Ես խնդիր չեմ դրել հետևել՝ Նիկոլ Փաշինյանն ինչ խոստում է տվել, ինչը կատարել է, ինչը՝ ոչ

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը այսօր Hraparak.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ ՔՊ-ն ՀՀԿ-ին է կանչում բանավեճի, ՀՀԿ-ն՝ ՔՊ-ին, և դրանով ուզում են ասել, որ դաշտում միայն ՀՀԿ-ն է ու ՔՊ-ն, որ, ըստ Սարգսյանի, քվեները բաժանվեն իրենց և «Իմ քայլի» միջև։ Նկատեցինք, որ անցած ընտրություններին ասում էին, թե ՀՀԿ-ին պետք էր, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցեր ընտրություններին և որպես ընդդիմադիր մտներ խորհրդարան, հիմա էլ տեսակետ կա, որ Փաշինյանին ձեռնտու էր, որ ՀՀԿ-ն մտներ պայքարի մեջ և լիներ իր մրցակիցն ու քննադատության թիրախը։
«Գիտե՞ք, ես կարծում եմ, որ մարդկային նման խմբեր մշտապես պիտի լինեն, որոնք որևիցե տարբերակ քննարկումից դուրս չպիտի թողնեն ու որևիցե տարբերակ չպիտի նայվի, որը կարող էր լինել, բայց չեղավ։ Բայց ես անձամբ դավադրությունների տեսության կողմնակից չեմ, ես կոնկրետ մարդ եմ։ Թե ում էր ինչ ձեռնտու, դա զգայական բան է։ Իրականում մեր քաղաքական դաշտում, ցավոք, էդ նրբությամբ որևէ մեկը չի կարողանում պլանավորել։ Շատ քիչ քաղաքական գործիչներ եմ տեսել, որոնք մեկ, երկու, երեք քայլանոց ինչ-որ բաներ կարողացել են պլանավորել, դրանք էլ ամենաբարձր էշելոնում»,-ասաց նա։
-Հիմա դուք ձեր քարոզարշավը ի՞նչ թեզերով եք կառուցում, միայն ձեր դաշինքի ծրագի՞րն եք ներկայացնում, թե՞ նաև քննադատություն կա նախկին ու ներկա իշխանությունների հասցեին։
-Մենք հիմնականում ծանոթացնում ենք մեզ ու «Մենք» դաշինքին։ Առաջին հերթին ասում ենք, որ մենք արևմտյան արժեքներ կրող ուժ ենք և գտնում ենք, որ երկուսուկես միլիոն մարդու մեջ պիտի գտնվի 100-150 հազար, 200 հազար մարդ, որ էդ արժեքները կիսի։ Եթե չկա էդքան մարդ, ուրեմն իսկապես արժե Ռուսաստանի, ասենք, Մագադանի մարզի նման մարզ դառնալ։
-Բայց դուք գնում եք ընդդիմություն լինելու, իսկ ընդդիմությունը ժողովուրդը պատկերացնում է ընդդիմանալով, իշխանություններին, գործող կառավարությանը քննադատելով։
-Մենք գնում ենք Ազգային ժողովում լինելու, իսկ ընդդիմություն լինել չի նշանակում գործող իշխանությունների անհաջողություններից ուրախանալ կամ էնպես անել, որ գործող իշխանություններն անհաջողություն ունենան; Այո, մենք գնում ենք ընդդիմություն լինելու, բայց մենք չենք չարախնդում Նիկոլ Փաշինյանի վարած, ասենք, վատ քաղաքականությամբ կամ տնտեսական քաղաքականության բացերով։
-Իսկ քննադատո՞ւմ եք նրա ելույթները։
-Իհարկե քննադատում եմ։ Դուք եք լրագրող, Դուք պիտի ասեք, որ Արամ Սարգսյանը մշտապես ճիշտն ասել է ու քննադատել է՝ դա իր վրա վերցնելով։ Այո, իհարկե, քննադատում ենք։ Ու ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանին օգնելու ճիշտ ձևը, կամ էս պետությանը, էս կառավարությանն օգնելու ճիշտ ձևը ոչ թե նրան գովել, շողոքորթելն է, դրա պակասը չունի Նիկոլ Փաշինյանը, այլ եղած թերությունները ցույց տալը։ Ու մենակ ցույց տալն էլ բավարար չէ, լուծում է առաջարկել պետք։ Ես ինչ խոսում էի, լուծում էի առաջարկում, բայց հենց խնդիրը հասնում է լուծումին, դուք՝ լրագրողներդ, ընդհատում եք ու տանում եք ձեր ուզած հարցին։ Ձեզ պետք է բանավեճ, ձեզ պետք է սկանդալ, դա էլ Հանրապետականն ու ՔՊ-ն հասկացել են, իրենք խաղի մեջ են․․․․ ես դա չեմ անում։
