Հակահայրենասեր քարոզիչը

Հակահայրենասեր քարոզիչը

 Կարծում եմ, որ ՔՊԿ-ում պետք է անպայման քննարկվի կուսակցական Արսեն Թորոսյանի վարքը: Վերջինս պետք է կուսակցական պատասխանատվության ենթարկվի ՔՊԿ համահիմնադիր Փաշինյան Նիկոլի տեսակետները վերանայելու փորձի կապակցությամբ: Դա անհրաժեշտ է քպկականների միասնական և կուռ շարքերն այսուհետ ևս անսասան պահելու նպատակով: Այլապես, եթե ամեն քպկական որոշի ռեվիզիայի ենթարկել (վերանայել) առաջնորդի կարծիքը, իշխող կուսակցության փոխարեն հասարակությունը կունենա անոռուգլուխ (ներողություն ոչ այնքան քաղկոռեկտ բառի համար) կառույց: Իսկ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կլիներ երկրի վիճակը, եթե ասվածը իրականություն դառնար: Ուրեմն, Արսեն Թորոսյանին կուսակցական պատասխանատվության ենթարկելու կողմ պետք է լինի ոչ միայն ՔՊԿ-ն, այլև ողջ հասարակությունը: Մոտենանք խնդրի բովանդակությանը: Փաշինյան Նիկոլի հերթական դատողություններից մեկն այսպիսի ձևակերպում ուներ. «Խաղաղությունն ունի իր գինը, և դա խաղաղությունն է»: Ձևական տրամաբանության տեսակետից այս դատողությունն անիմաստ է, քանի որ փորձ է կատարվում որպես ինչ-որ երևույթի արժեք ներկայացնել հենց նույն երևույթը: Բայց դա նշանակություն չունի, քանի որ Փաշինյան Նիկոլի դատողությունները քննարկման ենթակա չեն՝ դրանց ընդամենը թույլատրվում է հավատալ: Այդպիսի է մերօրյա «ժողովրդի փրկչի» հետ «առերեսվելու» կանոնը: Սակայն ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իրեն իրավունք է վերապահել վերանայելու «խաղաղության գնի» նիկոլական սահմանումը՝ այն բնորոշելով այսպես՝ «Խաղաղությունն անգին է»: Իսկ այժմ խոսենք ըստ էության: Մարդկային հասարակությունում խաղաղությունն, առաջին հայացքից, անգին է: Բայց... Քանի որ եթե հանուն խաղաղություն մարդկային որևէ հանրություն պատրաստ է հրաժարվել արժանապատվությունից, ապա նա ստանում է ստորացում և պատերազմ: Դա նկատել է անգլիացի պետական գործիչ Ուիլյամ Չերչիլը շուրջ 100 տարի առաջ: Ի դեպ, ասված խոսքից ընդամենը մեկ տարի անց կյանքը վկայեց դրա ճշմարտացիությունը: Խաղաղության փոխարեն անգլիացիները ստացան ստորացում և պատերազմ: Իսկապես, եթե հանուն խաղաղության թեկուզ առանձին անհատ պատրաստ լինի անմռունչ կրելու անընդհատ իր գլխին թափվող ստորացումները, ապա մի ոչ գեղեցիկ օր ինքը վերջ կտա իր կյանքին՝ զզվելով այդպիսի խաղաղ կյանքից: Փաստորեն, մոտեցանք նաև թորոսյանական «կյանքն անգին է» սահմանմանը: Որից, ի դեպ, եզրակացվել է խաղաղությանն անգին լինելու գաղափարը: Ստացվեց հակառակ հերթականություն, բայց ենթադրում եմ, որ դա մեզ կներվի: Իհարկե, կյանքն անգին է, բայց ոչ միայն ինքն իրենով, այլև որպես Աստծո պարգև: Աթեիստ Թորոսյանը դա կարող է չընդունել, սակայն դրանից իրերի դրությունը չի փոխվում: Եվ, ըստ քրիստոնեական աշխարհընկալման, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել իր կյանքի վրա (բացառիկ դեպքերը չենք քննարկում): Սակայն ճիշտ այնպես, ինչպես խաղաղությունը, կյանքը ևս կարող է ստորադասվել մեկ այլ երևույթի: Ասենք, ազատությանը: Եթե դա այդպես չլիներ, ապա աշխարհն այօր կլիներ ոչ թե բազմաթիվ և բազմազան պետությունների ամբողջություն, այլ երկու-երեք պետությունների՝ անընդհատ միմյանց դեմ պատերազմի թատերաբեմ: Ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է անգլիացի վիպասան Ջորջ Օրուելի՝ «1984» անվանումը կրող հակաուտոպիայում: Իսկ մարդկության պատմությունն էլ հարստացած չէր լինի այնպիսի պատմական իրադարձությամբ, ինչպիսի Հին Հունաստանում Լեոնիդաս թագավորի գլխավորությամբ 300 սպարտացիների հերոսական մարտն էր ընդդեմ պարսիկների կամ դրանից 4 դար անց Սպարտակի գլխավորությամբ ստրուկների ապստամբությունը Հռոմի դեմ: Վերջինիս թեմաներով էլ հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հանրահայտ բալետը: Այնպես որ, պետք է դրվի ոչ թե կյանքի և խաղաղության «հակառակի» հարցը, այլ դրանց գնի հարցը: Այսինքն, ի՞նչ գնով պետք է ձեռք բերվի խաղաղությունը և ի՞նչ գնով պետք է ապրվի կյանքը: Եվ բացարձակ կեղծ է այն թեզը, թե ոմանք «մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը, ... քարոզել են՝ մեզ զոհվելու և ոչ թե՝ ապրելու»: Եթե մասնագիտությամբ Արսենը սույն վերամբարձ գրառումը կատարելուց առաջ համացանցում որոնում տար «մահ կամ ազատություն» (կամ հակառակ հերթականությամբ) դարձվածքը, ապա կտեսներ, որ այն շրջանառվել է դեռևս միջնադարյան Եվրոպայում: Դա եղել է Ֆրանսիական հեղափոխության կարգախոսը, բուլղարացիների ազգային-ազատագրական պայքարի կոչը, ռուսական սոցիալական պայքարի նշանաբանը և այլն: Մարդիկ երգ են գրել այդ թեմայով, ֆիլմ նկարահանել... Փաստորեն, ըստ Թորոսյանի, բոլորը եղել են «մոլորված մարգինալներ ու ռոմանտիկներ, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը»: Եվ որպես սեփական դատողությունների ապոթեոզ՝ 30 տարի առաջվա մեր հաղթանակը ներկայացվում է որպես սխալ, որից պետք է ձերբազատվել թշնամուն մեր հայրենիքի մի մասը, իսկ այնուհետև մնացած մասն էլ հանձնելու գնով: Այսպես կարող է գրել մարդ, ով չունի հայրենիքի զգացողություն, ում թվում է, թե սխալը հանուն հայերնիքի պատերազմելն էր ու հաղթանակելը: Իսկ ճիշտը, բնականաբար, թուրքի ողորմածությանը հանձնվելն էր: Ում կարծիքով Շուշիի «դժգույն և դժբախտ» լինելու այլընտրանքը քաղաքը թուրքին հանձնելն էր: Եվ եթե բժիշկը գոնե փոքր-ինչ ծանոթ լիներ 100 տարի առաջվա սպանդի իրադարձություններին, ապա կիմանար, որ երբ հայկական մի գյուղ սրի էր քաշվում կամ տարվում անապատ, մեկ այլ գյուղ մտածում էր, որ եթե ինքը ձայն-ծպտուն չհանի, ապա կխուսափի նման ճակատագրից: Այնինչ, հաջորդ գյուղն էլ էր արժանանանում նույն ճակատագրին, քանի որ թուրքը սեփական հայրենիքն էր ստեղծում այլոց հաշվին: Ու դա շարունակվում է նաև այսօր: Եվ ճիշտը ոչ թե իբրև թե ապրելու քարոզ կարդալն է, այլ սեփական հայրենիքում (իսկ Արցախը հայրենիք է՝ ճիշտ այնպես, ինչպես Սյունիքը կամ Շիրակը) արժանապատիվ ապրելու կամք դրսևորելն է: Եվ այն էլ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ:

Հ.Գ. Թորոսյան Արսենի կեղծ փիլիսոփայական ոճի այս հակահայրենասիրական քարոզը արդեն երկրորդն է, որին ստիպված եմ անդրադառնալ: Կարելի է մտածել, որ պետք է բանի տեղ չդնել, սակայն կան բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց գրագետ են համարում և ոգևորվում են նման կեղծ դրույթներից: Իսկ եթե մենք չենք ցանկանում վերանալ որպես պետություն, ստիպված ենք հենց Նիկոլի վարչապետության պայմաններում զբաղվել գոնե իրենց գրագետ համարողների վերադաստիարակությամբ: