Արդար չէ, բարոյական չէ
Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը Սիվիլնեթին հարցազրույցում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի իշխանությունը որակել է բռնապետական, տիրող մթնոլորտը՝ համատարած վախի, երբ այլակարծության ցանկացած դրսեւորում ենթարկվում է հետապնդման: Արցախում, ինչ խոսք, իրավիճակը երբեք իդեալական չի եղել եւ այդպիսին չէ նաեւ այսօր: Բայց արդար եւ բարոյական չէ խոսել բռնապետության մասին: Բակո Սահակյանը նախագահ է ընտրվել 2007 թվականին՝ հիմնական մրցակից ունենալով փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին, որը ներկայումս գլխավորում է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը: Երկրորդ անգամ Բակո Սահակյանի մրցակիցը Վիտալի Բալասանյանն էր:
Նա ստացավ ընտրողների քվեների ավելի քան մեկ երրորդը եւ կարճ ժամանակ անց նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար: Իր մրցակիցների քաղաքական փորձը փողոցում չթողնելու, նրանց համագործակցության ձեռք պարզելու եւ պատասխանատու պաշտոններում նշանակելու՝ նախագահ Սահակյանի կայացրած որոշումը վկայում է, որ նա չափազանց հեռու է բռնապետական հակումներից, հիշաչար չէ եւ պետական շահը վեր է դասում անձնական համակրություններից կամ հակակրություններից: Տարածաշրջանում չկա նախադեպ, երբ ընտրություններում հաղթած նախագահը մրցակիցներին ներգրավում է պետական կառավարման համակարգում՝ նրանց վստահելով այնպիսի պատասխանատու ոլլորտ, որպիսին արտաքին քաղաքականությունն է կամ ազգային անվտանգությունը:
Որ Արցախում բռնապետություն չէ, վկայում է նաեւ հենց իր՝ Հայկ Խանումյանի օրինակը: Քաղաքական ասպարեզ մտնելով տառացիորեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նրա գլխավորած ուժը 2015 թվականին անցկացրեց ազատ ընտրարշավ եւ կարողացավ հաղթահարել անցումային շեմը: Եթե իշխանությունները, ինչպես Խանումյանն է ասում, տոտալ վերահսկողություն ունեն քաղաքական դաշտի նկատմամբ, ապա ինչպե՞ս է իրեն հաջողվել մուտք գործել Ազգային ժողով: Իշխանությունների կամ դրանց որեւէ թեւի կամ առանձին ներկայացուցչի հովանավորությա՞մբ, թե՞ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրապայքարով: Այս հարցի պատասխանը Խանումյանն ունի՞: Բայց մենք նրա հանդեպ իր ոճը չենք օգտագործի:
Պարզապես երիտասարդ քաղաքական գործչին խորհուրդ կտանք արտահայտությունների մեջ չափավոր լինել, նկատի ունենալ, որ խոսում է պետության ղեկավարի մասին եւ թույլ չտալ վերագրումներ, որակավորումներ եւ, մանավանդ, անձնական վիրավորանքներ: Քաղաքական բանավեճ՝ այո, բազմակարծություն՝ այո, քննադատություն՝ նույնպես: Բայց ամեն ինչ պետք է լինի հիմնավորված, խոսքը՝ տրամաբանական, ոճը՝ հարգալի:
Որովհետեւ քաղաքական տարակարծությունը դեռեւս հիմք չէ, որպեսզի մեկը մյուսին սեւացնի: Իր հայացքներն ու համոզմունքները քարոզելու ազատություն Հայկ Խանումյանն ունի: Ամռան-աշնան ամիսներին նա Ստեփանակերտում մի քանի հանրահավաք է անցկացրել, շրջել Արցախի բնակավայրերով: Իշխանությունների եւ Բակո Սահակյանի մեղքը չէ, որ այդ հանդիպումներին ներկայանում է մեկ-երկու տասնյակից ոչ ավելի մարդ: Դա Խանումյանի մեղքն է, որ շուրջ չրոս տարվա պատգամավորական գործունեության կամ ավելի ճիշտ՝ անգործության արդյունքում կորցրել է իր հինգ հազարից ավելի ընտրողներին: Ինչու՞:
Ահա այս հարցին պիտի փորձի պատասխան գտնել նա: Որովհետեւ հաջորդ ընտրություններին մնացել է մեկ տարի ժամանակ: Եւ տպավորություն է ստեղծվում, որ սեփական քաղաքական ֆիասկոն «հիմնավորելու» համար է, որ Հայկ Խանումյանն անցնում է իրավիճակի անձնավորման՝ իրեն ներկայացնելով որպես «չհասկացված հանճարի»: Մինչդեռ կարող էր լծվել ամենօրյա չարքաշ աշխատանքի՝ վերստին շահելու ընտրազանգվածի մի մասի վստահությունը: Իսկ եթե նա կարծում է, որ հանգամանքների փոփոխությունն ու իջեւանյան ծագումը քաղաքական գործընթացներում իր համար կայուն ներկայություն են ապահովելու, ապա, կարծում ենք, խորապես սխալվում է:
Կարծիքներ