-Որպեսզի մեր հոգու վրա մեղք չվերցնենք, առանց բանավեճի ու սկանդալի՝ խնդրում եմ հիմա նշել ձեր լուծումները կոնկրետ խնդիրների շուրջ։
-Կոնկրետ խնդիրների շուրջ ես ասում եմ՝ այն երկրները, ինչպիսին մենք ենք, որի համար մեկ խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է, չի կարող չօգտվել իր բնական ռեսուրսներից։ Մեր տնտեսությունը պիտի հենված լինի բնական ռեսուրսների վրա, և պիտի հանքարդյունաբերությունից հասնենք լեռնամետալուրգիայի։
-Սա Նիկոլ Փաշինյանի թիմը չի՞ ասում, թե՞ հակառակն է ասում։
-Գիտե՞ք, Նիկոլ Փաշինյանի թիմը, «Ելք» դաշինքի ժամանակ էլ ես էդ բոլոր ծրագրերը դնում էի ու որոշ չափով ասում էր։ Եթե Դուք հետևել եք, Ազգային ժողովում Փաշինյանի ներկայությամբ ես ելույթ ունեցա, և ինքն ասաց՝ այո, ճիշտ եք ասում, ես նույնիսկ 4-րդ փուլի կողմնակից եմ, որ ոչ միայն կաբել դառնա, այլ նաև ռադիոտեխնիկական արտադրանք։ Բայց իրենց ծրագրում դրված է, որ էս պետության առաջնահերթություններն են՝ ՏՏ տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, երրորդը՝ տուրիզմ։ Ես ասում եմ, որ էս երեք ուղղություններով էլ ոչինչ չի արվում, ուղղակի ասվել է ու մնացել։
-Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանն այս 6-7 ամսվա ընթացքում տվե՞լ է խոստում, որը չի կատարել։
-Գիտե՞ք, ես իմ խնդիրը էս 6-7 ամսում չեմ դրել էն, որ հետևեմ, թե Նիկոլ Փաշինյանը ինչ խոստում է տվել, ինչը կատարել, ինչը՝ ոչ։
-Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Փաշինյանն արդեն հորդորում է Արցախի իշխանություններին՝ չխառնվել իրենց գործերին։
-Ես գտնում եմ, որ Հայաստանը և Ղարաբաղը միասին վերցրած՝ կարող են Ղարաբաղի հիմնահարցը լուծել այնպես, ինչը մենք համարում ենք հայանպաստ մի պարագայում, եթե էդ երկու երկրների իշխանությունները մի թիմ են։ Իսկ եթե իրենց մեջ վեճ կա, էդ շատ վատ է։
-Ո՞վ է այդ վեճը հրահրում։
-Առաջինը, իմ կարծիքով, Ղարաբաղի իշխանություններն էին, որ միանգամից էնտեղից սկսեցին ինչ-որ հայտարարությւոններ անել։ Պետք չէր, որ Սասուն Միքայելյանի հայտարարություններին Ղարաբաղի իշխանությունները պատասխանեին։ Ղարաբաղի նախագահն ունի հեռախոս, որ ուղիղ կապով միանում է Նիկոլ Փաշինյանին։ Նա էլ ունի նույն հեռախոսը, որով կարող էր Ղարաբաղի նախագահին ասել՝ քո էդ ենթականերին ասեք, թող էսպես անեն։ Պետք չի էդ ամեն ինչը դնել ու սենց իրար դեմ․․․ ո՞ւմ ենք ուրախացնում դրանով։ Ո՞ւմ։
-Օրինակ՝ Հանրապետականին։
-Հանրապետականին որ ուրախացնենք՝ ոչինչ։ Թող ուրախանան։ Դրանից Ադրբեջանն է ուրախանում։ Իսկ Հանրապետականն, ի՞նչ, ուրախանում է, որ Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները վա՞տ են, ու եթե դրանից ինքը վատ է զգում, ուրեմն ՀՀԿ-ն էս երկրի լավը չի ուզում։ Ուրեմն ՀՀԿ-ն միայն ինքն իր մասին է մտածում, իր շահի ու իր առավելությունների։
-Ասում են՝ մտահոգված են այդ հայտարարություններով։
-Մտահոգված են, ուրեմն թող ժամանակին մուծեին հարկերը ու հիմա գիշերը հանգիստ քնեին։
Կարծիքներ