Նույն հաջողությամբ ես կարող եմ պատասխանատվության կանչել վիրավորանքի համար

 Նույն հաջողությամբ ես կարող եմ պատասխանատվության կանչել վիրավորանքի համար

Մայիսի 3-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել» հոդվածը վիրավորել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի» տնօրեն Շմավոն Գրիգորյանին, իսկ ավելի կոնկրետ՝ հոդվածում տեղ գտած՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի տեսակետներն են վիրավորել նրան։ Այն աստիճան, որ հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանի փաստաբան Վահե Մնացականյանից հերքման տեքստ ստացանք, որտեղ հոդվածից դուրս են բերված այն հատվածները, որոնք արատավորել են Շ․ Գրիգորյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը։ Նույն տեքստն ուղարկվել է նաեւ դիրիժոր Հարություն Արզումանյանին՝ պահանջով․ «ներողություն խնդրել իր կողմից թույլ տրված զրպարտող եւ վիրավորական հայտարարությունների համար», իսկ լրատվամիջոցին՝ հրապարակել հերքման տեքստը։  

Ահա տեքստից մի հատված․ «Որպես դիրիժոր ներկայացող անձը «Օպերայի աջակցման հիմնադրամի անհայտ մի ծրագիր» է անվանում տարիներ շարունակ պրոֆեսիոնալիզմով կազմակերպվող եւ արդեն իսկ միջազգային երաժշտարվեստում մեծ ճանաչում ունեցող համաշխարհային մակարդակի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի Հայաստան են հրավիրվել միջազգային մեծ հեղինակություն վայելող փողային երաժիշտներ՝ հայ երաժիշտների հետ վարպետության դասընթացներ անցկացնելու եւ համատեղ համերգներով ելույթներ ունենալու համար, ինչպես նաեւ փառատոնի շրջանակներում տեղի են ունենում բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնք մեծապես նպաստում են Հայաստանում փողային գործիքների զարգացմանը եւ տարածմանը։ ․․․Ավելին՝ լրատվամիջոցի զրուցակից դիրիժորն արդեն իսկ իր տարիների գործունեության ընթացքում մեծ աշխատանք կատարած Հիմնադրամին եւ վերջինիս տնօրենին ուղղակիորեն մեղադրում է հանցագործության կատարման մեջ՝ չունենալով որեւէ փաստ: Սա՝ այն դեպքում, որ Հիմնադրամը տարիների անբասիր աշխատանքն ապացուցել է իր գործունեության թափանցիկությամբ, ինչի անհերքելի հաստատումն է միջազգային հեղինակավոր աուդիտորական ընկերության՝ KPMG-ի (Քեյ Փի Էմ Ջի) կողմից տրված ֆինանսական ծախսերի գերազանց գնահատականը»:

Դիրիժոր Հարություն Արզումանյանը նկատում է, որ պատասխան տեքստում տեղ գտած որոշ ձեւակերպումներ վիրավորում են իր անձն ու արժանապատվությունը, եւ նույն հաջողությամբ կարող է ինքը պատասխանատվության կանչել հակառակ կողմին։ «Ի՞նչ է նշանակում՝ «որպես դիրիժոր ներկայացող անձը», սա արդեն վիրավորանք է։ Ես դիրիժոր եմ, եւ բոլորն ինձ ճանաչում են որպես դիրիժոր»,- ասում է Արզումանյանը, ով 2000-ից աշխատում է օպերային թատրոնում։  
«Իրենց հիմնադրամը կոչվում է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ», բայց Օպերային ոչ մի բանով չեն աջակցում, դրա ի՞նչն է զրպարտություն, ե՞րբ են վերջին անգամ աջակցել, կա՞ փաստաթուղթ։ Դա Օպերայի համար իրոք անհայտ ծրագիր է եւ Օպերայի հետ ոչ մի կապ չունի։ Իրենք վերցրել են Հայաստանի ամենամեծ ՊՈԱԿ-ի անունը եւ օգտագործել, բայց դա կարող էր կոչվել, օրինակ՝ Ալեքսանդր Հարությունյան հիմնադրամ, եւ ոչ ոք չէր ասի «անհայտ ծրագիր»։ Այո, դա Օպերայի համար անհայտ ծրագիր է եւ Օպերայի հետ ոչ մի կապ չունի, ու միայն հիմա պարզաբանում են, որ դա Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոն է, իսկ դա ի՞նչ կապ ունի Օպերայի հետ»։  

