Մոսկվան թիկունքից հարվածում է Փաշինյանին

Մոսկվան թիկունքից հարվածում է Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ասել է, թե դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ հաշվի առնելով նախընտրական կամպանիան ու դրանում առկա թեժ զարգացումները։

Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ Վ․ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հենց վերջինս է առաջարկել հետաձգել գագաթնաժողովը։

Իհարկե ակնհայտ անհապատասխանություն կա։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի վարչապետը փորձել է խուսափել նախընտրական թեժ փուլում միջազգային ոչ բարենպաստ հավանական զարգացումներից։ Սա, իհարկե, քաղաքականության մեջ սովորական մոտեցում է ու կիրառվում է բոլոր տեղերում ու բոլոր քաղաքական գործիչների կողմից։ Կան բաներ, որոնք պետք է մնան կուլիսներում։ Այս հարցում հայտարարությունների անհամապատասխանությունը ավելի քան ընկալելի է։

Բայց Ռուսաստանը կուլիսային, ներքին բանակցությունները հանրայնացնում է՝ փաստացի թիկունքից հարվածելով Փաշինյանին։ Սա անթույլատրելի վարքագիծ է։ Փաստորեն Մոսկվան Փաշինյանի հակառակորդներին նախահարձակ լինելու հնարավորություն է ընձեռում։

Առաջին հայացքից թվում է, թե սրանք փոքրիկ միջադեպեր են ու որևէ կարևորություն չեն ներկայացնում, բայց հենց այս փոքրիկ ու անհարմար իրավիճակներում է դրսևորվում անվստահության այն մեծ անդունդը, որը կա Հայաստանի ու Ռուսաստանի միջև։

Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան Թավշյա հեղափոխության ժամանակ չմիջամտեց Հայաստանի ներքին գործերին, փորձեց ադապտացվել նոր ստեղծված իրավիճակին, բայց նույնիսկ հիմա ռուսները չափազանց զգուշավոր են Երևանի նկատմամբ։

Եվ հենց այս զգուշավորության մեջ է արտահայտվում այն երկակի քաղաքականությունը, որն իրականացնում է Պուտինը։ Նա չի աջակցում ո՛չ Փաշինյանին և ո՛չ էլ ՀՀԿ-ին, բայց փորձում է նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի այդ երկուսը մշտապես հակամարտության մեջ գտնվեն։ Հենց այս հակամարտության մեջ է ՌԴ ղեկավարը տեսնում անհրաժեշտության դեպքում Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորությունը, քանի որ, կարծես թե, կողմերից առնվազն մեկը մշտապես հակված է օգնություն հայցել Մոսկվայի ավագ ընկերոջից։

Անշուշտ, Ուշակովի բացահայտումը ակտիվորեն շահարկվելու է Փաշինյանի հակառակորդների կողմից, ու կարծես թե ՌԴ նախագահի օգնականը հետապնդում էր հենց այդ նպատակը։