Ո՛չ Սասուն եմ տեսել Օմարում, ո՛չ Դավիթ․ Օմարի լեռնանցքը գրաված հրամանատար 

Ո՛չ Սասուն եմ տեսել Օմարում, ո՛չ Դավիթ․ Օմարի լեռնանցքը գրաված հրամանատար 

Արցախյան ազատամարտի ժամանակ Շուշիի ազատագրման օպերացիայի շտաբի պետ, նաև Օմարի լեռնանցքի գրավման 4 ուղղությունների հրամանատարներից գեներալ -մայոր Ֆելիքս Գզողյանը հարցին, թե ո՞վ է ճիշտ՝ Սասուն Միքայելյա՞նը, թե Դավիթ Շահնազարյանը Օմարի լեռնանցքի մասին հայտարարություններում, լակոնիկ, բայց բազմանշանակ ասաց․ «Ես Օմարում ոչ Սասուն եմ տեսել, ոչ Դավիթ»։

Նա անասելի բարկացած է լեռնանցքի գրավման-ժամանակավոր հանձնման մասին նախընտրական քարոզչության շրջանի բացահայտումներից էլ, լրագրողներից էլ, որ, գեներալի խոսքով՝ ամեն ասված հիմարության մասին գրում են։ Ֆելիքս Գզողյանը Օմարի լեռնանցքը գրաված հրամանատարներից է,մյուս ուղղություններով եղել են՝ Յուրի Խաչատուրովը, Վալերի Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ պատգամավորության թեկնածու, 94-ին ԱԱԾ պետ Դավիթ Շահնազարյանը մամուլի ասուլիսին լրագրողներին խորհուրդ տվեց Սասուն Միքայելյանից հարցնել, թե 94-ի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը եւ ում էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել ու ովքե՞ր նրան համոզեցին, որ դա չանի: Սասուն Միքայելյանն էլ, ի պատասխան, խոստացել էր, որ Դավիթ Շահնազարյանը պատասխան կտա իր անհիմն հայտարարությունների համար։ Հիշեցնենք, որ, հակառակորդը 1993 թ. վերջին օրերին մարտական գործողություններ էր սկսել Օմարի լեռնանցքին տիրելու համար, իսկ այնուհետեւ, զարգացնելով հաջողությունը, սկսել էր առաջանալ Քելբաջարի շրջանի խորքեր, սակայն ԼՂ ՊԲ հրամանատարությունը, կարճ ժամկետում կարողացավ վերախմբավորել ուժերը եւ հակառակորդին կանգնեցնել Չապլի-Կամըշլը-Բաղըրլը լեռ-Յանշաղ բնագծում: Ֆելիքս Գզողյանն հիշեց, որ լեռնանցքի գագաթին բարձրաձայն արտաբերել է՝ թող ադրբեջանցիները մեզ չջղայնացնեն, թե չէ Կիրովաբադն էլ կգրավենք, Բաքուն էլ՝ հետը։