Փաշինյանին օգնելու ճիշտ ձեւը շողոքորթելը չէ

Փաշինյանին օգնելու ճիշտ ձեւը շողոքորթելը չէ

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը երեկ մեզ հետ զրույցում դժգոհեց, որ ՔՊ-ն ՀՀԿ-ին է կանչում բանավեճի, ՀՀԿ-ն՝ ՔՊ-ին, դրանով ուզում են ասել, որ դաշտում միայն ՀՀԿ-ն է ու ՔՊ-ն, որ քվեները բաժանվեն նրանց միջեւ։ 

- Պարոն Սարգսյան, իսկ դուք քննադատո՞ւմ եք իշխանություններին այնպես, ինչպես հանրապետականները։

- Այո, իհարկե, քննադատում ենք։ Ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին օգնելու ճիշտ ձեւը ոչ թե նրան գովելը, շողոքորթելն է՝ դրա պակասը չունի Նիկոլ Փաշինյանը, այլ եղած թերությունները ցույց տալը։ Ու մենակ ցույց տալն էլ բավարար չէ, լուծում է առաջարկել պետք։ Ես ինչ խոսում էի, լուծում էի առաջարկում, բայց Ձեզ պետք է բանավեճ, սկանդալ, դա էլ Հանրապետականն ու ՔՊ-ն հասկացել են, իրենք խաղի մեջ են… ես դա չեմ անում։

- Որպեսզի մեր հոգու վրա մեղք չվերցնենք, առանց բանավեճի ու սկանդալի՝ խնդրում եմ հիմա նշել ձեր լուծումները կոնկրետ խնդիրների շուրջ։

- Կոնկրետ խնդիրների շուրջ ես ասում եմ՝ այն երկրները, ինչպիսին մենք ենք, որի համար մեկ խնդիրն աշխատատեղերի ստեղծումն է, չի կարող չօգտվել իր բնական ռեսուրսներից։ Մեր տնտեսությունը պիտի հենված լինի բնական ռեսուրսների վրա, եւ պիտի հանքարդյունաբերությունից հասնենք լեռնամետալուրգիայի։

- Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանն այս 6-7 ամսվա ընթացքում տվե՞լ է խոստում, որը չի կատարել։

- Գիտե՞ք, ես իմ խնդիրն էս 6-7 ամսում չեմ դրել էն, որ հետեւեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ խոստում է տվել, ինչը կատարել, ինչը՝ ոչ։

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Փաշինյանը հորդորում է Արցախի իշխանություններին՝ չխառնվել մեր գործերին։

- Ես գտնում եմ, որ Հայաստանը եւ Ղարաբաղը՝ միասին վերցրած, կարող են Ղարաբաղի հիմնահարցը լուծել այնպես, ինչը մենք համարում ենք հայանպաստ մի պարագայում, եթե էդ երկու երկրների իշխանությունները մի թիմ են։ Իսկ եթե իրենց մեջ վեճ կա, էդ շատ վատ է։

- Ո՞վ է այդ վեճը հրահրում։

- Առաջինը, իմ կարծիքով, Ղարաբաղի իշխանություններն էին, որ էնտեղից սկսեցին ինչ-որ հայտարարություններ անել։ Պետք չէր Սասուն Միքայելյանի հայտարարություններին Ղարաբաղի իշխանությունները պատասխանեին։ Ղարաբաղի նախագահն ունի հեռախոս, որ ուղիղ կապով միանում է Նիկոլ Փաշինյանին։ Նա էլ ունի նույն հեռախոսը, որով կարող էր Ղարաբաղի նախագահին ասել․ քո էդ ենթականերին ասեք՝ թող էսպես անեն։ Պետք չի էդ ամեն ինչը դնել ու սենց իրար դեմ… ո՞ւմ ենք ուրախացնում դրանով։ 

- Օրինակ՝ Հանրապետականին։

- Հանրապետականին որ ուրախացնենք՝ ոչինչ։ Դրանից Ադրբեջանն է ուրախանում։ Իսկ Հանրապետականը, ի՞նչ, ուրախանում է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները վատ են, ու եթե դրանից ինքը վատ է զգում, ուրեմն ՀՀԿ-ն էս երկրի լավը չի ուզում, իր մասին է մտածում, իր շահի ու իր առավելությունների։

- Ասում են՝ մտահոգված են։

- Մտահոգված են, ուրեմն թող ժամանակին մուծեին հարկերն ու հիմա գիշերը հանգիստ քնեին։