Վերլուծության մեծ նյութ կունենանք

Վերլուծության մեծ նյութ կունենանք

Անձամբ ես անհամբերությամբ եմ սպասում դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներին։ Նախ, բնականաբար, որովհետեւ սա թերեւս առաջին ընտրությունն է՝ անկախությունից ի վեր, որի արդյունքներին կասկածելու առիթ չպետք է ունենանք։ Ապա նաեւ այն պատճառով, որ միանգամայն պարզ կդառնա, թե ինչ ժողովուրդ ենք մենք եւ ինչպիսի ընտրող ունենք։ Մեծ հաշվով, այս ընտրությունների արդյունքները, հատկապես ռեյտինգայինների ցուցանիշները, շատ ու շատ բացահայտումներ կանեն մեզ համար եւ կվկայեն, թե ինչ արժեհամակարգ ունի մեր հասարակությունը։

Դրանց արդյունքներից կհասկացվի՝ ինչքանով է խելոք կամ հիմար մեր ընտրողը, հումորի զգացում ունի՞, թե՞ ոչ։ Խոսքի՞ն է հավատում, թե՞ գործին։ Առհասարակ՝ որքա՞ն է նրան խաբելու, նրա սերն ու հավատը վայելելու ռեսուրսը։ Նաեւ՝ կարողանո՞ւմ է արդյոք նա թացը չորից տարանջատել, ներել կամ պատժել, հիշել կամ մոռանալ։ Հասկանո՞ւմ է, որ օրենսդիր մարմին է ընտրում, եւ այն երկրի թիվ մեկ քաղաքական մարմինն է, թե՞ շարունակում է ընտրության գնալ սրա-նրա հորդորով, սրան-նրան հաճոյանալու կամ ծառայություն մատուցելու մտայնությամբ։ Պարզ կդառնա՝ արդյոք նոր, երիտասարդ ուժերի հանդեպ մեր հասարակությունը բարյացակա՞մ է, իսկ հին գործիչների մեջ տարանջատո՞ւմ է թալանչուն քաղաքական դեմքից։

Կհասկացվի նաեւ, թե ինչպես է վերաբերվում խնամի-ծանոթ-բարեկամության սկզբունքով առաջադրվածներին, իրենց բնակավայր հյուր եկած «էմիսարներին», կարողանո՞ւմ է պատժել իր վստահությունն անցյալում չարաշահածներին եւ հակառակը՝ վստահել քչախոս, բայց նվիրված մարդկանց։ Վերջապես՝ ի վիճակի՞ է զատել պոպուլիզմը քաղաքական հռետորաբանությունից, մանիպուլյացիաները՝ քաղաքական գործունեությունից, իսկ քաղաքական շառլատաններին՝ հեռանկարային գործիչներից։