Սասուն Միքայելյանը ոչ մի սխալ բան չի ասել

Սասուն Միքայելյանը ոչ մի սխալ բան չի ասել

Ընդհանրապես աշխատում եմ Սասուն Միքայելյանի ելույթները չլսել։ Հիմնականում կամ չեմ հասկանում, թե ինչ է ասում, կամ էլ տարակուսելի մտքեր է արտահայտում։

Ու առհասարակ, ինձ համար հասկանալի չէ Սասուն Միքայելյանի ակտիվ ներկայացվածությունը քաղաքական համակարգում։ Միգուցե քաղաքականությունը ամենահարմար ոլորտը չէ, որտեղ պարոն Միքայելյանը կարող էր դրսևորվել։

Բայց անկախ ամեն ինչից օրեր առաջ Սասուն Միքայելյանը չափազանց բովանդակային մի միտք արտահայտեց։ Զարմացել էի։ Կարծես թե Միքայելյանն իր կամքից անկախ կրկնում էր անգլիացի նշանավոր պատմագետ Առնոլդ Թոյնբիին։ Իսկ ինչո՞ւ իր կամքից անկախ, որովհետև դժվար թե նա կարդացած լինի Study of History բազմահատորյակը։

«․․․ես այս պահին չեմ վախենում ու վարանում ասել, որ այս հաղթանակը ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը»։ Ահա և պարոն Միքայելյանի առաջին հայացքից տարակուսելի թվացող հայտարարությունը։

Թոյնբիի առաջ քաշած հարացույցի համաձայն արտաքին մարտահրավերները երբեք չեն կարող վճռական նշանակություն ունենալ այս կամ այն պետության, հանրույթի կամ էլ քաղաքակրթության վախճանի գործում։ Պետության ոչնչացման կամ էլ ճգնաժամի առաջնային պատճառները միշտ ներքին են լինում։ Արտաքին մարտահրավերները միշտ էլ առկա են, և խնդիրն այն է, թե հանրույթը ինչպես է պատասխանում այդ մարտահրավերներին, պատասխանում է, թե՞ ոչ: Եթե հանրույթը կարողանում է կենսունակություն դրսևորել և լուծել ներքին խնդիրները, ապա նաև կպատասխանի արտաքին մարտահրավերներին, իսկ եթե ոչ, ապա տարերային արտաքին աղետը կգա և կուլ կտա այդ հանրույթին, քանի որ վերջինս ներքին անկայունության ու թուլության պատճառով ի զորու չէ դիմագրավել արտաքին մարտահրավերներին։

Սասուն Միքայելյանի հայտարարությունը պետք է մեկնաբանվի հենց այս հարացույցի տրամաբանությամբ։ Եթե Հայաստանը չկարողանար կարգավորել իր ներքին խնդիրները, հեռացնել պետությունը կազմաքանդող ու քայքայող իշխանություններին, ապա չէր կարող նաև դիմագրավել արտաքին մարտահրավերներին, այդ թվում և՝ ադրբեջանական ագրեսիային։ Այսինքն Սասուն Միքայելյանը, առավելությունը տալով ներքին հիմնախնդրին, դրա միջոցով  է տեսնում արտաքին վտանգին դիմակայելու ճանապարհը։ Բնական է, եթե Հայաստանը թույլ լինի, ապա չի կարող հաղթել պատերազմում։ Եթե անպատրաստ լինի, ապա չի կարող պաշտպանել Արցախի հայ բնակչությանը։

Ասվածի համատեքստում Թավշյա հեղափոխությունը Միքայելյանի կողմից դիտարկվում է որպես կենսունակ ու զարգացող պետություն ստեղծելու գրավական։ Պետություն, որը կկարողանա ըստ պատշաճի դրսևորվել տարածաշրջանում։

Փաստորեն Սասուն Միքայելյանը ոչ մի սխալ բան չի ասել, ավելին՝ նա հանրության ուշադրությունը հրավիրել է շատ կարևոր խնդրի վրա։ Եթե Հայաստանը չլուծի իր ներքին խնդիրները, ապա Ադրբեջանին հաղթելու որևէ շանս չունի։ Այս տեսանկյունից, այո՛, Թավշյա հեղափոխությունը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ մարտահրավեր, քանի որ դա այն խաղաքարտն է, որի հիմքի վրա կարելի է պատասխանել արտաքին աշխարհին։

Իհարկե շատերը ի զորու չեն ընկալել ոչ Թոյնբիի հարացույցը և ոչ էլ Սասուն Միքայելյանի հայտարարությունը։ Նրանք նացիոնալիստական արգելքներով սահմանափակված մարդիկ են, որոնց դատողությունն ու մտածողությունը հայտնվել է հավերժական շրջապտույտի մեջ։ Շրջապտույտ ֆետիշների ու կուռքերի շուրջ ու ամենակարևորը անշեղ ընթացքով։ Արցախը փակ թեմա է, դրա մասին կենաց և ոչինչ ավելի։ Փորձիր այդ ուղղությամբ նույնիսկ մտածել և նացիոնալիստական տիղմի միջից գլուխները վեր բարձրացրած ասպետները քեզ անմիջապես կուլ կտան։