Հնությունից  արդեն հակահիգիենիկ դարձած թատրոնում պայմաններ չկան

Հնությունից  արդեն հակահիգիենիկ դարձած թատրոնում պայմաններ չկան
Հնությունից  արդեն հակահիգիենիկ դարձած թատրոնում պայմաններ չկան

«Տարբեր լրատվականների դիմել եմ խնդրի լուծման համար, բայց արձագանք չկա՝ խնդրին լուծում չի տրվում». ահազանգում է Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը։ «Ներկայացման ժամանակ երեխաների կողքին դույլեր ենք դնում, որովհետև անձրևային եղանակներին տանիքից կաթում է։ Որոշ ժամանակ առաջ քննարկվում էր այլ շենք տեղափոխվելու հարցը, չգիտեինք ուր պետք է տեղափոխվեինք, և արդյոք այդ շինությունը կհամապատասխաներ թատրոնի պահանջներին, սակայն տեղափոխման հարցը կարծես թե քաղաքապետարանում արդեն փակված է»։ 

Գյումրու տիկնիկային թատրոնը ՀՀ-ում առաջին մանկական պետական թատրոնն է, ծնունդ է առել 1935թ., ներկայումս գտնվում է քաղաքի հենց կենտրոնում՝ Աբովյան փողոցում և այստեղ ներկայացումներ են բեմադրվում արդեն ոչ միայն փոքրերի համար:  Շենքի՝ մեղմ ասած անբարեկարգ վիճակը նկարագրելիս՝ տնօրենը նշեց, որ պաշտոնը ստանձնել է օգոստոս ամսին, սակայն իր աթոռի համար չի անհանգստանում, լռելով պաշտոն զբաղեցնելու  ցանկություն չունի, հետևաբար շարունակելու է խնդիրը բարձրաձայնել։ 

«Զուգարաններից օգտվում են երեխաները, իսկ պայմաններն ուղղակի անմարդկային են: Շուրջ 34 տարի թատրոնում ներքին հարդարում չի իրականացվել, միայն դրսի ապակիները , որոնք վթարային էին և վտանգավոր էին անցուդարձողի համար»,- հավելեց Արմենուհի Մանուկյանը։  

Երեխաներն ու թատրոնի աշխատակիցները զրկված են շենք մտնելիս գեղագիտական հաճույք ստանալուց, որովհետև անբարվոք շինությունն  ու կիսափտած տանիքից  եկող խոնավությունը դրա հնարավորությունը չեն ստեղծում։  Թատրոնի ստեղծագործական կազմը ներկայացումների փորձերը կազմակերպում է հին ու խարխուլ սենյակում, իսկ արվեստանոցում ծնունդ առած տիկնիկները շատ արագ փչանում են տանիքի կաթոցներից: Գյումրու տիկնիկային թատրոնում աշխատող արվեստի գործիչների՝ դերասանների գործադրած ջանքերը` չտրամադրող միջավայրում, դժվար չէ կռահել, որոնք անտեսելով իրենց իսկ անտեսված լինելու հանգամանքը, հնությունից  արդեն հակահիգիենիկ դարձած թատրոնի շենքում փորձում են փոքրիկ հանդիսատեսի մեջ արվեստասեր հասարակություն ձևավորել։ 

Շուտով ամանորյա ներկայացումներն են, իսկ փոքրիկներին ներկայացման ավարտին տրվող արդեն վաղուց մոռացված նվերների փոխարեն, կրկին սպասում է խոնավ միջավայրը։ 
Մշակութային արժեքները կարծես կամաց-կամաց խեղդվում են անտեսված պայմաններում։ Իսկ ո՞վ է պատասխանատու՝ Գյումրու քաղաքապետարանը, Մշակույթի նախարարությունը, Կառավարությունը, թե՞ դեռևս չարձագանքած բարերարները։

Նարա Մարտիրոսյան