Համազգայինում սպասողական վիճակ է

Համազգայինում սպասողական վիճակ է

Համազգային թատրոնում սպասողական իրավիճակ է, նախօրեին թատրոնի տնօրեն, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո գրել էր աշխատանքից ազատման իր դիմումը։ Ինչը կանխատեսելի էր, քանի որ Սուրեն Շահվերդյանի հրաժարականից հետո Չալդրանյանը մնացել էր միայնակ թատրոնի ողջ ստեղծագործական կոլեկտիվի առաջ, ովքեր դեկտեմբերի 1-ից գործադուլ էին անում։    
Դերասաններն այս պահին արդեն դադարեցրել են գործադուլը եւ սպասում են հետագա զարգացումներին, մասնավորապես՝ նոր նշանակումներին։ Ընթացակարգի համաձայն, առաջիկայում նախարարությունը կնշանակի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որից 2-3 ամիս անց նոր կհայտարարվի մրցույթ տնօրենի պաշտոնի համար։ Դրա արդյունքում պարզ կդառնա նոր տնօրենի անունը, ով էլ իր հերթին իրավասու կլինի նշանակել նոր գեղարվեստական ղեկավար։ 

Միակ ինտրիգն այս պահին այն է, թե արդյոք նախարարությունը կհաստատի՞ թատրոնի կոլեկտիվի առաջ քաշած թեկնածուներին, թե՞ անակնկալ կանի եւ տնօրենի ԺՊ-ի պաշտոնում կառաջադրի իր թեկնածուին։