Արզումանյանն ընդգծում է՝ ինքը նախեւառաջ անդրադարձել էր նախարարության ֆինանսավորման փաստին, գործելակերպին՝ նշելով, որ «Օպերայի երիտասարդական ծրագիրը, որտեղ մեծամասնությունը նախագահի մրցանակին արժանացած, հաղթող երգիչներ են, նախարարությունը դրանց մերժել է եւ ֆինանսական աջակցություն է տվել Օպերայի աջակցման հիմնադրամի անհայտ մի ծրագրի, որոնք վաղուց Օպերային ոչ մի բանով չեն աջակցում...»․ «Հիմա ինքը խառնվել է «անհայտ ծրագիր» մտքի՞ց․․․ իմ ամբողջ միտքն Օպերայի դեմ նախարարության նպատակային գործելաոճի մասին էր, իսկ մնացած կետերի մասով ես իմ կարծիքն եմ ասել, որտեղ ոչ մի զրպարտանք չկա։ Այդ հիմնադրամը ստեղծվել է Օպերային աջակցելու կոնկրետ նպատակով, հիմա եթե ուզում են Օպերայի հետ ոչ մի կապ չունենան եւ այլ գործունեություն ծավալեն, ուրեմն չպետք է կոչվեն «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամ»։ Օգտագործում են մեր անունը՝ այլ գործունեություն ծավալելու համար։ Հետո՝ ո՞վ ասաց, որ ես իրավունք չունեմ իմ կարծիքը հայտնելու»։ 

Ինչ վերաբերում է հիմնադրամի գործունեության թափանցիկությանը եւ KPMG աուդիտորական ընկերության կողմից տրված ֆինանսական ծախսերի գերազանց գնահատականին, ապա․ «Ինքը KPMG-ի կողմից անցել է ստուգում միայն մի տարի, մնացած տարիներն անցել է ստուգում մի այլ կազմակերպության կողմից, որի լիզենցիան հետագայում կասեցվել է։  Շատ անգամ են ռեմոնտի թուղթ ներկայացրել, բայց ռեմոնտ չեն արել, մի թղթում գրված է՝ 10 մլն են ծախսել, բայց տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը պատասխանել էր, որ ռեմոնտ չի արվել, իրենք էլ պատասխանել են, որ ռեմոնտ չենք արել, բայց շինանյութ են տվել, բայց դրա փաստաթուղթն էլ չկա։ Իմ այս ասածից ի՞նչն է զրպարտություն։ Ո՞նց կարող է Օպերայում արվի 10 մլն-ի ռեմոնտ՝ առանց ձեւակերպման։ Ես չեմ ասում՝ այդ մարդիկ մեղավոր են կամ պետք է դատվեն, ես ասում եմ, որ ում հարցնում ես, այդ թվում՝ տնօրենին, ասում են՝ նման ռեմոնտ տեղի չի ունեցել։ Կամ՝ իմ ասածի մեջ ի՞նչն է սուտ, երբ ասել եմ, որ Կարեն Դուրգարյանն իր ընկերն է եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը»։  

Հարություն Արզումանյանը պնդում է՝ իր դիտարկումների մեջ ոչ մի վիրավորական բան չկա, եւ չի պատրաստվում ներողություն խնդրել, որովհետեւ ոչ մի սուտ ինֆորմացիա չի հրապարակել, այլ իր կարծիքն է հայտնել։ Մեր կողմից հավելենք, որ թե՛ վերը նշված հոդվածում եւ թե՛ այս հոդվածում ներկայացրել ենք նաեւ Շմավոն Գրիգորյանի խոսքն ու փաստարկները։ Այս անգամ Շ․ Գրիգորյանը կարճ գտնվեց՝ նշելով, որ ոչ մի փաստաթուղթ չի բացակայել իրենց հիմնարկից, իսկ մնացածը շարադրել են իրենց տեքստում։