Ի՞նչ է մոռացել նշել Դատախազությունը Ամասիայի ջրանցքի մասին

Ի՞նչ է մոռացել նշել Դատախազությունը Ամասիայի ջրանցքի մասին

Դատախազությունը, երեկ տարածելով ՀԷԿ շահագործող «Անի» ընկերությանը ցածր գնով Ամասիայի ջրանցքի օտարման ու այդ գործարքի շրջանակներում Պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանի ձերբակալման մասին տեղեկատվությունը, մոռացել է ներկայացնել էական տվյալներ, որոնցից պարզ կդառնար, որ ջրանցքի օտարումը առաջին հերթին ձեռնտու է եղել պետությանը և ոչ ընկերությանը։ Որ իրականում, ընկերության վրա ջրանցքը արժեցել է ոչ թե 30 միլիոն․ այլ 570 մլն․ դրամ՝ ներդրումների ու վերանորոգման աշխատանքների տեսքով։

Մի բան, որ կա 2017-ին թվականին կառավարություն- «Անի» ԲԲՀ պայմանագրում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Անի » ընկերության տնօրեն Գևորգ Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը՝ ասելով․ «Դատախազությունը տեղեկատվություն է տարածել առ այն, որ պետական սեփականություն հանդիսացող ջրանցքը վաճառվել է ընդամենը 30 մլն․ դրամ գումարով, մինչդեռ, դրա գինը 244 միլիոն դրամ է։ Ուստի, առնվազն 10 անգամ պակաս գնով է վաճառվել և այստեղ կեղծիքներ ու չարաշահումներ կան։ Ու վերջ։ Շոշափվել է «Անի» ԲԲԸ-ի անունը, շոշափվել է Աշոտ Մարկոսյանի անունը, և հասարակությանը ինֆորմացիա է տրամադրված, որը չի համապատասխանում իրականությանը, և որ ամենակարևորն է՝ ամբողջական չէ » ,-ասաց փաստաբանը։

Նշված 570 միլիոն դրամից 540-ը ջրանցքի վերանորոգման աշխատանքներն են և ևս 30 միլիոն՝ ներդրումներ՝ ջրի կորուստները վերացնելու համար․ պետությունը այդ ծախսերն, ըստ բանախոսների չէր կարող անել։ Ընկերության տնօրենը՝ Գևորգ Մանուկյանը, նշեց, որ ներդրումների ժամանակացույցը հաստատված է 15 տարվա համար։ Մոտ 80 միլիոնի ծախս, ըստ Մանուկյանի, արդեն արվել է։ Տնօրենն ասում է, որ թեև այդ գործարքի անունը օտարում է, բայց ինքը դասական իմաստով սեփականատեր չէ, չեն կարող ջրանցքը ո՛չ օտարել, ո՛չ գրավադրել, և եթե հանկարծ ընկերությունն ինչ-ինչ պատճառներով հրաժարվի ջրանցքից, պետք է կատարված ներդրումներով հանդերձ հետ վերադարձնեն այն պետությանը։

Նույնը՝ եթե մի օր կառավարությունը որոշի, որ ջրանցքն այլևս չի շահագործվելու։ Դարձյալ կատարած ներդրումներով հանդերձ ջրանցքը պետք է հետ վերադարձվի պետությանը։ «Այն պահը, թե ջրանցքն, իբր մեր կողմից օգտագործվել է շուկայական գնից տասնապատիկ անգամ ցածր, անհասկանալի է մեր և ցանկացած գիտակից մարդու համար։ Այն դեպքում, երբ այդ ջրանցքի համար պետք է կատարվի 540 միլիոն ներդրում և ցանկացած պահի կարող է վերադարձվել պետությանը » ,- ասաց Գևորգ Մանուկյանը։

Փաստաբանն էլ նկատեց, թե հայտնի ճշմարտություն է՝ ինչ պայմաններով օտարվում է գույքը, այնպես էլ ձևավորվում է գործարքի արժեքը։ Ի դեպ, ընկերությունը այդ ջրանցքի ջրի սպառող չէ, այն օգտագործում է․բ այց ինչ քանակի ջուր, որ ՀԷԿ-ը բաց է թողնում, նույն քանակի ջուր էլ բաց է թողնում և այդ ջուրը գնում է, լցվում գետը։

Գևորգ Մանուկյանը անդրադարձավ նաև գործարքի կնքման նախապատմությանն ու պայմաններին, որով օտարվել է ջրանցքը։ Մասնավորապես, թե ինչու են որոշել ջրանցքի օտարման համար դիմել կառավարություն։ ՋՕ-ի հետ մշտապես ունեցել են տարաձայնություններ սպասարկման հետ կապված և խնդիր է ծագել, որ հավանաբար ճիշտ կլինի ջրանցքի այդ հատվածը վերցվի ընկերության տրամադրության տակ՝ սպասարկումը նորմալ իրականացնելու ու ջրանցքի անխափան աշխատանքն իրականացնելու համար՝ հրաժարվելով ջրանցքի սպասարկման համար պետության կողմից նախկինում տրված դոտացիաներից։