Հայտնի է, թե որ քրգործի շրջանակներում է հարցաքննվել Արմեն Աշոտյանը
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2006թ. կառավարության որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարվել է Մանկավարժական համալսարանի մանկավարժական մասնագիտությունների գծով հատկացված անվճար տեղերի չափով կազմակերպել նպատակային ընդունելություն, սակայն համալսարանի պատասխանատու պաշտոնատար անձինք մի շարք դեպքերում նպատակային ընդունված ուսանողներին դիպլոմները տրամադրել են ուսումնառության ավարտից անմիջապես հետո՝ անտեսելով կողմերի միջև կնքված պայմանագրերի պահանջները։
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Երևան քաղաքի քննչական վարչություն հարցաքննության է հրավիրվել նշված քրեական գործի շրջանակներում։ Ավելին՝ նա հարցաքննվել է մի քանի անգամ՝ 2018 թվականի հուլիս և սեպտեմբեր ամիսներին, բացի այդ, կատարվել է նաև առերես հարցաքննություն։ Քրեական գործով անհրաժեշտությունն առաջանալու կապակցությամբ Ա.Աշոտյանը հերթական անգամ հարցաքննության էր հրավիրվել նոյեմբերի 20-ին, սակայն ներկայացել է իր կողմից առավել նախընտրելի համարված օրը՝ նոյեմբերի 28-ին, ինչի շահարկումը տեղին չէ։
Կարծիքներ