Կարմիր գծերը պետք է հանվեն, տուգանքի չափը պետք է իջեցվի

Կարմիր գծերը պետք է հանվեն, տուգանքի չափը պետք է իջեցվի

«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակում հետաքրքիր դեմքեր կան ընդգրկված, քաղաքական գործիչներից մինչև ռեպեր։ Ֆելիքս Պետրոսյանը երբեմնի «Հայք» թիմի ռեպերներից է, այսօր որոշել է մտնել քաղաքականություն՝ առաջադրվել է թիվ չորս ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու «Մենք» դաշինքից։

Hraparak.am-ի հետ զրույցում պատգամավորության թեկնածուն մեր հարցին, թե ինչպես է համոզում իր տարածքի ընտրողներին, որ հենց իրեն ձայն տան, ասաց․ «Համոզելու ընդհանրապես ոչ մի բան չկա, 30 տարի ժողովրդին համոզել են մեր իշխանությունները, բոլոր ուժերը։ Ես ուղղակի ներկայանում եմ իմ ձևով, ով որ ինձ ճանաչում է, ովքեր էլ որ չեն ճանաչում, սոցկայքերով փորձում եմ իմ մասին տեղեկացնել։ Ու, առհասարակ, ծանոթների միջոցով, այլ տարբերակով․․․ բոլոր ակցիաները մաքսիմում օգտագործում ենք»։

 

-Իսկ Ձեզ ինչպե՞ս են ավելի շատ ճանաչում, շոու բզինեսից և «Հայք» թիմի՞ց՝ որպես ռեպեր, թե՞․․․

 

-Երևի թե ավելի շատ էդպես են ճանաչում, որովհետև ժամանակի ընթացքում ավելի շատ մեդիան ինձ էդպես է ներկայացրել, բայց հուսով եմ՝ ժամանակի ընթացքում ավելի շատ կճանաչեն։

 

-Կարողանո՞ւմ են Ձեր մեջ ավելի շատ քաղաքական գործչի կերպար տեսնել, հատկապես, որ քաղաքական փորձ չունեք։

 

-Փորձը ցույց տվեց էս մի քանի օրվա, որ այո։ Ես քաղաքական փորձ ակնհայտ չունեմ, բայց ես միշտ էլ քաղաքականության մեջ եմ, իմ ընտանիքը՝ նույնպես, հայրս էլ Ազգային ժողովում է աշխատել։ Այսինքն՝ կապը միշտ եղել է։

 

-Ձեր դաշինքը համարվում է արևմտամետ կամ արևմտյան արժեհամակարգը կրող կուսակցությունների դաշինք։ Դուք Ձեր մեջ այդ արժեհամակարգը կրո՞ւմ եք։

 

-Ես չէի ասի, որ մեր դաշինքն արևմտամետ է, մեր դաշինքը հայամետ է, առաջինը Հայաստանն է, մեր կարգախոսն է դա, ուղղակի մենք գտնում ենք, որ մեզ՝ հայերիս, ավելի նպատակահարմար է, որ մենք ձգտենք ավելի քաղաքակիրթ, ավելի ժողովրդավարական արժեքների, որի կրողն են եվրոպական երկրները։

 

-Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի թիմը այդ արժեքները չե՞ն կրում։

 

-Իմ կարծիքով՝ նրանք դեռ պետք է ցույց տան՝ ինչ արժեքների կրող են։

 

-Այսօր դաշտը բաժանվել է սևի ու սպիտակի, և ՀՀԿ-ն վերցրել է ընդդիմադիր դաշտն իր ձեռքն ու ասում է՝ միակ ընդիմությունն իրենք են, քանի որ քննադատում են Փաշինյանի կառավարությանը։ Դուք կարո՞ղ եք լինել ավելի ուժեղ ընդդիմություն, քան ՀՀԿ-ն է, և արդյոք քննադատո՞ւմ եք գործող իշխանությանը։

 

-Նախ, առաջին հերթին ասեմ՝ երբեք սև ու սպիտակ հասկացողություն չկա ու չի կարող լինել, քանի որ կյանքը բազմագույն ու բազմաբովանդակ է։ Իսկ Հանրապետականի ընդդիմադիր լինելն ուղղակի իշխանություն վերադարձնելու ինչ-որ ձև է։ Ընդդիմություն՝ չի նշանակում ուղղակի ուզենալ լինել իշխանություն։ Ընդդիմությունը դա չէ։ Ընդդիմությունը ինչ-որ կոնկրետ մոտեցում պետք է լինի։ Մենք լինելու ենք ընդդիմադիր այն ուժը, որն ուղղորդելու է իշխանություններին, որ հանկարծ սխալ քայլեր չանեն։ Այսինքն՝ դիտորդի, խորհուրդ տվողի և կարգավորողի ինչ-որ ֆունկցիա ենք իրականացնելու։

 

-Հիմա դուք գործող կառավարության քայլերում այս 6-7 ամսվա ընթացքում որևէ թերացում, խնդիրներ, բացթողումներ տեսե՞լ եք, և դրանք ձեզ համար թիրախայի՞ն են, որ քննադատեք։

 

-Ես ընդհանուր առմամբ պատասխանեմ այդ հարցին, ես տեսնում եմ, որ գործող իշխանությունները միակենտրոն քաղաքականություն են վարում։ Դա անթույլատրելի է մեր երկրում։ Առաջին պատճառը դա է, որ թույլ չտանք երկրում տիրի միակենտրոնություն։

 

-Երբ մտնեք խորհրդարան, Ձեր առաջին նախաձեռնությունը ո՞ր ուղղությամբ է լինելու, Ձեզ ո՞ր հանձնաժողովում եք տեսնում։

 

-Քանի որ ես մասնագիտությամբ միջազգայնագետ եմ, երևի թե մեր թիմը ինձ կփորձի այդ ոլորտում՝ արտաքին հարաբերություններ, բայց, միևնույն ժամանակ, ես զբաղվել եմ հասարակական տարբեր գործունեությամբ, նաև մշակութային, մեր թիմը ոնց որոշի, այդտեղ էլ կաշխատեմ։

 

-Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը Ձեզ համար ընդունելի՞ է, որ ժամանակին դեմ էր ԵԱՏՄ-ին, այսօր՝ ոչ, ՀԱՊԿ-ն համարում է ոչ այդքան կարևոր կառույց և այլն։

 

-Ես նորից ասեմ՝ մինչև հիմա բացթողումներ կան, սակայն վերլուծություն չեմ ուզում անել, կարող է ինչ-որ մի բանը ինչ-որ մի պատճառ ունի։ Համենայնդեպս, մեր քաղաքական ուժը ասել է և հիմա էլ ասում է, որ մեզ պետք է եվրոպական արժեհամակարգ և եվրոպական ժողովրդավարություն։ Պետք է, որ ժամանակ անցնի՝ իրենք ցույց տան, թե ինչ են ուզում անել։

 

-Ըստ Ձեզ՝ արագաչափերն ու կարմիր գծերը պե՞տք է հանվեն, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ պետք է հանվեին, հիմա ասում է՝ պետք չէ հանվեն։

 

-Կարմիր գծերը պետք է հանվեն, արագաչափերը շատ անգամ օգուտ տալիս են, կարևոր ֆունցկիա են կատարում, բայց երևի թե պետք է մի քիչ տուգանքի չափը իջեցվի։