Հայ գիրքը՝ նոր օրերում

Հայ գիրքը՝ նոր օրերում

Հաղթանակներով, անկումներով ու ալեկոծումներով է անցել հայ գրքի ճանապարհը, գրքեր են գրվել, հազարավոր աշխատություններ են ստեղծվել, ներկայացվել են այդ ճանապարհի անցյալը, ներկան, խոսվել է նրա գալիքից: Հայ գրքի լինելության անշրջելի փաստն այդ լինելության շարունակության հանդեպ վստահ համոզմունքին կարծրացած զգացում պիտի չհաղորդի: Հայ գրքի լինելությունը կախված է դրա շարժունակությունից, կյանքում, կենցաղում իրականության վերածվելու, իրականության անանջատելի մասը դառնալու կարեւորագույն հանգամանքից: Այնտեղ՝ այլ հողերում, որտեղ որ հանդիպեցի հայ գրքին, հանդիպեցի Հայաստանին, հայերենին, հայ ժողովրդին, այնտեղ, որտեղ չգտնվեց հայ գիրքը, անհետացան նաեւ Հայաստանը, հայերենը, հայ ժողովուրդը: 

Իսկապես, հեշտ չէ համակերպվել այն մտքի հետ, որ միլիոնավոր գրքերի շարքում, միլիոնավոր գրքերի կողքին անհետացած է հայ գիրքը, պարզապես գոյություն չունի՝ մնացել է սոսկ հայագիտական կենտրոնների հույսին, հայագիտական կենտրոններից դուրս այն պարզապես բացակայություն է, հորինվածք է, ցավալիորեն հաճելի պատահականություն: 

Այդպես է՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի գրադարաններում հնարավոր է պատահականորեն գտնվի մի դիպվածական հատոր, համանման անսպասելի՝ ոչ իր տեղում հայտնված մի ամսագիր, պատմական լուսանկարների ալբոմ, որոնք, իհարկե, այդչափ զորություն չունեն չափուկշռույթ հաղորդելու հայերենին, պատշաճորեն ներկայացնելու Հայաստանը, հայ ժողովրդի անցյալն ու ներկան:
Անշուշտ, հայ գրքի կենսունակության առհավատչյան Հայաստանն է, հայկական սփյուռքը մարդիկ են, որոնք պահպանում են հայերենը, խոսում են, գրում են հայերեն, սկզբնադրում, կազմավորում պետությունը, անվերջ պետականության ամրապնդման հերոսական փորձերով աշխատում ընդարձակել հայ մտքի ու երեւակայության տարածքները: 

Եվ, այդուհանդերձ, լինում են ժամանակներ, երբ անգամ հերոսական քայլերն են թե՛ ապարդյուն եւ թե՛ անշահեկան: Թվում է՝ այսօր հայ գիրքը հերոսական քայլերի կարիք առանձնապես չի էլ զգում, ավելի ճիշտ՝ այն մարդու, ում առօրյայում՝ հենց առօրյայում, հայ գիրքն իր բովանդակ, իր էութաբանական ակտիվ մասնակցությունն ունի, տարողությունն է այդ կյանքի՝ ո՛չ դեկորը, ո՛չ քայքայիչ փարիսեցիությունը, այն մարդու, ով այլ ափերում հայ գիրք որոնողներից է, այդ գրքի առանցքին մի դրվագ ավելացնողներից, ում ճամպրուկում դեռ պատվելի տեղ ունի հայ գիրքը: