Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով նիստը հետաձգվեց

Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով նիստը հետաձգվեց

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը քիչ առաջ հետաձգվեց։ Այն կշարունակվի երկուշաբթի օրը։ Առավոտից մեկնարկած դատական նիստին պաշտպանական կողմը կարողացել է միայն մի բողոք ներկայացնել ամբողջությամբ, մինչդեռ նրանց բողոքների թիվը ընդհանուր առմամբ երեքն է։

Նիստն էլ հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր առավոտից քննում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքը։ Նիստին մասնակցում է վեց դատախազ, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Քոչարյանը եւս ներկա է նիստին։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար։