Ռուս-ադրբեջանական ապահարզա՞ն

Ռուս-ադրբեջանական ապահարզա՞ն

Վերջին օրերին ադրբեջանական մամուլում սպառազինությունների ձեռքբերման թեմայով երկու ուշագրավ տեղեկություն է հայտնվել: Առաջինը վերաբերում է Պակիստանից ռազմական կործանիչներ, երկրորդը՝ Ֆրանսիայից ՀՕՊ համակարգեր գնելու շուրջ բանակցություններին: Երկու դեպքում էլ ընդգծվում է, որ գործարքները մտել են ավարտական փուլ, առաջիկայում կկատարվեն համապատասխան ձեւակերպումները: Regnum-ի ռազմական փորձագետի կարծիքով, սակայն, պակիստանյան կործանիչները բոլորովին էլ չեն դասվում նորագույն սպառազինությունների շարքին:

Ինչ վերաբերում է ֆրանսիական ՀՕՊ համակարգերին, ապա դրանց գործողության շառավիղը չի գերազանցում 120 կիլոմետրը: Երկու դեպքում էլ, այսպիսով, խոսքը ոչ թե ինչ-որ «խորտակիչ ուժի» , այլ միջին որակի սպառազինությունների մասին է: Այդ կարգի զինատեսակներ Ադրբեջանն արդեն իսկ ունի, իսկ ՀՕՊ համակարգերի դեպքում ռուսական C 300-ի առկայությունը Բաքվի զինանոցում զուտ ռազմական առումով անհասնալի է դարձնում ֆրանսիական կողմի հետ գործարքը: Խնդիրն, ամենայն հավանականությամբ քաղաքական հարթությունում է: Բանն այն է, որ սպառազինությունների առքուվաճառքի ռուս-ադրբեջանական համաձայնագրով բոլոր գործարքներն իրականացված են: Նոր պայմանավորվածությունները, երեւում է, քաղաքական արգելանքի տակ են՝ ռուսական կողմից:

Ահա այս իրավիճակում Բաքուն տարբեր երկրների հետ սպառազինությունների ձեռքբերման հարցով բանակցությունների մեջ է մտել՝ տպավորություն ստեղծելու համար, որ կարող է այլընտրանքային լուծումներ գտնել: Չի բացառվում, որ այդ քայլերն արվում են, որպեսզի ռուսական ռազմաարդյունաբերական համալիրը ներկայացնող որոշակի ուժեր փորձեն ազդել Կրեմլի քաղաքական որոշման վրա, որպեսզի վերջինս արտոնի Ադրբեջանի հետ նոր գործարքների շուրջ բանակցությունները: Ադրբեջանում, իհարկե, խնդիրը ներկայացնում են հակառակ տրամաբանությամբ:

Ըստ այդմ, Բաքուն սպառազինությունների այլընտրանքային շուկաներ է փնտրում՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Հայաստանին վարկային արտոնյալ պայմաններով սպառազինությունների մատակարարման: Բայց հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը միշտ է եղել առանձնահատուկ, եւ դա չի խանգարել ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններին: Ներկայումս, հավանաբար, Մոսկվան որոշակի սրբագրումներ է մտցնում Ադրբեջանի հետ սպառազինությունների առքուվաճառքի իր քաղաքականության մեջ: Ռուսաստանն, ըստ երեւույթին, անհանգստացած է Ադրբեջանի չափից ավելի ռազմականացվածությամբ: Դա կարող է զսպիչ ազդեցություն ունենալ եւ նպաստել տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանը:

Ինչ վերաբերում է այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու ադրբեջանական կողմի ձգտումներին, ապա դրանք, կարելի է ասել, հիմնականում քարոզչական բնույթ են կրում: Մանավանդ որ նման նուրբ թեմաներով երբեւէ տեղեկատվական արտահոսք չի կազմակերպվում, եթե խոսքը լուրջ գործարքի մասին է: Ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկությունները թողնում են ավելի շատ հոգեբանական գրոհ կազմակերպելու տպավորություն: Հատկապես կասկածելի է թվում Ֆրանսիայից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մասին տեղեկատվությունը, եթե նկատի ունենանք, որ այդ երկրի նախագահը փաստացի չեղյալ է հայտարարել պաշտոնական այցը Բաքու: