Բանավեճը՝ որպես լակմուսի թուղթ

Բանավեճը՝ որպես լակմուսի թուղթ

Յուրաքանչյուր ընտրություն Հայաստանում ինչ որ բնորոշ առանձնահատկություն է ունեցել։ Այս ընտրությունների տարբերությունը մյուս ընտրություններից, թերեւս, բանավեճերի առատությունն է։ Չնայած 2003 թվականի մարտի 5-ին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլից 2 օր առաջ կայացել է բանավեճ Ստեփան Դեմիրճյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, սակայն դա եզակի դեպք է եղել։ Այս ընտրությունների նախօրեին, կարելի է ասել, որ ընտրական նոր քաղաքական մշակույթ մտավ մեր կյանք՝ պատգամավորության թեկնածուները տարբեր հեռուստատալիքներում եւ կայքերում բանավեճերի են մասնակցում։ Եւ այդ առումով, պետք է արձանագրենք նաեւ, որ հեռուստալսարան ունեցող լրատվամիջոցները գերազանցեցին տպագիր մամուլին եւ գրավեցին լսարանին։ 

Քաղաքական բանավեճն ամենաբարդ փորձություններից է քաղաքական գործիչների համար։ Բանավեճում հաղթելու համար պետք է գիտելիքների մեծ պաշար, հռետորական մեծ ձիրք եւ արագ կողմնորոշվելու հատկություն ունենան մասնակիցները։ Դրանցից յուրաքանչյուրի բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ, որ տվյալ քաղաքական գործիչը պարտություն կրի եւ անգամ հեռանա քաղաքական ասպարեզից, քանզի էլ ինչ քաղաքական գործիչ եթե իր մտքերը սահուն ձեւակերպել չի կարողանում, քաղաքական գիտելիքների պաշար չունի, փաստարկներ՝ հօգուտ իր գաղափարների եւ կուսակցության ծրագրի, չունի։

Քաղաքական բանավեճն իրականում լակմուսի թուղթ է, որը ոչ միայն մասնակիցների գիտելիքներն ու գրագիտություն է բացահայտում, այլեւ կուլտուրան, դաստիարակությունը, առհասարակ՝ կրթվածությունը։ Երբ պետական այրը, քաղաքական գործիչը բանավեճի ժամանակ ոչ թե փաստարկներ է բերում, այլ հայտարարում է, որ դիմացինի ներկայացրած քաղաքական ուժը «հանցագործների բանդա է», դա ոչ թե նրա «դուխի» մասին է խոսում, այլ իրավական ցածր մակարդակի (իրավական երկրում մարդուն, մարդկանց խմբին հանցագործ կարելի է անվանել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո, թեեւ բարեկիրթ մարդիկ նաեւ դատական սխալի հավանականությունն են հաշվի առնում եւ մարդու երեսին նման հայտարարություն չեն անում): Խոսում է նաեւ մարդու բարեկրթության եւ դաստիարակության մասին։ Չէ որ բարեկիրթ մարդիկ բանավեճի ժամանակ այնպիսի պնդումներ են անում, որոնց հնարավոր է հակադրվել, պատասխանել։ Իսկ հայհոյանքին ու վիրավորանքին կարելի է պատասխանել միայն հայհոյանքով եւ վիրավորանքով։ Ամբարտավանությանն ու մեծամտությանը պատասխանելն էլ է բարդ։ Առավել բարդ է հոգեկան հավասարակշռությունդ պահպանել՝ երբ դիմացինդ անդաստիարակ է ու մեծ ու փոքր չի ճանաչում։

Այս առումով բանավեճերը չնայած նոր իշխանությունների մտահղացումն էին, բայց, պարզվեց, այդքան էլ չէին բխում գործող իշխանությունների շահերից, քանի որ նրանց ներկայացուցիչները, որպես կանոն, պարտություն են կրում բանավեճերի ժամանակ։ Եթե անգամ ոմանց դուր է գալիս «շշպռոցին», որին ականատես եղանք «Ազատության» եթերում եւ ոմանք համարում են, որ «հանցագործ Հանրապետականներին» ներկայացնող Դավիթ Շահնազարյանի հետ միայն նման լեքսիկոնով կարելի է խոսել եւ «ապրի Արարատ Միրզոյանը», դա մտավորական, խելացի մարդկանց չի կարող դուր գալ։ Այդ անփաստարակ, հայհոյախառն բանավեճը միայն տհաճություն կարող է առաջացնել ունկընդրի մոտ եւ հիասթափեցնել իշխանությունից եւ նրա ներկայացուցիչներից։

Հիասթափեցնող է նաեւ այն անտեղյակությունը, որին ականատես եղանք Կառավարության աշխատակազմի ղեկավարի բարձր պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Աղաջանյանի մասնակցությամբ բանավեճի ժամանակ՝ երբ կառավարության ներկայացուցիչը, որը ներկայացել է կոռուպցիայի թեմայով բանավեճին, տեղյակ չէ կոռուպցիայի դեմ պայքարի մարտավարության այբուբենից, չգիտի, որ անցումային արդարադատությունը չի փոխարինելու դատական համակարգին եւ այլն, եւ այլն։ Նման գիտելիքներով ինչպես է այս երիտասարդը նման պատասխանատու պաշտոն զբաղեցնում, այն էլ արդեն մոտ 7 ամիս։ Դա նշանակում է, որ չգիտեն եւ չեն էլ սովորում, կամ՝ հարկ չեն համարում սովորել, որովհետեւ մեծամիտ են եւ իրենց թվում է, թե ամեն ինչ գիտեն։ 
Նույնը կարելի է ասել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի մասին, ում «բախտ էր վիճակվել» բանավիճել Արփինե Հովհաննիսյանի հետ։ Եւ հարցը ոչ միայն գիտելիքների ու տեղեկատվության բացն է, այլ այն, որ այս մարդիկ իրենց մտքերը գրագետ ձեւակերպելու խնդիր ունեն։ Մեկ տարուց ավելի խորհրդարանում աշխատած պատգամավորն անգամ վարժ խոսելու, արագ մտածելու եւ մտքերը հասկանալի շարադրելու խնդիր ունի, ինչը թվում է այս ընթացքում պետք է յուրացրած լիներ։ 

Եւ ունկընդիրը՝ էյֆորիայից չմթագնած ուղեղ ունեցող, միայն մի բան է մտածում, լսելով այս բանավեճերը, նման պատրաստվածությամբ ու գիտելիքների այսքան սուղ պաշարով մարդիկ ինչպե՞ս են մեր երկիրը կառավարելու, ինչպե՞ս են երկիր ներկայացնելու դրսում, ինչպե՞ս են օրենքներ ընդունելու, որոշումներ կայացնելու, այն էլ երկրի համար կենսական որոշումներ։ Կարելի՞ է արդյոք այս մարդկանց երկիր վստահել։