ԼԳԲՏ ֆորումն այնուամենայնիվ կկայանա

ԼԳԲՏ ֆորումն այնուամենայնիվ կկայանա

Մի քանի ամիս շարունակ համացանցում քննարկվում էր ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի թեման, որը մեծ աղմուկ առաջացրեց։ Այնքան, որ իշխանության տարբեր օղակներից ստիպված եղան հայտարարել, որ նոյեմբերի 15-ից 18-ը նախատեսված ֆորումը չի կայանալու։ Մասնավորապես ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 6-ին լրագրողներին ասել էր․ «Հայաստանի Հանրապետությունում այդ ֆորումը չի անցկացվելու, որովհետև այս պահին ես նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաև անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս բացատրական աշխատանքներ տարանք նրանց շրջանակներում, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը»: Նախընտրական փուլում ֆորումը չեղարկելու որոշումը խելամիտ քայլ համարվեց իշխանությունների կողմից եւ միասեռականների դեմ պայքարողներին հանդարտեցրեց։ Սակայն մենք տեղեկացանք, որ ֆորումը ոչ թե չեղարկվել է, այլ իրականում հետաձգվել՝ ընտրություններից հետո անցկացնելու մտադրությամբ։ Եւ փոխել են ֆորումի անվանումը։ 

Դեկտեմբերի 13-ից 15-ը Գյումրի քաղաքում «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը նաև զբաղվում է Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ, պատրաստվում է սեմինար անցկացնել, որին հրավիրված են նաև պետական կառույցների՝ մարզպետարանի ներկայացուցիչներ։ Օրերս մարզպետարանները գրություններ են ստացել Տարածքային կառավարման նախարարությունից, որտեղ առաջարկվել է ներկայացուցիչներ ուղարկել Գյումրի՝ սեմինարի, որի անվանումից հասկացվել է, որ խոսքը միասեռականությանը վերաբերող ինչ որ միջոցառման մասին է։

Մենք կապվեցինք «Նոր սերունդ» ՀԿ-ի հետ եւ տեղեկացանք, որ սեմինարի օրակարգում 4 հարց կա՝ «Մարդու իրավունքներ», « Խոսքի ազատություն», «Ատելության խոսք» և «Խտրականության արգելք»։ Այս մասին ասաց ՀԿ ղեկավար կազմի աշխատակից Ալինա Միրզոյանը։ Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր մարզպետրանից հրավիրված է 1 անձ, սակայն տեղեր ունեն և կարող են անգամ 2-ական հոգի ընդունել։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից նույնպես հաստատեցին, որ  նման գրություն է ուղարկվել մարզպետարաններին։

Հիշեցնենք, որ «Նոր Սերունդ» ՀԿ-ն էր ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի նախաձեռնողն ու կազմակերպիչը։