընտրողների հետ հանդիպման է։ Իսկ Անահիտ Ղազարյանի մասին ասում են՝ գործարար Հակոբ Հակոբյանի «Կիլիկիա» գործարանի աշխատողն է․ գործարարն այս անգամ չի մասնակցում ընտրություններին։ Ի դեպ, վերջին ընտրություններին ՀՀԿ-ի օգտին այս մարզում «տոկոս էին խփում» Վարդանյանները՝ «Գրանդ քենդի»-ի սեփականատերերը։ Ապրիլյան հեղափոխությանը նրանք առաջինը միացան եւ Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակվեցին որպես «ազգային բրենդ», ապա հայտարարեցին, որ հեռանում են քաղաքականությունից։ Տեղեկություններ կան, որ նրանք մինչ այս պահը բավականին պասիվ են։ «Թե վերջին օրերին կուղղորդեն իրենց աշխատողներին, թե ոչ, չենք կարող ասել»,- ասաց մեր աղբյուրը։

ԲՀԿ-ից առաջադրվել է «Փաստ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանը, սակայն Գագիկ Ծառուկյանի շոգեքարշը Տավուշում կուսակցության Իջեւանի տարածքի պատասխանատու, «Քարի լճի» սեփականատեր Ժիրայր Մելիքսեթյանն է։ ՀՅԴ-ն էլ ներկայացուցչական կազմ ունի՝ պատգամավոր Սուրեն Մանուկյան, Բերդի տարածաշրջանի կադաստրի պետը, Կողբի ավագանու անդամ Կարո Ղուլիջանյան, անհատ ձեռներեց Գառնիկ Դանիելյան, որը սրճարան, գազալցակայաններ ունի։

Դաշնակցությունն իր ընտրողին սե՞ւ, թե՞ սպիտակ է ներկայանում․ մեր հարցին Սուրեն Մանուկյանը պատասխանեց կարճ-կոնկրետ․ «Որպես դաշնակցական է ներկայանում»։ Տարիներ շարունակ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ նկատմա՞մբ էլ կա նույն հակակրանքը․ մեր հարցին պատգամավորը պատասխանեց այսպես․ «Նախ՝ վերջին տասը տարվա մեջ ՀՅԴ-ն երկու տարի է ընդամենը եղել կոալիցիայի մեջ։ Մարդիկ քիչ են տեղեկացված Դաշնակցության գործունեությունից։ Երբ բացատրում ես, որ մեր ՀՅԴ-ական ընկերները դրսում ավելի հզոր են, քան մեր դեսպանները, մարդիկ հասկանում են դա, երբ ասում ես, որ մեր ընկերները սրտացավ են եւ նույնիսկ իրենց գրպաններից են գումար հատկացնում, որ երկիրը զարգանա, հասկանում են, որ ՀՅԴ-ն ունի Հայ դատի հանձնախումբ, ՀՕՄ, որ Ղարաբաղի պատերազմի ժամանակ մեր բազմաթիվ ընկերները ճակատում զոհվեցին եւ այլն»։ Առաջարկեցինք վերադառնալ մեր օրեր։

«Այո, գուցե սխալներ ենք թույլ տվել, բայց չկա մարդ, որ գործ անի ու սխալներ թույլ չտա, իսկ եթե շատ ես աշխատանք կատարում, շատ ես սխալվում։ 128 տարեկան մարդը սխալ չի՞ ունենա»․ պատգամավորի հարցին ի պատասխան հարցրինք՝ իսկ 128 տարեկան կուսակցությանը թոշակի չե՞ն ուղարկի… «Դաշնակցությունը ոչ մի անգամ թոշակի չի գնա, որովհետեւ մեր ներուժն այնքան մեծ է, որ անկախ նրանից՝ խորհրդարան կանցնի, թե ոչ (թեպետ ես համոզված եմ, որ կլինի), սակայն ՀՅԴ-ի գործունեությունը խորհրդարանով պայմանավորված չէ»։ Ի դեպ, Մանուկյանը վստահեցրեց, որ մարզում վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր չկան, նա չի էլ լսել այդ մասին։ «Մենք» դաշինքի ֆավորիտ թեկնածուն այս մարզում Վաչիկ Քոքոբելյանն է՝ Խաչիկ Քոքոբելյանի եղբայրը, որը նախորդ ընտրություններին նույնպես առաջադրվել էր։