Կոչ եմ անում իրավապահ մարմիններին գրառումս ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին գրառումս  ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուշադրություն

Ուրեմն նայում եմ Վարչապետի վերջին ուղիղ եթերը և տեսնում եմ այս մեկնաբանությունը (նկարը կցվում է ստորև): Դրան ուշադրություն չէի դարձնի, եթե վերջին շրջանում նկատած չլինեի նույն անձի և մի քանի այլ օգտատերերի (հիմնականում կեղծ) կողմից այս սուտ տեղեկատվության տարածումը տարատեսակ գրառումների և մեկնաբանությունների տեսքով:

Քանի որ իմ գործելաոճում կարևորում եմ թափանցիկությունը և ազնվությունը համայնքիս բնակիչների հետ, ձեզ եմ ներկայացնում մի շարք ուշագրավ հանգամանքներ:

Այս մարդու հետ ծանոթացել եմ ամռանը, երբ վերջինս եկել էր ինձ մոտ՝ հավանաբար ինչ-ինչ արտոնութուններ կամ աշխատանք ստանալու ակնկալիքով: Այն բանից հետո, երբ նրա սպասելիքները չարդարացան, վերջինս լծվեց ամեն գնով ինձ վատաբանելու, իմ մասին վիրավորական և զրպարտող տեղեկություններ տարածելու «սուրբ գործին»:

Նույն իրավիճակն առկա է ոմն Կարինե Մարտիրոսյանի մոտ: Այս կինը քաղաքացիների ընդունելության օրը դիմել է ինձ, ներկայացել է որպես բարեգործությամբ զբաղվող ստուդիա (մարդկությանն անհայտ իրավաբանական անձի տեսակ) և խնդրել իրեն տարածք տրամադրել: Հարկ եմ համարում նշել, որ չեմ մերժել նրա խնդրանքը, պարզապես խնդրել եմ ներկայացնել իր կարգավիճակի և գործունեության վերաբերյալ փաստաթղթեր՝ տարածքի տրամադրման հարցը քննարկելու համար: Հավանաբար դժգոհ մնալով իմ պատասխանից՝ այս կինը ևս ջանք ու եռանդ չի խնայում բոլոր հնարավոր էջերով ինձ վատաբանող և զրպարտող գրառումներ տարածելու համար:

Այսպես, եթե իմ էջի հետևորդների թվում կան մարդիկ, ովքեր ճանաչում են Անուշավան Ալեքսանյանին և Կարինե Մարտիրոսյանին, խնդրում եմ նրանց փոխանցել, որ փաստերի առկայության դեպքում կարող են դիմել իրավապահ մարմիններին: 

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ինտերնետային տիրույթում իրականացվող մոնիթորիգի շրջանակներում իմ այս գրառումը կարող է հայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, կոչ եմ անում վերջիններիս այն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնամուխ լինել հնչած մեղադրանքի հիմնավորվածությանը ստուգմանը: 

Քանի որ մեղադրանքը ոչ այլ ինչ է, քան լկտի սուտ, այն հնչեցնողներին և տարածողներին զգուշացնում եմ պատրաստ լինել դատարանում զրպարտության համար պատասխան տալուն:

Ինչպես ասում են՝ անխնա տարածել»։