Դիանա Գասպարյանը հոնքը շարժելով հարցե՞ր է լուծում, թե՞ «թալանն» է հետ բերում
Չնայած որ դեռևս չկա դատարանի՝ ուժի մեջ մտած որոշում, սակայն ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարություն արեց, որ Մանվել Գրիգորյանն՝ իրեն պատկանող շուրջ 40 անուն գույք ձեռք է բերել խախտումներով։ Առաջ անցնելով իրադարձություններից ու ՀՔԾ պետի հայտարարությունից ոգևորվելով՝ գործին միջամտել է նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն՝ ասելով, որ Գրիգորյանի սեփականություն հանդիսացող հողատարածքները համայնքին վերադարձնելու օրինական մեխանիզմներ է փնտրում ու համագործակցում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ․
«Էջմիածին քաղաքում խոսքը վերաբերում է (ընդ որում՝ առայժմ) ընդհանուր 174,290.6 քմ տարածքի: Մենք խոստացել ենք, որ ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է վերջինիս եւ հետամուտ ենք այդ խոստման իրագործմանը»,- մասնավորապես գրել է Գասպարյանը։
Մանվել Գրիգորյանի պաշտպան, «ԼԵՎ գրուպ» իրավաբանական ընկերության ղեկավար Լևոն Բաղդասարյանին հարցրինք, թե ի՞նչ մեխանիզմների մասին է խոսում քաղաքապետը, արդյոք ՏԻՄ ներկայացուցիչն ունի՞ նման լիազորություններ ու մեխանիզմներ՝ որևէ մեկի սեփականությունն օտարելու․
«Ես չգիտեմ՝ ինչ մեխանիզմների մասին են խոսում, ես ուղղակի կասեմ հետևյալը, որ և՛ մեր ներպետական օրենքները, և՛ մեր Սահմանադրությունը, և՛ Եվրոպական կոնվենցիան, ինչպես նաև դատական նախադեպերը տալիս են բոլոր այն մեխանիզմները, օրենքի դրույթները, որոնցով պետք է ուղղակի ղեկավարվի պետական լիազոր մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը։
Նման հայտարարությունը ես դիտարկում եմ որպես մերկապարանոց, և առավել ևս ընտրություններից առաջ ցանկալի չէ շահարկել քրեական գործը։ Ավելին՝ նման գործառույթներ սկսելու օրենքով սահմանված կարգը պարտադիր պայման է դիտում, որ այդ մասին առաջինը իրազեկվի տվյալ գույքի սեփականատերը, որպեսզի ինքը կարողանա օրենքով սահմանված կարգով իր գործառույթներն իրականացնել։
Ասեմ ավելին՝ ես այսօր հարցում եմ արել պետական լիազոր մարմնին՝ նախարարությանը՝ հարցադրման մեջ նշելով, թե ո՞րն է պատճառը, որ եթե կա նման գործառույթ, ինչպես հայտարարում է քաղաքապետը, ո՞րն է պատճառը, որ այդ մասին սեփականատերը իրազեկված չէ։ Գիտեք՝ ես կարծում եմ, որ երկրում ուղղակի պետք է բացառել ընտրովի արդարադատությունը, ընտրովի քննությունը, պետք է նաև դրա պատասխանատու անձը իրազեկ լինի բոլոր օրենքներին և բացառապես շարժվի օրենքներով, հակառակ պարագայում՝ պետք չէր այս հեղափոխությունը, պետք չէր այս իշխանափոխությունը»։
Բաղդասարյանին հարցրինք նաև, թե կա՞ն մեխանիզմներ աճուրդն անվավեր ճանաչելու և աճուրդով ձեռք բերված գույքի վրա արգելանք դնելու․
«Իհարկե, հնարավոր է, ուղղակի դա օրենքը կարգավորում է, թե ինչպես պետք է լինի, ոչ մի պետական չինովնիկ, այդ թվում նախարար կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ, իրավունք չունի անվավեր ճանաչելու։ Դա կարգավորվում է օրենքով, կան մեխանիզմներ, գործիքներ, մեր ներպետական օրենքները գործում են։ Մենք չենք ապրում աֆրիկյան մի վայրի երկրում, որտեղ պետական չինովնիկի հոնքը շարժվելով կամ քաղաքապետի ցանկությամբ այդ գույքերը օտարվեն։ Պետք է բացառել տոտալ ունեզրկումը, որն անթույլատրելի է»։
Մանվել Գրիգորյանի պաշտպանը «Հրապարակին» նաև տեղեկացրեց, որ իրավական գործընթաց է սկսել․ «Իմ կողմից արդեն սկսվել է իրավական գործընթաց՝ հասկանալու համար, թե առկա՞ է հանցակազմ, թե՞ ոչ, որից հետո օրենքով սահմանված կարգով կպատրաստեմ համապատասխան գրություններ լիազոր մարմնին՝ այդ թվում նաև իրավապահ մարմիններին»,- մեզ հետ զրույցում ասաց Լևոն Բաղդասարյանը։
Կարծիքներ