Իմ նման տղեքի հետ թող կատակ չանեն․ Մենուան երազում է հետ բերել Նախիջևանն ու Արարատ լեռը
Հարցազրույց ՀՀԿ 9-րդ համար Մենուա Հարությունյանի հետ։
-Մենուա, Սյունիքի քարոզարշավին ձիու վրա նկարվել էիր, ձեռք՝ Դավիթ Բեկի արձանի նմանությամբ պարզած, տակն էլ գրել էիր՝ շարունակենք Դավիթ Բեկի կիսատ գործը։ Ի՞նչ է սա նշանակում, եթե ավելի լուրջ։
-Եթե ավելի լուրջ, ցանկացա իմ այդ նկարով ու կոչով ցույց տալ, որ անկախ այսօրեական քաղաքական բանավեճերից և օրակարգերից, պետք է մեր հաջորդ սերունդներին որպես պատգամ փոխանցել այն, որ մեր ժողովուրդն ունի նաև վերքաղաքական համազգային գաղափարներ և երազանքներ, որոնցից մեկը Նախիջևանի ու Արևմտյան Հայաստանի վերադարձն է։ Եվ փորձեցի մեսիջ տալ նոր սերնդին, որ չպետք է մոռանալ մեր ազգային գաղափարների ու երազանքների մասին, բայց քանի որ ֆեյսբուքահայության մի մասն այսօր պրիմիտիվ ու անձնավորված դաշտում է, մի մասն էլ ուղղորդվում է Նիկոլենց կողմից, որ քննադատողներին վարկաբեկեն, սարքեցին մի էսպեսի՝ անձնական վիրավորանքների դաշտ։
Բայց, կարծում եմ, բարոյական ու բանիմաց մարդիկ հասկանում են իրականությունը, թե ինչ է կատարվում։ Եվ եթե Դավիթ Բեկի արձանի ֆոնին չնկարվեի, այլ Նիկոլի արձանի, էլի մեր վրա պետք է հարձակում լիներ, որովհետև մենք իրական ընդդիմություն ենք։ Ես քննադատում եմ Նիկոլին, բնականաբար, պետք է մեզ վրա հարձակվեն։
-Դու ներկայացնում ես կուսակցություն, որը նման նպատակներ չի ձևակերպել․ Նախիջևանի միացում, Միացյալ Հայաստանի ստեղծում։
-Ո՞վ է ասում․ Հանրապետական կուսակցությունը Գարեգին Նժդեհի գաղափարները կրող կուսակցություն է, իսկ Նժդեհն ինչ գաղափարներով էր առաջնորդվում, որ Նիկոլի՞ն բերեր իշխանության։
-Բայց կուսակցության ծրագրում, ամեն դեպքում նման բան չկա։
- Ցանկացած հայ մարդու երազանքների մեջ, բացի իր անձնական նպատակները, Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Արարատ լեռը հետ բերելն է։
-Ուղղակի տարբերությունն այն է,որ «Սասնա ծռեր»-ի, ՔԺՎԿ-ի ծրագրերում նման բան ձևակերպված է։
-Չե՞ք լսում, ասում եմ՝ սա իմ անձանական երազանքն է…։ Մենք նման բաներ չենք ձևակերպում կուսակցության ծրագրերում, բայց վստահ եմ, որ ցանկացած Հանրապետական կուսակցութան անդամի անձնական երազանքն էլ է։ Իմ անձնական երազանքն այն չէ, որ Նիկոլին բերենք, իմ երազանքն այն է, որ Նաիջևանը հետ բերենք։ Վա՞տ է։
-Լավ է, ուղղակի ինչքանո՞վ է իրատեսական։
