Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հրաժարական է տվել։ Այդ մասին նա պաշտոնապես կհայտարարի արդեն մայիսի 22-ին։ Գրոյսմանը իր հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երդմնակալության ճառի ժամանակ առաջարկել է հրաժարական տալ։

«Կարծում եմ, որ դուք հասկանում եք, որ կառավարությունն իր լիազորությունները վայր է դնում նորընտիր Ռադայի եւ ոչ թե նախագահի առաջ»,- շեշտել է Գրոյսմանը՝ հավելելով, որ պատրաստվում է մասնակցել Ռադայի ընտրություններին։

«Վստահ եմ, որ ապագայում շատ բան կկարողանանք անել»,- ասել է Ուկրաինայի վարչապետը։

Նշենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել նոր նախագահի հետ։ Ուկրաինական օրենսդրության համաձայն, վարչապետի հրաժարականն ընդունում է Գերագույն Ռադան եւ այդ դեպքում հրաժարական է տալիս ողջ կառավարությունը։