«Լազարևյան ակումբը» չի պաշտպանում Քոչարյանին, մենք չեզոք ենք․ Ստանիսլավ Տարասով

«Լազարևյան ակումբը» չի պաշտպանում Քոչարյանին, մենք չեզոք ենք․ Ստանիսլավ Տարասով

ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստանում հիմնած «Լազարևյան ակումբի» բացմանը եկած ռուսաստանցի քաղաքագետ Ստանսիլավ Տարասովին դուր չեն եկել  հայաստանյան սոցցանցերում՝ ակումբի մասին մեկնաբանությունները։ Դրանցից մեկն էլ այն է, որ «Լազարևյան ակումբը»  պաշտպանում է  Ռոբերտ Քոչարյանին։

«Մենք ոչ մեկին չենք պաշտպանում, մենք չեզոք ենք, չե-զոք ենք։ Երկրորդ նախագահը  ելույթ ունեցավ, որովհետև իրեն հրավիրել էին, նա քաղաքական գործիչ է, քաղաքական պայքարի մեջ է՝ օգտվեց այդ հարթակից, մանավանդ որ իրեն նման հնարավորություն տրվեց։ Ոչ ոք չէր եկել, նա եկել էր․․․ Ի  դեպ, ոչ միայն իրեն, այլ բոլորին հրավեր եղել է․ Նիկոլ Փաշինյանն էլ հրավիրված, Բակո Սահակյանն էլ, ՀՀ նախագահն էլ, ԱԽ քարտուղարն էլ,  բայց ոչ ոք չեկավ։ Նրանք անգամ գրավոր ուղերձներով հանդես չեկան»,-նկատեց Ստանիսլավ Տարասովը։

Հիշեցնենք, որ  Բակո Սահակյանը պետք է մասնակցեր ակումբի լիագումար նիստին, բայյց ներկա չգտնվեց։ Ինչ վերաբերում է  վարչապետին,  ապա կազմակերպիչները նշել էին, որ  Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ իրենց հստակ պատասխան չի տրվել, միայն ակնարկել են, որ նա «ավելի կարևոր գործեր ունի և զբաղված է»: 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա ըստ Տարասովի, երրորդ նախագահին հրավեր չէր ուղարկվել։

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա  Հայաստան էին այցելել  ռուսաստանյան շուրջ 2 տասնյալ  վերլուծաբաններ, քաղաքագետներ, զինվորականներ․ Եվսեև, Արեշև, Լեոնիդ Ներսիսյան, Ստանիսլավ Տարասով, Գրիգորի Տրոֆիմչուկ, Նորատ Տեր-Գրիգորյանց, այլք։

Նշենք, որ ակումբի նիստերը հաջորդաբար պետք է անցնեն Մոսկվայում և Երևանում։  Հաջորդ նիստը, սակայն, կրկին կանցնի Երևանում։

Անուշ Դաշտենց