Այլընտրանքի բացակայություն
Ես շարունակում եմ մտածել, որ ճիշտ կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունը հեղափոխությունից հետո փակեր իր գրասենյակի դռներն ու հեռանար քաղաքական ասպարեզից՝ իր տեղը զիջելով նոր, երիտասարդ, չվարկաբեկված եւ անցյալի բեռն իրենց ուսերին չկրող ուժերին։ Ճիշտ կլիներ, եթե իրեն չարդարացրած եւ ժողովրդի վստահությունը կորցրած քաղաքական ուժը՝ իր առաջնորդի հետ, ինքնալուծարման գործընթաց անցներ։ Անշուշտ, դա չի նշանակում, որ ՀՀԿ շատ անդամներ այլեւս չպետք է քաղաքականությամբ զբաղվեն՝ բոլորովին։
Նրանցից շատերը կարող են նոր քաղաքական կենսագրություն սկսել, իսկ ՀՀԿ-ի քաղաքական-գաղափարական թեւը կարող է նոր մարդկանց հետ նոր քաղաքական ուժ ձեւավորել եւ մասնակցել քաղաքական պայքարին՝ նոր անվան տակ, նոր գաղափարախոսության ու մարտավարության կիրառմամբ։ Այն, որ գոնե նման վերակազմավորում՝ ռեբրենդինգ տեղի չունեցավ, եւ նոր քաղաքական ուժեր էլ այս ընթացքում չհասցրեցին ձեւավորվել, մեր իշխանությունների մեղքն է, նրանց շտապողականության արդյունքը։ Եվ այն, որ մենք այսօր, մեծ հաշվով, չունենք լիարժեք այլընտրանք՝ պետք է ընտրենք իրեն չարդարացրած հնի եւ կասկածելի նորի միջեւ, կրկին գործող իշխանությունների մեղքով է։ Եթե գոնե 2-3 ամիս ժամանակ լիներ, վստահ եմ, կձեւավորվեին նոր ուժեր։
Հները կհեռանային կամ կվերակազմավորվեին, ասպարեզում նոր, երիտասարդ մարդիկ կհայտնվեին եւ կհասցնեին ճանաչելի դառնալ հանրությանը։ Իսկ այսօր, երբ ընտրություններին հազիվ 10 օր է մնացել, նրանք, ովքեր արդեն հասցրել են հիասթափվել «Քաղպայմանագրից» ու Նիկոլ Փաշինյանից, իսկ ՀՀԿ-ից վաղուց էին հիասթափվել, մեծ հաշվով, ընտրության հնարավորություն չունեն։ 11 քաղաքական ուժի առկայությունը բոլորովին չի նշանակում, որ կա ընտրության բազմազանություն։
Կարծիքներ