Հին գինին՝ նոր տիկերում

Հին գինին՝  նոր տիկերում

Այս օրերին մեր երկրի նախկին իշխանությունների քաղաքական թշվառությունն իր ամբողջ «հմայքով» պաստառների վրա ու մեդիահարթակներում է։ Նրանց տվայտանքի ֆոնին ընդգծվում է մեր երկրի քաղաքական վերելքը, տեսանելի է դառնում այն, որ նախահեղափոխական իշխանությունների վարած քաղաքականությունը, ըստ էության, Արցախի ու Հայաստանի տակ դրված դանդաղ գործող ռումբ է եղել։ Դեռ շատ տարիներ են պահանջվելու, որ մեր գաղափարական ու քաղաքական սակրավորները կարողանան մաքրել մեր երկրի մինապատված տնտեսական ու քաղաքական դաշտը։ Ժողովրդից պետական իշխանությունը խլած այդ ուզուրպատորների բոլոր պաշտոնական գործողություններն այսօր իրավաբանորեն որակվել են որպես առերեւույթ կատարված պետական հանցագործություններ։ Բանից պարզվում է, որ մենք՝ «ապիկար» ժողովուրդս, 30 տարիների ընթացքում չենք կարողացել հասկանալ, որ նախկին իշխանություններին տասնամյակներով սատարած ու օժանդակած քաղաքական կուսակցությունները նպատակ են ունեցել նրանց բարեփոխել ներսից, մղել ազգանպաստ գործողությունների։ 

Արթուր Բաղդասարյանը հիմա մի նոր աշխարհ  է բացահայտել հայ ազգային քաղաքական մտքի հեռաստաններում։ Նապոլեոնն ու Չերչիլը ղալաթ են արել այս մտքի գիգանտի դեմ։ Հայաստանի քաղաքական արգանդը միայն բանդաներ էր ցնկնում, որոնք որջավորվում էին պետական իշխանությունում։ Այսօր ժողովրդավարությունը պետք է մաքրի մեր ազգային գաղափարախոսության ակունքները, որտեղից միայն  խոհեմություն պետք է բխի։ Ինչ մնում է աշոտյաններին, նրանք մեր իրականության մեջ միայն կարող են մի քանի օրով պաստառներ մրոտել, քանզի զրկված են բարոյական պլատֆորմից։ Այսուհետ մեր գործը պետք է լինի այս կատեգորիայից ազատվելը, նրան խորը թաղելն ու չթողնելը, որ ծխա, քանզի նրա գործը՝ մեր պատմության  կեռմաններում հանդես գալով փրկչի դիմակի տակ ժողովրդին թիկունքից խոցելն է եղել։ Նրանց ընդիմախոզությունն այսօր որպես  ընդդիմախոսություն չի կարող ընկալվել։

Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացներին պետք է ուշիուշով հետեւել։ Ականատես ենք լինելու շատ ու շատ միֆերի պսակազերծման, քաղաքական ու պետական դավաճանների, արցախյան սուտ հերոսների ու բարեգործների դիմակազրկման, ուրվագծվելու են Արցախի Հանրապետության ու մեր Պաշտպանության բանակի խորքերից բխող փողերի աղբյուրներից ջուր խմողներն ու նրանց մեջ լողացողներ-նավարկողները, որոնք փորձելու են կանգնել մեր ժողովրդի պետականաշինության ճանապարհին։ Ջրի երես է դուրս գալու Բակոյի Արցախ-Հայաստան-Պուտին ոսկու եւ մոլիբդենի խտանույթ արտահանելու մետաքսի ճանապարհը, որից արցախցիներին ու մեզ թունավոր թափոնները, աղքատությունն ու անզեն բանակն են մնում։ Պարզ է դառնալու, որ Արցախն արդեն դավաճան հայերի կողմից թատերաբեմի վերածելու ճանապարհին է՝ հայոց պետականաշինության ճանապարհները խոտորելու համար։ Հիշեք, թե ինչպես Ղարսը հայ զորավարներն արծաթյա սկուտեղով մատուցեցին թուրքերին։

Նրանք, Ղարսի պաշտպանությունը թողած, այդ օրերին անասունների առեւտրով էին զբաղված։ Հիշեք, թե ինչու ադրբեջանական տարածքներն ազատագրելուց հետո, երբ մի քանի օրվա ընթացքում կարող էինք այնքան խորանալ Ադրբեջանի տարածքի մեջ, որ Ադրբեջանն ինքը մեր ոտքերը կընկներ իր կողմից զիջումների դիմաց Արցախի ինքնավարությունը ճանաչելու խնդրանքով։ Չհիշեցի՞ք, որ այդ ճշմարտությունը հիշելն ընդունված չի եղել։ Հլա պատկերացրեք՝ Մանվելին ու մյուս հայտնիներին 7 շրջաններից քանի հատ հեռուստացույց, սառնարան, քանի սուրու ոչխար ու կով են բաժին ընկել։ Էլ ի՞նչ ազատամարտ, էլ ի՞նչ Արցախ, ի՞նչ Հայաստան, բա այդ հարստությունն ո՞ւմ թողնեին։ Թողեք՝ ժողովրդավարությունը Հայաստանում կայանա, որ հզորանան մեր երկիրն ու բանակը, այլապես շուտով ադրբեջանցիները ձեզ այդ ոչխարների ու կովերի տեղը տանելու են։ 

Հայաստանը, ինչպես միշտ, այսօր էլ կանգնած չէ երկընտրանքի առջեւ։ Նա երբեք չի գնացել խոտոր ճանապարհներով, այլ նրան հաճախ խաբել են, ու իրենց նեղ շահերից ելնելով՝ նրա քաղաքական առաջնորդները նրան քարշ են տվել այդ ճանապարհներով։ Այսօր Հայաստանի բաց հասարակությունն ի վիճակի է կենսունակ պետականություն կառուցող իշխանություն ընտրել։ Հայաստանն արդեն մերժել է քաղաքական անորոշությունն ու խավարը, նա գնում է տնտեսաքաղաքական ինքնահաստատման ճանապարհով։ Մեծ հնարավորություն է ընձեռվում հանրային կյանքն ազգային մշակույթով ոգեղենացնելու։ Արդեն քիչ-քիչ, անցնցում եղանակով, օրինականացվում է նախկին իշխանությունների կողմից ստիպողաբար օլիգարխացված տնտեսական դաշտը։ Այս առումով մեր հույսը ո՛չ 3 օրվա քաղաքական անցյալ ունեցող «Սասնա ծռեր» կուսակցության, ո՛չ էլ ներդրումներ ապահովելու քրոնիկական երկունքով մեզ խաբողների վրա է։ Մինչեւ հիմա արտասահմանյան ներդրողներին խաբողներն ու գցողները Հայաստանում իշխանավորներն ու նրանց հովանավորյալներն են եղել։ Համայնքներում «կանեմ»-ներով ընտրաձայներ կորզելու նպատակով մարդկանց սրտերը շահելու նկրտումները քաղաքական ծրագրերի հետ ընդհանուր ոչինչ չունեն։

Օրեր առաջ եթերում Պետրոսը լեզուն կուլ տվեց, Վիգեն Սարգսյանն էլ Պետրոսին սաղ-սաղ կուլ տվեց՝ օգտվելով նախկին տիրոջ իրավունքից։  Ամբողջ աշխարհում ամբոխահաճո լոզունգներով նախընտրական քարոզարշավներում ժողովրդին խաբելը պետական հետամնացություն է համարվում, բացի այդ՝ մեր երկրում արդեն չկան  մարդիկ, որոնք կարող են դրանով գայթակղվել։ Մարդաշատ հավաքներով Նիկոլին չեք զարմացնի։ Հարկ է նաեւ մտածել այն մասին, որ մի օր վերջապես պարզ է դառնալու ձեր ծրագրերի անիրական ու շինծու լինելը, եւ խաբված զանգվածը մի գեղեցիկ օր ձեզ է տռաս հանելու եւ ուղարկելու է ձեր երբեմնի սեղանակից ՀՀԿ-ի ծոցը։