Նախընտրական տրյուկներ

Նախընտրական տրյուկներ

Մանր-մունր նախընտրական հնարքներ կան, որոնք թեեւ օրենքի խախտում, կարելի է ասել, չեն պարունակում, բայց ընտրողին մոլորեցնելու համար են արվում։ Եւ քաղաքականությունից, ընտրական նրբություններից ոչ այնքան գլուխ հանող մարդիկ այդ խայծը կարող են ուտել։
Նման հնարքների թվին է պատկանում Հանրապետականի ռեյտինգային թեկնածուների պաստառների վրա ՀՀԿ-ն չնշելու հանգամանքը։ Ասենք, Արման Սահակյանի քարոզչական պաստառի վրա գրված է՝ «Եթե մտահոգ ես ազգային արժեքների այլասերմամբ, ընտրիր Արման Սահակյանին», Վիգեն Սարգսյանի պաստառի վրա գրված է․ «Եթե մտահոգ ես Հայաստանի անվտանգությամբ, ընտրիր Վիգեն Սարգսյանին», «Եթե մտահոգ ես Արցախի անվտանգությամբ, ընտրիր Գագիկ Մինասյանին» եւ այլն։ Այս բոլոր պաստառների վրա չկա մատնանշված ՀՀԿ բառը, չնայած թիվ 1-ի մատնանշումը խոսում է այն մասին, որ սա Հանրապետականի թեկնածուն է, սակայն պաստառի վրա խուսափել են գրելուց։ 

Կամ՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանի համար քարոզչություն անող խումբը Կենտրոնի բնակիչներին՝ «Գլենդել Հիլզ» թաղամասում, ասել էր՝ «որ թերթիկի վրա կտեսնեք Մանե Թանդիլյանի անունը, դեմը պծիչկա դրեք», երբ բնակիչները հարցրել էին, թե որ թիմից է Մանեն, ասել էին՝ չեք հիշո՞ւմ՝ Նիկոլը նախարար էր նշանակել, Նիկոլի թիմից է։ 
Մեզ պատմեցին նաեւ Հանրապետական թեկնածուներից մեկի քարոզարշավի մասին՝ նա այցելում է հարեւաններին, ասում է, որ թեկնածու է, բայց շրջանցում է Հանրապետական կուսակցություն բառը, ասելով՝ ինչ կարեւո՞ր է որ ցանկում եմ, ուզում եք, չէ՞ ձեր հարեւանը դառնա պատգամավոր, մի բանով ձեզ օգտակար լինի, ընտրեք ինձ։

Դժվար է ասել, թե այս նախընտրական տրյուկներն ինչ ազդեցություն են ունենալու։ Շատ հնարավոր է, որ ամենաանգրագետ հայ մարդն էլ կհասկանա, որ ընտրելով կոնկրետ թեկնածուի, ինքը ձայն է տալիս տվյալ կուսակցությանը։ Թեեւ 2017-ի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մեզանում ընտրությունը քաղաքական չափանիշներով չի իրականացվում, այլ բացարձակապես այլ՝ փողի, խնդրանքի, մեկին լավություն անելու, մյուսին պատժելու, երրորդի հանդեպ չարդարացված հույսեր տածելու, չորրորդին մերժելու սկզբունքից ելնելով։