Լը Կլեզիո. Աֆրիկացին

Լը Կլեզիո. Աֆրիկացին

Նյու Օռլեանում գիշերային զբոսանքների ժամանակ, ջազ-ակումբներից, պարի ու ուտեստների տաք մշուշով տրոփող գիշերային պանդոկների անփեղկ պատուհաններից փողոցները հեղեղող ռիթմերի տակ էլ ընթերցեցի ֆրանսիացի արձակագիր, սակայն հավատամքով եւ ի խորոց սրտի մավրիկոսապատկան Ժ. Մ. Գ. Լը Կլեզիոյի կոշտ կազմով փոքրիկ գիրքը` մեղմախոս «Աֆրիկացին», որը հանգիստ տեղավորվում էր բաճկոնիս անգամ ամենաանհարմար գրպանում:

Զարմանալիորեն, համանվագ էր գրքի անվրդով մեղմախոսությունն այս հանուր թնդյունների, աղերսալի ու կրակե շեփորականչերի, նյուօռլեանյան «hot jazz»-ի շոգեհարված հնչյունների ներքո: Եվ մանավանդ՝ երբ շնչադադարներին մի որեւէ պանդոկի կամ վառվռուն գույներով մարգարտահատիկ-վզնոցներ վաճառող կրպակներից մեկի խորքում էի հայտնվում, ուր ջազն ավելի շատ իր բույրով էր ներկա․ ահա քեզ ընթերցելու հրաշալի րոպեներ: 

«Ես մի կյանքի պատմություն երեւակայեցի: Անցյալին դիմում էի լոկ իրականությունից մենանալու համար»:

 «Աֆրիկացին» հուշիկ է պատմողի հոր մասին: Բրիտանահպատակ ռազմական բժիշկ հայրը երկար տարիներ է, ինչ տեղափոխվել է Արեւմտյան Աֆրիկա, որտեղ դաշտային հոսպիտալներում, աղքատիկ հիվանդանոցներում բուժում է տեղաբնակներին: Հոր հետ տղան առաջին անգամ հանդիպում է Նիգերիայում, երբ նրանց ընտանիքը վերջապես միավորվում է: Օգոժայում նրանք միակ եվրոպացիներն են, մինչդեռ տղայի աչքին, նրա խոհերում հայրը նույնիսկ եվրոպացի չէ. այդպիսի եվրոպացու տղան դեռ չի հանդիպել: Հայրն ուրիշ է՝ այլաշխարհական է, ավելի շատ աֆրիկացի է, հեռավոր, տարօրինակ ու անմերձենալի: Նրան հատուկ չեն Աֆրիկայում հայտնվելու եվրոպացիների առավել տարածված հիմնական նպատակադրությունները, այստեղ նա հիվանդություններ է ախտորոշում, դեղորայք է հայթայթում, նշանակումներ է անում, դարմանում է, փարատում:

Հայրը մենակ մարդ է: Հայրն օտար մարդ է: 

Աֆրիկացին» գրքում պատմողը մի քանի անգամ հիշողության շեղությունից եւ դրանից ծնվող հորինումից է խոսում, սակայն՝ անթախիծ, պարզապես արձանագրելով եւ վերստին հիշեցնելով, որ ճշգրիտ հիշել թերեւս կարելի չէ, քանի դեռ մարդն օժտված է երեւակայելու, հիշողությունները երեւակայաբար ի մի հավաքելու հատկությամբ:

Վերհիշելով Լը Կլեզիոյի նոբելյան բանախոսությունից այս տողը․ «Ինչպե՞ս կարող է գրողը գործել, եթե նրա միակ զենքը հիշողությունն է»: Լը Կլեզիոն խնդրականացնում է հիշողությունը, որպեսզի այն կիրարկվի, ապա հիշողությունն անում է իր գործը՝ ուժատությունից ու անզենությունից․ «Զորացրվելուց հետո հայրս վերադարձավ Ֆրանսիա: Նա աֆրիկացի էր: Հեշտ չէր ընդունել այդ: Ես զգացի, որ պետք է վերադառնամ ու փորձեմ հասկանալ: Այս գրքույկը ստեղծեցի որպես հուշանվեր»: