Քաղաքական «աջաբսանդալ» Արարատում

Քաղաքական «աջաբսանդալ» Արարատում

Արարատի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին վիճակված է ընտրապայքարի դուրս գալ  ամենաբարդ մարզում: Թեեւ իշխող «Իմ քայլի» թեկնածուները Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո ապահովագրված են ամեն տեսակի մրցակցությունից, բայց այս մարզն առանձնահատուկ ու անկանխատեսելի է: Արարատն այդպիսին է եղել «վաղնջական» ժամանակներից, եւ կարեւոր չէ, թե ով է այն ղեկավարում ու ինչ փորձառությամբ: Այստեղ ընտրությունները միշտ ուղեկցվել են նախընտրական եւ ետընտրական «ռազբորկաներով»: Վերջին ԱԺ ընտրությունները ռեյտինգային ընտրակարգի պատճառով ուղեկցվեցին աղմկահարույց կռիվներով, դանակահարությամբ: Այս մարզում քվեների համար «իրար միս էին ուտում» ոչ միայն մրցակից կուսակցությունների թեկնածուները՝ ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները, այլեւ նույն կուսակցության անդամները, մասնավորապես՝ ՀՀԿ-ականները:

ԲՀԿ-ականները ներքին համերաշխությամբ բաշխել էին տարածքները, եւ մեկը մյուսի տարածք չէր ներխուժում: 
 Իսկ այս ընտրությունների արդյունքից կախված է Գարիկ Սարգսյանի հետագա քաղաքական կարիերան: Եթե նա կարողանա ստանալ անհրաժեշտ քվեներ, ապա կշարունակի ղեկավարել Արարատի մարզը: Հակառակ դեպքում «կաքսորվի» ԱԺ՝ կոճակ սեղմելու, իսկ մարզը կղեկավարի այլ անձ: Լուրեր են շրջանառվում, որ այդ դեպքում մարզպետ կդառնա կա՛մ Ռազմիկ Թեւոնյանը, կա՛մ նրա որդի Սեւակը, ով նույնպես Արարատի մարզում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված է ռեյտինգային թեկնածու: Նախորդ ԱԺ ընտրությունների ժամանակ Ռազմիկ Թեւոնյանը, որն Արամ Սարգսյանի մտերիմ ընկերն է, «Ելք» դաշինքի համար զգալի քվեներ էր ապահովել: Ակնկալվում է, որ այս ընտրություններում նույնպես Թեւոնյանները կարդարացնեն սպասումները: Ի դեպ, մինչ Գարիկ Սարգսյանի մարզպետ նշանակվելը, որպես մարզպետացու շրջանառվում էր Ռազմիկ Թեւոնյանի անունը, սակայն Փաշինյանի ընտրությունը կանգ առավ երիտասարդ Գարիկի վրա, քանի որ նա հեղափոխության ակտիվիստներից  է:   

Արարատում նախընտրական իրավիճակն արտաքուստ հանգիստ է, խաղաղ եւ անվրդով: Այս անդորրը խախտողը, թերեւս, միայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է, ով անձամբ է ապահովում քաղաքական «թամաշան» հանրապետական մասշտաբով: Իսկ Արարատում արշալույսները խաղաղ են, եւ թվում է, թե Գարիկ Սարգսյանի գործերը բավականին աջ են գնում. բոլոր համայնքներում բնակիչները նրան դիմավորում են, որոշ տեղերում՝ զուռնա-դհոլով, աղուհացով, երեխաների երգուպարով: Այս ամենը, իհարկե, կազմակերպում են համայնքապետերը: Եվ թվում է, թե երիտասարդ թեկնածուն մտահոգվելու բան չունի, բայց դա միայն արտաքին տպավորություն է: Կուլիսների ետեւում բոլորովին այլ է իրավիճակը:  Չմոռանանք մարզի բդեշխների մասին, որոնք տարիներ շարունակ մարզը պահել են իրենց բռի մեջ ու, հետեւաբար, իրենց կլանի ավարտն ու պարտությունը հեշտությամբ թույլ չեն տա: 

Այստեղ միշտ ուժեղ է եղել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը: Աբրահամյանի որդին՝ Արգամը, ով Գագիկ Ծառուկյանի փեսան է, եղել է ԲՀԿ-ով առաջադրված ռեյտինգային  թեկնածուների թվում, սակայն վերջին պահին որոշել է այս լարված ժամանակաշրջանում չմտնել քաղաքական մրցավազքի մեջ, որ եւս մեկ անգամ չհյուրընկալվի ԱԱԾ-ին ու իրավապահներին: Բայց դա չի նշանակում, թե Աբրահամյանները խելոք գնալու են ու քվեարկեն «Իմ քայլի» օգտին: Նրանք անաղմուկ, առանց նախկին աժիոտաժի, տակից աշխատում են ԲՀԿ-ի եւ Կարինե Պողոսյանի՝ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ դստեր համար: Պողոսյանն Աբրահամյանների օգնությամբ Արտաշատում կապահովի իր եւ ԲՀԿ-ի անհրաժեշտ տոկոսը: Մասիսի տարածաշրջանում ԲՀԿ-ից 2 ռեյտինգային թեկնածու է առաջադրված՝ 12 տարուց ավելի պատգամավորի մանդատ վայելող Տիգրան Ստեփանյանը եւ Վոլոդյա Դալլաքյանը: Վերջինս Մասիսում ճանաչված Ավետիք Դալլաքյանի՝ Ջրերի Ավոյի որդին է, ով երկար ժամանակ եղել է տարածաշրջանի ոռոգման ցանցի տնօրենը, սակայն ՀՀԿ-ԲՀԿ տարածքային հակամարտության արդյունքում ՀՀԿ-ականներն ազատել էին աշխատանքից, քանի որ նա ԱԺ ընտրություններին սատարում էր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանին: Իսկ նրա որդի Վոլոդյա Դալլաքյանը Մասիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ ընտրապայքարի մեջ էին իր հայրը եւ ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը, վերջինիս թիմակիցների հետ տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով դատվել եւ որոշ ժամանակ եղել է ազատազրկված: Այս անգամ Սաշա Հակոբյանը սատարում է Դալլաքյանին կուսակից-մրցակից ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանին: ԲՀԿ-ականներ Ստեփանյանն ու Դալլաքյանը, փաստորեն, պայքարելու են ոչ միայն մրցակից կուսակցությունների դեմ, այլեւ քվեներ են փախցնելու մեկը մյուսից: 

Ինչ վերաբերում է Արարատի մարզի ՀՀԿ-ականներին, նրանցից շատերը նման են Թուքիայում ապրող ծպտյալ հայերի, որոնք «քաղաքական բնաջնջումից»՝ ասֆալտին պառկելուց ու պատին ծեփվելուց փրկվելու համար թաքցնում են իրենց  քաղաքական կողմնորոշումը: Նրանք առերեւույթ լավ են մարզպետի պաշտոնակատարի հետ, նրան ջիգյարով ընդունում-ճանապարհում են, կողմնակի մարդկանց մոտ, իբր, քարոզում են նրա օգտին, բայց իրականում իրենց մտերիմ-հարազատների հետ թաքուն ցանցային քարոզ են անում ՀՀԿ-ի օգտին: Այդ ամենն անում են՝ առանց իրենց բնորոշ սպառնալիքների ու պարտադրանքի: Այս անգամ ընտրապայքարում չկան Ավշարի Գրիգորյան եղբայրները, որոնք ծանր են տանում քաղաքական վերջին իրադարձությունները եւ երկրում տեղի ունեցած փոփոխությունները: Նրանց շատ է տխրեցրել, որ մեկ տարի առաջ հսկայական գումարներ են ծախսել ԱԺ ընտրությունների վրա, ամբողջ Հայաստանում ամենաշատ քվեները ՀՀԿ-ի համար իրենք են ապահովել, ու այդ ամենը, պարզվեց, անիմաստ էր: Այս անգամ Սերժ Սարգսյանին չի հաջողվել նրանց համոզել՝ առաջադրվել որպես ռեյտինգային թեկնածու: Թեեւ Գրիգորյաններն անձամբ չեն մասնակցում, բայց սատարում են մարզում ՀՀԿ-ից առաջադրված Կարո Կարապետյանին՝ Սուրենավանի գյուղապետ, «Դուշման Կարո» մականունով ռեյտինգային թեկնածուին, ով մարզում իրենց վստահելի մարդկանցից է: Այս անգամ ՀՀԿ-ականները քվեների համար իրար «փոր չեն թափի»: Մասիսի տարածաշրջանի շատ ՀՀԿ-ական համայնքապետեր, նույնպես գաղտնի, սատարում են ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանին, ում Սերժ Սարգսյանը եւս դժվարությամբ է համոզել ռեյտինգային թեկնածու առաջադրվելու հարցում:  

ՀՀԿ-ական գյուղապետերի համար, սակայն, սառը ցնցուղ է եղել Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավի ժամանակ հնչեցրած հաթաթան, թե անձամբ է գնալու նրանց հետեւից, վզներից բռնելու է ու դուրս շպրտի իրենց սենյակներից: Այդ ելույթից հետո մարզի որոշ ՀՀԿ-ական համայնքապետեր ուղղակի դուրս են եկել «ռադարներից», չեն պատասխանում  հեռախոսազանգերին, աշխատավայրերում չեն, եւ ոչ ոք չգիտի նրանց տեղը: Ոմանք աշխատակիցների հետ ժողովներ են արել եւ ասել, որ անպայման գնան ընտրության եւ ում ուզում են՝ ընտրեն: Շեշտել են նաեւ, որ իրենք ոչ մի բանի չեն խառնվում: 

Արարատի մարզում այս անգամ ռեյտինգային կարգով առաջադրվել է նաեւ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը: Նա առաջադրվել է «Մենք» դաշինքից: Եթե հաշվի առնենք նաեւ Արամ Սարգսյանի գործոնը, ապա կարելի է ենթադրել, որ դաշինքն այստեղ կստանա բավականին քվեներ: Մարզում որոշ չափով համակիրներ ունեն նաեւ ՀՅԴ-ն ու «Սասնա ծռերը»: Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ ընտրության արդյունքներն Արարատի մարզում լինելու են բավականին խայտաբղետ ու անկանխատեսելի: Մնում է միայն հուսալ, որ գոնե արտաքուստ խաղաղ մթնոլորտը կշարունակվի մինչեւ ընտրությունների ավարտը, եւ այս անգամ աղմկահարույց դեպքեր չեն արձանագրվի: