Նախագահների լեքսիկոնից
Որքան էլ զգույշ լինեն պետական գործիչներն ու սեփական խոսքի նկատմամբ ուշադիր, նրանք տարբեր ֆորսմաժորային իրավիճակներում են հայտնվում եւ երբեմն ավելորդ արտահայտություններ, սխալ ձեւակերպումներ, նյարդային արձագանք, դիմացինի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորում։ Ոչ ոք չի մոռացել Սերժ Սարգսյանի՝ թարս աճած խիարի, բողոքով իրեն դիմած կնոջն ուղղված «եկել ես մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես» կամ ժամանակի թեւավոր խոսքերից մեկը դարձած «իյա, իրո՞ք», «Տարոն ջան, սիրուն չի» արտահայտությունները։ Ռոբերտ Քոչարյանն այդ առումով ավելի հարուստ «ժառանգություն» է թողել՝ է՛լ «վատ պարողին ինչն է խանգարում», է՛լ «կլիզման» ու «վիզկապը», «միակ տղամարդն» ու «մասանդրան»։
Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանի հերթը։ Նա 6 ամսում արդեն հասցրել է այնքան «նյութ» տալ բանահավաքներին, որ եթե սրանից հետո միմիայն գրական ու մաքրամաքուր հայերենով խոսի ու լեզվական «ագրեսիա» չարտահայտի, ասվածը բավարար է, որ նա իր «պատվավոր» տեղը զբաղեցնի նախկին նախագահների կողքին։ «Ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «պառկըցնել» ու «նստըցնել», «վզներից բռնել, դուրս շպրտել» եւ այլն, եւ այլն։
Դժվար է լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում եւ չսայթաքել։ Դժվար է ստանձնել բացարձակ պատասխանատվություն՝ երկրի համար բարդագույն շրջանում եւ չունենալ նյարդային պոռթկումներ։ Ոչ մեկը, անշուշտ, քարից չէ, եւ ցանկացած մեկի նյարդերը կարող են տեղի տալ։ Բայց որքան բարձր է մարդու պաշտոնը, այնքան մեծ է պատասխանատվությունը նաեւ վերբալ առումով։
Ի վերջո՝ ասված խոսքը նյութականանալու, իսկ լարված մթնոլորտը փոխանցվելու-տարածվելու հատկություն ունեն։ Նյարդերդ լարված են, լիցքաթափվելու եղանակներ գտիր, թույլ մի տուր, որ քեզ սադրեն, եւ դառնաս անկառավարելի։
Կարծիքներ