-3040 տարի առաջ նույն հարցը կարող էին տալ՝ արդյոք հնարավո՞ր է Արցախը մերը լիներ, մերն է այսօր։ 40 տարի հետո էլ Ձեր նման մի լրագրող էլի կարող է հարցը տալ արդեն Մուշի մասին, որովհետև Նախիջևանն արդեն մերը կլինի։ Պետք է վեհ գաղափարներ դնենք մեր առաջ։ Եթե չես դնում, ազգիդ մոտ ամեն ինչ պրիմիտիվանում է․ պետք է ավելի վեհ արժեքներով ապրենք, մեր երեխաներին ավելի վեհ արժեքներով մոտիվացնենք։
-Մենուա, երբ ասում ես՝ եթե ժողովրդին հարցնեն՝ Արամ Խաչատրյա՞ն, թե՞ Արամ Ասատրյան, կամ Կոմիտա՞ս, թե Թաթուլ, կասեն՝ Թաթուլ և Արամ Ասատրյան։ Իրականում համարում եք, որ Կոմիտասն ու Արամ Խաչատրյանը Հանրապետակա՞նն են, Թաթուլն ու Արամ Աասատրյանն էլ՝ քաղպայմանագի՞րը։
-Եթե քաղաքական պետական մտածողության տեսանկյունից նայենք, Նիկոլը նույնիսկ Թաթուլ էլ չէ։ Ինքը կարող է համեմատվել, էն որ երգ էին գրել՝ դուխով, ըտենց մի հատ երգ կար։ Իսկ Հանրապետականի լիդերները իրենց բոլոր թերություններով հանդերձ պետական տղերք են։
-Ընտրողների հետ հանդիպո՞ւմ ես։
-Երևանում փողոցով քայլում եմ, մենակ ու միշտ եմ քայլել, ումի՞ց պետք է վախենամ։
-Միգուցե վիրավորում են կամ անվտանգության խնդիր ունենաս։
-Իմ անվտանգությունն ինքս եմ ապահովում, ոչ ոք չի կարող իմ անվտանգությանը սպառնալ, ու Իմ տերը Աստված է։Իսկ ով վիրավորի, կստանա համարժեք պատասխան։ Շատ դաժան։ Իմ նման տղեքի հետ թող կատակ չանեն։Երբ մենք իշխանություն ենք եղել, Նիկոլն ու իր ընդդիմադիր խմբակը հանգիստ ապրել են էս երկրում, որովհետև մտածել ենք, որ էս երկիրը բռնապետություն չէ։ Եթե իրեն թվում է, որ սա իր սեփական պետութունն է, ես իրեն ասել եմ՝ միայն իմ դիակի վրայով, ինքը կարող ա դիկտատուրա ստեղծի էս երկրում։
-Նպատակ էիր ձևակերպել՝ պայթեցնել Նիկոլի «փուչիկները»։
-Հերթով պայթեցնում եմ։ Իմ ելույթները լսեք։
-Մտահոգների շա՞տ ես հանդիպել։
-Հայաստանում գրեթե բոլորը մտահոգ են։Իսկ ամենամեծ մտահոգը, իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանն է, որը սենց շարունակվելու դեպքում կգնա ու կընտրի Հանրապետականին, որովհետև ես զգում եմ, որ էդ տղեն արդեն հասկացել է, որ ուղղակի կարճ ժամանակ անց չի կարողանալու իր տված խոստումների տակից դուրս գալ։ Ու լուրջ խնդիրենր է ունենալու նույն ժողովրդի հետ, որն էսօր իրեն ծափահարում է։
-Հանրապետականները մշտապես ասում են, որ վարչական լծակ է կիրառվում։ Հունան Պողոսյանի կողմից կիրառվո՞ւմ է։
-Չեմ տեսել Հունան Պողոսյանին, բայց իմ համար անհասկանալի է,թե ինչո՞ւ են Սյունիքի Հանրապետական քաղաքապետերը հիմա սատարում Նիկոլին։ Օրինակ՝ Գորիսի քաղաքապետը։ Զանգեք հարցրեք՝ ինչի ես դուրս եկել, սաղ Գորիսը խոսում է, որ դու հեղափոխության օրերին ասում էիր՝ ես կյանքում դուրս չեմ գա, ես Սերժի նկարը չեմ հանի․․․
Անուշ Դաշտենց
Կարծիքներ