ՊՎԾ-ն «վիզ է դրել», որ մի բան գտնի

ՊՎԾ-ն «վիզ է դրել», որ մի բան գտնի

Ինչպես հայտնի է, վարչապետին կից Պետական վերահսկողական ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ էր անցկացնում Երևանի պետական համալսարանում։ Դեկտեմբերի 1-ին ավարտվել է ստուգումների անցկացման ժամկետը, սակայն ՊՎԾ-ն այն երկարաձգել է։ Այս մասին մեզ հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Նրան հարցրինք, թե նախնական ստուգումների արդյունքներով ՊՎԾ-ին որևէ բան հաջողվե՞լ է գտնել։ Ասաց, որ ինքը ոչ մի նախնական տվյալի չի տիրապետում․

«Ստուգումները չեն վերջացել, իրենք լրացուցիչ ժամկետը երկարացրել են, պետք է սպասել, որ ավարտվի, և իրենք կասեն։ Ես ոչ մի նախնական տվյալ չունեմ։ Իրենք էդպես որոշում են, երևի չեն հասցրել բոլորը ուսումնասիրել, այդ պատճառով էլ ժամկետը երկարացրել են»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ նախքան ստուգումների արդյունքների պարզ դառնալը, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ շուտով ԵՊՀ-ում խոշոր չարաշահումներ կբացահայտվեն, ինչին ի պատասխան ռեկտոր Սիմոնյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ որևէ չարաշահում չկա ԵՊՀ-ում, և ՊՎԾ-ն ոչ մի բան չի կարող գտնել։

Նշենք նաև, որ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊՎԾ-ից, սակայն պետական այս գերատեսչության հետ կապ հաստատելը «Ռուբիկոնն անցնելու» պես մի բան է, քանի որ որևէ հեռախոսահամար չի պատասխանում զանգերին՝ այդ թվում Դավիթ Սանասարյանինը։