Ո՞վ է կալանավորված Վիկտոր Մարտիրոսյանը

Ո՞վ է կալանավորված Վիկտոր Մարտիրոսյանը

Բնապահպանության եւ քաղաքաշինության նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին (մականունը՝ Բուլկի) մի քանի օր առաջ առանձնապես խոշոր չափերի կաշառ ստանալու մեղադրանք առաջադրվեց՝ գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հիման վրա։

Հիշեցնենք, որ այս գործը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել էր վերջին 30 տարվա ամենախոշոր կոռուպցիոն սկանդալը։ Նրան մեղադրում են 14 միլիոն դոլար կաշառք ստանալու համար։ Սակայն վերջինիս երկու օր է փորձում են զրկել անձեռնմխելիությունից՝ դա կարող է անել միայն խորհրդարանը, իր որոշմամբ, սակայն քվորումի բացակայության պատճառով դա չի հաջողվում անել։ 2 օր է ԱԺ-ն չի կարողանում նիստ անել, քանի որ պատգամավորները չեն ներկայանում նիստին։ Ի դեպ, այս բացակայությունները համարվում են հարգելի, քանի որ օրեր առաջ պատգամավորները դիմել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ խնդրելով այս փուլի բացակայությունները համարել հարգելի, քանի որ արտահերթ ընտրությունների քարոզարշավ է ընթանում եւ այն շատ կարճ է՝ ընդամենը 11 օր։ 

Սակայն եթե Բուլկի Արամին չեն ձերբակալել, նրա հետ այս գործով անցնող երկու անձ ձերբակալված է՝ Հարությունյանի մերձավորներ Արմեն Խաչատրյանը եւ Վիկտոր Մարտիրոսյանը, ում անունները Սիլվա Համբարձումյանը տվել՝ ասելով, որ «Կաշառքը տվել եմ 2008թ.-ին, իսկ 2009թ.-ից իմ հանքերը սկսեցին զրկել լիցենզիայից։ Դա փոխանցվեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, որը Սուրիկ Խաչատրյանի մտերիմ ընկերն էր, եւ սկսեցին զրկել։ 8 մլն դոլարը ես փոխանցել եմ Դուբայ իրեն տված հաշվեհամարին՝ Արաքս Դիլանյանի հաշվին։ Արաքս Դիլանյանը հենց նույն օրն արդեն իր հաշվից փոխանցել է Արամ Հարությունյանի 3 հայտնի գործընկերներին՝ Վիկտոր Մարտիրոսյան, Արմեն Խաչատրյան, Գագիկ Կարապետյան։ Իսկ 6 մլն-ը տվել եմ կանխիկ՝ Սուրեն Ավագյանի միջոցով»։ 

Մենք տեղեկացանք, որ Սուրեն Ավագյանը, Արամ Հարությունյանին պատկանող Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենքի կառավարիչն է, նա տեւական ժամանակ է Հայաստանում չէ՝ փախել է, նրան փնտրում են։ 

Վիկտոր Մարտիրոսյանը, ում մեկ շաբաթ առաջ կալանավորել են, Արամ Հարությունյանի սանիկն է, եւ նրա հետ է աշխատում արդեն երկար տարիներ։ Նա ժամանակին Կրթության ազգային ինստիտուտի տնօրենն էր, ապա Քաղաքաշինության, հետո Բնապահպանության նախարարությունների ԾԻԳ-ի տնօրենը, ՕԵԿ անդամ էր եւ մի փուլում աշխատել է Եւրոպական համալսարանի ռեկտոր, ավելի ուշ Ջրային կոմիտեում Արամ Հարությունյանի խորհրդականն էր։ Այսինքն, անհայտ, անկենսագրություն մեկը չէ եւ միայն այն հիմքով, որ նրա հաշվի համարին գումար է փոխանցվել, կալանք կիրառելն առնվազն տարօրինակ է։