Եթե այդքան հեշտ լիներ, Կանադայի վարչապետը նաև նախկինում այցելած կլիներ Հայաստան

Եթե այդքան հեշտ լիներ, Կանադայի վարչապետը նաև նախկինում այցելած կլիներ Հայաստան

ԱԺ նախկին պատգամավոր, 2017 թվականի հուլիսից Սերժ Սարգսյանի հրամանագրով Կանադայում ՀՀ դեսպան Լեւոն Մարտիրոսյանը տեւական ժամանակ է՝ ուզում է թողնել դեսպանի պարտականությունները, բայց չի ստացվում։

Նրա «սիրտը լեռներում» է, բայց ո՛չ Կանադայի ձյունածածկ ու ցուրտ, այլ՝ հայոց լեռներում։ Ուզում է Հայաստան գալ, բայց գործող իշխանություններն ում կարողացան, հետ կանչեցին, այդ թվում՝ Վատիկանում ՀՀ դեսպան, Մարտիրոսյանի ընկեր ու թիմակից Միքայել Մինասյանին, իսկ իրեն՝ ոչ։ Նա ուզում էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից անմիջապես հետո իր հրաժարականի դիմումը ներկայացնել, բայց խնդրել են դեռեւս մնալ։ Մարտիրոսյանը, ում պատահաբար հանդիպեցինք Երեւանի կենտրոնում զբոսնելիս, ասաց, որ պարբերաբար գալիս-գնում է՝ որպես դեսպան, հիմա էլ անձնական գործերով է այստեղ, բայց մի օր անպայման վերջնական կվերադառնա։

- Կանադային չե՞ք հարմարվում։

- Չէ, շատ լավ հարմարվում եմ, միշտ, երբ արտասահմանում աշխատել եմ կամ ապրել եմ, Մեծ Բրիտանիայում սովորել եմ, աշխատել եմ, հիմա էլ Կանադայում եմ, բայց միշտ, իսկապես, սիրտս հայրենիքում է, Երեւանում, ավելի կապված եմ մեր երկրի հետ եւ այն ամենի հետ, ինչ մեր երկրում կատարվում է։

- Մամուլը գրեց, որ ուզում եք վերադառնալ Հայաստան, բայց չեն ընդունում Ձեր հրաժարականը։ Ի՞նչ խնդիր կա, ինչո՞ւ եք ուզում գալ եւ ինչո՞ւ չեք գալիս։

- Դե, ամեն դեպքում, դեսպանի պաշտոնը ենթադրում է ժամանակավոր աշխատանք, այսինքն՝ ցմահ պաշտոն չէ, ես բավականին ակտիվ աշխատել եմ այս մեկուկես տարիների ընթացքում, հուսով եմ՝ աշխատանքս նաեւ երեւացել է մեր հասարակության համար՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացման առումով, եւ ինչ-որ պահի, բնականաբար, կվերադառնամ երկիր։

- Իշխանափոխությունից հետո մի շարք դեսպանների հետ կանչեցին, այդ թվում՝ Ձեր թիմակից Միքայել Մինասյանին, տարօրինակ է, որ Ձեզ դեռ հետ չեն կանչել, քանի որ քաղաքական նախորդ թիմի մաս էիք կազմում, եւ, առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում դեսպանների ռոտացիաները։

- Այստեղ պարտադիր չէ քաղաքական ենթատեքստեր փնտրել, հիմա, եթե մարդ հինգ տարի եղել է դեսպան, իրեն հնարավոր է նաեւ հետ կանչեն․ դա նաեւ միջազգային ընդունված պրակտիկա է։

- Նախորդ իշխանության օրոք պրակտիկա կար՝ դեսպաններ են նշանակվել քաղաքական դեմքեր, որոնք դիվանագիտության հետ կապ չունեին, հաճախ Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, այս կամ այն անձին նվեր էր մատուցում՝ որպես դեսպան «տեղավորելով», կամ քաղաքականությունից մեկուսացնելու համար էին ուղարկում դեսպան։ 

- Ես փայլուն օրինակներ ունեմ ե՛ւ մեր, ե՛ւ այլ երկրների դիվանագիտական պատմությունից, որ թե՛ քաղաքական նշանակումները, թե՛ կադրային դիվանագետները լավագույն արդյունքների են հասել, եւ հակառակ օրինակներն էլ ունեմ, որ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ոչ քաղաքականները շատ տխուր արդյունքների են հասել դեսպանի կամ դիվանագիտական այլ պաշտոններում։

- Հայ-կանադական հարաբերությունների մասով ի՞նչ աշխատանք եք կատարել, որեւէ ներդրում ունեցե՞լ եք Կանադայի վարչապետ Թրյուդոյի՝ Հայաստան այցի եւ Թրյուդո-Փաշինյան հարաբերությունների հաստատման հարցում։

- Դե, մեկ տարվա ընթացքում նախ Հայաստանից ավելի շատ պաշտոնական եւ ոչ պաշտոնական աշխատանքային այցեր են եղել Կանադա, քան ամբողջ նախորդող ժամանակահատվածում միասին վերցրած։ Սա, կարծում եմ, ե՛ւ դեսպանության, ե՛ւ դեսպանի աշխատանքի ցուցիչ է։ Ինչպես նաեւ կանադական կողմից շատ ակտիվ ներգրավվածություն եղավ ե՛ւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, ե՛ւ այդ գագաթնաժողովի ժամանակ։ Ամենախոշոր պատվիրակությունն էր կանադականը, եւ ամենակարեւորը՝ Կանադայի վարչապետն առաջին անգամ պաշտոնական այցով այցելեց Հայաստան։ Անհամեստություն կլինի, որ ես ասեմ՝ այստեղ միայն իմ ներդրումը կա, բայց ասեմ, որ, իհարկե, ե՛ւ դեսպանը, ե՛ւ դեսպանությունը, ե՛ւ ԱԳՆ-ն մեծ ներդրում ունեն այստեղ։ Եթե այդքան հեշտ լիներ, Կանադայի վարչապետը նաեւ նախկինում այցելած կլիներ Հայաստան, ինչը տեղի չի ունեցել։ Ոչ միայն վարչապետի, այլեւ ավելի ցածր պաշտոնյաների դեպքում գրեթե որեւէ ակտիվություն չի եղել։

- Գուցե Նիկոլ Փաշինյանի անձնակա՞ն գործոնը կար, նաեւ հեղափոխությունը, որով համակրանք առաջացավ առ Հայաստան։

- Քանի որ նմանատիպ այցերը մեկ օրում չեն կազմակերպվում, այլ շատ ավելի երկար աշխատանք է կատարվել, ես կնշեի ե՛ւ գործող, ե՛ւ նախկին ղեկավարների դերը, հատկապես գործող եւ նախկին ԱԳ նախարարների մեծ ներդրումը։

- Թրյուդոյի այցի ժամանակ ավելի շատ քննարկվեցին նրա գուլպաները, կերպարը։ Իսկ քաղաքական առումով ի՞նչ էր նշանակում այցը։

- Դե, քննարկեցին գուլպաները կամ այլ անձնական գործոնները նրանք, ում դա ավելի հետաքրքիր է, քան թե քաղաքական, տնտեսական բաղադրիչը կամ մեր երկու երկրների հարաբերությունները։ Ես չափազանց բարձր եմ գնահատում իր այցը եւ կարծում եմ՝ սա շատ լուրջ հիմք է հարաբերությունների հետագա զարգացման համար այնպիսի երկրի հետ, ինչպիսին է Կանադան, որը Մեծ յոթնյակի երկիր է, շատ հեղինակավոր պետություն է միջազգային համայնքում եւ որը, արդեն վստահ կարելի է ասել, մեր բարեկամ երկիրն է ե՛ւ քաղաքական առումով, ե՛ւ տնտեսական։

- Դուք ժամանակին ՄԻԱԿ-ի ղեկավարն էիք։ Հիմա կա՞ Ձեր կուսակցությունը եւ կապ ունե՞ք կուսակցության հետ։

- Կուսակցության հետ կապ չեմ ունեցել շատ վաղուց եւ վերջին մի քանի տարիների ընթացքում կուսակցական չեմ եղել։ ՄԻԱԿ-ը գործունեությունը դադարեցրել է վաղուց, ու դրանից հետո ես որեւէ այլ կուսակցության անդամ չեմ եղել։

- Ինչի՞ համար էր այդ դեպքում ՄԻԱԿ-ը ստեղծվել, ասում էին՝ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունն էր։

- Բացարձակապես, ՄԻԱԿ-ը ժամանակին, երբ ստեղծվում էր, 2006-07 թթ․ առաջին ծիծեռնակն էր այն նոր ալիքի երիտասարդ պրոֆեսիոնալների, որ մտան քաղաքականություն, որից հետո արդեն բազմաթիվ այլ երիտասարդներ մտան քաղաքական դաշտ եւ դրական փոփոխություններ բերեցին մեր երկրին։

- Հեղափոխության օրերին Դուք Կանադայից էիք հետեւում այստեղի իրադարձություններին, հիմա էլ, ընտրությունների օրերին, Հայաստանում եք։ Ի՞նչ աչքով էիք նայում թե՛ հեղափոխությանը, երբ ձեր երբեմնի իշխանությունը մերժվում էր եւ հեռանում, եւ թե՛ ներկայիս արտահերթ ընտրություններին։

- Հիմա այստեղ եմ ոչ ընտրություններին մասնակցելու համար, ուղղակի անձնական գործերով։ Իսկ «իմ իշխանությունը» ասել սխալ կլինի, ես մեր պետությանն եմ միշտ ծառայել պաշտոնով, թե առանց պաշտոնի, այնպես որ, իշխանության հարց չէր ինձ համար այստեղ։ Նայում էի այնպես, որ երկրում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք աննախադեպ են, որոնք լուրջ հետեւանքներ կարող են ունենալ ապագայի համար, մեր հասարակության, սերունդների համար։ Իսկ ընտրական գործընթացները, կարծում եմ, ճիշտ կլինի գնահատել ընտրություններից հետո։

- Դեսպանի պաշտոնից հեռանալուց հետո կվերադառնա՞ք նորից քաղաքականություն։

- Այո, իհարկե, ես երբեք էլ քաղաքականությունից դուրս չեմ զգացել ինձ եւ հասարակական կյանքից, եթե վերադառնամ, երբ էլ դա լինի, ակտիվորեն շարունակելու եմ իմ գործունեությունն այս կամ այն կարգավիճակով։