Ի՞նչ է ուզում Դաշնակցությունը

Ի՞նչ է ուզում Դաշնակցությունը

Դաշնակցության Արցախի կառույցն անցկացրել է շրջանային ժողով: Ընտրվել է նոր Կենտրոնական կոմիտե, որի ներկայացուցիչը, սակայն, չի փոխվել: ԿԿ-ի անդամ է ընտրվել Արթուր Մոսիյանը, որ վերջին հինգ տարիներին սառեցրել էր ՀՅԴ-ին անդամակցությունը եւ զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը: Կուսակցության շարքեր Մոսիյանի վերադարձը, մանավանդ  ԿԿ անդամ ընտրվելը մեկնաբանների շրջանում ընկալվեցին այնպես, որ նա գալիք տարվա նախագահական ընտրություններում կլինի Դաշնակցության թեկնածուն: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ վերընտրված Դավիթ Իշխանյանը, սակայն, «Ապառաժին» տված հարցազրույցում ասում է, որ շրջանային ժողովն իրենց հանձնարարել է մինչեւ աշուն բանակցություններ վարել մյուս քաղաքական ուժերի հետ՝ «նախ համաձայնեցնելու միասնական օրկարգը, ապա քննարկելու նախագահի համաձայնեցված, միասնական թեկնածուի հարցը»: Այդ փուլն անցնելուց հետո աշնանը կգումարվի արտահերթ շրջանային ժողով՝ «ՀՅ Դաշնակցության կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը որոշելու համար»:

Հարց է ծագում՝ եթե Դաշնակցությունը մյուս ուժերի հետ բանակցություններ է սկսում՝ համաձայնեցնելու նախագահի միասնական թեկնածուի հարցը, ապա խոսքն ի՞ր թեկնածուի մասին է, նրա՞ն է ներկայացնելու որպես միասնական թեկնածուի հավակնորդի, թե՞ ինքն է միանալու որեւէ այլ ուժի: Ի՞նչ է ուզում Դաշնակցությունը, ինչպե՞ս է պատկերացնում միասնական թեկնածուի հարցում համաձայնությունը, երբ գրեթե բոլոր քաղաքական ուժերն արդեն իսկ հայտարարել են, որ առաջադրելու են նախագահի սեփական թեկնածու: Ընդ որում, ինչպես հասկացվում է Դավիթ Իշխանյանի ասածից, Դաշնակցությունը նույնպես չի բացառում սեփական թեկնածու առաջադրելու տարբերակը:

Ըստ երեւույթին, ՀՅԴ Արցախի կազմակերպությունը հայտնվել է բավական բարդ կացության մեջ. սեփական ռեսուրսները չեն բավարարում նախագահի  թեկնածու առաջադրելու, ինչպես նաեւ խորհրդարանական մրցապայքարում անցողիկ շեմը հաղթահարելու համար: Մնում է ընտրություններին գնալ դաշինքով: Դրա համար էլ շրջանային ժողովը որոշել է շեշտը դնել ներքին համախոհության եւ միասնականության ապահովման, նախագահի միասնական թեկնածուի շուրջ համաձայնության անհրաժեշտության  վրա: 2007թ. այդ տարբերակն աշխատել է, եւ Դաշնակցությունը 12 տարի է՝ Արցախում իշխանության մաս է կազմում: Երեւում է, դա բավական հարմարավետություն է ապահովում, որից ՀՅԴ-ն չի ուզում հրաժարվել: Եւ ձգտում է գալիք ներիշխանական վերադասավորումներում պահպանել ներկայիս դիրքերը: Խնդիրն այն է՝ կընդունե՞ն Դաշնակցության առաջարկները մյուս քաղաքական ուժերը: Այս պահի դրությամբ նախագահի միասնական թեկնածուի հարցում լայն համաձայնությունը նվազ հավանական է թվում: Հնարավոր է՝ Դաշնակցությունը եւ եւս մեկ-երկու ուժեր ձեւավորեն միասնական օրակարգ, առաջադրեն նախագահի իրենց միասնական թեկնածուին: Այդ դեպքում նրանք գոնե կապահովեն ներկայությունն ապագա Ազգային ժողովում: Դաշնակցության համար դա մեծ հաջողություն կլինի: