Ապարդյունության տխուր մեղեդին

Ապարդյունության տխուր մեղեդին

Մե՞նք ենք օտար մեր երկրում, թե՞ մեր երկիրը՝ մեր հոգում։ «Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ»։ Ինչո՞ւ մինչեւ Իսահակյանը մենք մեր երկրում պանդուխտ չենք եղել։ Խորհրդային կարգերը մեր երկիրը մեզ համար խորթ ու օտա՞ր էին դարձրել։ Հիմա մեր երկրում էլի՞ մեր կարգերը չեն, դրա՞ համար մեր ժողովրդի մեծ մասն արտագաղթեց ու չի ուզում վերադառնալ։ Տնտեսական եղեռնը նո՞ւյնպես մեզ քշում է մեր տնից։ Ինչքա՞ն պետք է կույր լինել, որ չտեսնել մեզ ճակատագրի կառափնարան քարշ տվող մեր դահճի ապարդյուն ու անհեռատես ազգային քաղաքականության անտարբեր դեմքը։ Նույնիսկ հեղափոխության գնացինք։ Թվում է, թե ազատվել ենք մեր անպետք ու հանցավոր իշխանությունից, բայց մեր պետական ապարատը, լինելով նախկին իշխանությունների կողմից կառուցված համակարգ, բովանդակությամբ նույնն է մնացել։ Ո՞վ պետք է այն բարեփոխի, երկրի ու ժողովրդի համար պետքատու դարձնի, որ արտագաղտը դադարի, ու մեզ համար մեր երկիրը հարազատ դառնա։ Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի իշխանությունն օգտագործելով՝ երկիրն իր ժողովրդի համար անհասանելի ու անհասկանալի դարձնել։

Սույն տարվա սեպտեմբերի սկզբին ՀՀ վարչապետին «Գրավիտոն» ՍՊԸ-ի կողմից գրավոր առաջարկություն արվեց՝ ՀՀ տարածքում գործող խաղատների ու ռեստորանների գործունեության արդյունքում եւ հանրապետությունում ոգելից խմիչքների վաճառքից գոյացած եկամուտներից հարկման ճանապարհով գանձվող գումարների հաշվին ֆոնդեր ստեղծել ու այդ գումարները տրամադրել դպրոցներին, մշակութային կազմակերպություններին եւ այդ բնագավառներում գործող ու ծայրահեղ աղքատության մեջ հայտնված կրթության եւ արվետի կարիքավոր գործիչներին։ Բացի այդ՝ հանրապետության տարածքում գոյացած հանքային, արտադրական ու կենցաղային թափոնների վերամշակումով զբաղվող ձեռնարկություններին գործունեության սկզբնական շրջանում մասնակիորեն ազատել հարկային ծանրաբեռնվածությունից։ Այսինքն՝ Հայաստանում պետք է հաճելին համատեղվի օգտակարի հետ։ Բացի այդ՝ մենք խնդրել էինք վարչապետին դիտարկել հանրապետությունում առայժմ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքներից, բնակարանաշինության ծրագրերի համար, բնակարանաշինությամբ զբաղվող շինարարական ձեռնարկություններին անվճար հիմունքներով տարածքներ տրամադրելու հարցը։ Ահա մեր կողմից գործած ամբողջ մեղքը։

Վարչապետն իր գործն «արել էր», մեր գրությունն ուղարկել էր ՀՀ ֆինանսների նախարարության դատին։ Դա արել էր այն բանից հետո, երբ «Հրապարակ» օրաթերթում հրատարակվել էր մեր կողմից հեղինակված «Դիմում ՀՀ վիճակագրական վարչությանը» վերնագրով նյութը, որով «խնդրել» էինք այդ վարչության աշխատակիցներին՝ հաշվել ՀՀ կառավարությունում աշխատող դեբիլների քանակը։ Այդ նյութի հրապարակման շարժառիթը հանդիսացել էր վարչապետին ուղղված վերոհիշյալ նյութերը կառավարության աշխատակիցների կողմից հասցեատիրոջից պարտակելու ու անկապ մարմիններին վերահասցեավորելու եւ այդ մարմինների կողմից մեզ անկապ պատասխաններ ուղարկելու կապակցությամբ։

Օրերս ֆինանսների նախարարությանից եկավ չսպասված լոլոն՝ սպասված հոգատար պատասխանի փոխարեն։ Պարզվում է, որ այս երկրի ապագայով ու հոգսերով մտահոգված քաղաքացիներն իրենց տանը ոչ միայն պանդուխտ են, այլ նաեւ պետության համար ծաղրանքի առարկա՝ մենք ի՞նչ ենք գրել՝ կառավարություն կոչված խարաբ տրակտորն ի՞նչ է դռդռացել։ Նախ, չգիտես ինչու, մեր կողմից վարչապետին ուղղված դիմումը ֆինանսների նախարարության դռնապահներն էին միայն կարդացել։ Դե, պարզ է՝ եթե երկրի վարչապետը ժամանակ չի գտել մեզ հետ լայվ մտնելու, ուրեմն՝ մեր երկրում վարչապետից հետո պետական գործերով կարող էին զբաղվել միայն ՖՆ-ի դռնապահները։ Ժողովուրդն ամեն ինչ անում է, որ պետություն ունենա, իսկ մեր պետությունն ամենն ինչ անում է, որ ժողովուրդ չունենա։ Ինչ ասել է «արտադրական թափոններ»։ Հասկանալի պատճառներով կոնկրետ անուններ չեմ նշի։ Միայն կասեմ, որ կան ձեռնարկություններ, որոնք գիշերվա ժամերին արտամղում են այնպիսի քանակի ծծմբական գազեր, որ մեր երկրի առողջապահության նախարարությունն ինչքան էլ գազ տա, ինչքան էլ պետբյուջեից միջոցներ տանի, այդ գազերից ստացված թունավորումներից տուժածներին չի կարողանա բուժել։

Ըստ թղթաբանության, այդ ձեռնարկությունները շրջակա միջավայրին բնապահպանական որեւէ վտանգ չեն ներկայացնում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սուրբ Սարգսյանը մեր երկրի առջեւ իրեց պարտքը կատարել են։ Մենք «գործ չենք տալիս», մենք առաջարկում ենք՝ հարկային արտոնություններ տրամադրելու ճանապարհով պետական «ներդրումներ» անել այն ձեռնարկություններում, որոնք կզբաղվեն այդպիսի թափոնների վերամշակումով։ Այդ գաղափարներն օդից չենք բռնել։ Նախ՝ աշխարհում չկա մի երկիր, որտեղ թափոնացվեն այնպիսի նյութեր, ինչպիսիք Հայաստանում մշակվելու փոխարեն թափոնացվում են։ Դրանք իրենցից ավելի մեծ հումքային արժեքներ են ներկայացնում, քան դրանց ելանյութերը։ Իսկ մեր մինֆինի դռնապահները մեզ բառացի գրել են՝ Ձեր կողմից ապացուցված չէ, որ թափոնների վերամշակումը տնտեսապես նպատակահարմար է։ Տո, այ ղումարբազներ, Չինաստանը թափոններ վերամշակելով է աշխարհն առել իր կատոկի տակ։

Ձեր պատասխաններում իմ նկատմամբ անթաքույց իրոնյա կա առ այն, որ ես միամիտ, գիտությունից ու տեխնոլոգիաներից հեռու, ջուր ծեծող մարդ եմ։ Եթե ձեր պատուհաններից նայեք, կտեսնեք, որ Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկին իմ ներդրած տեխնոլոգիաներով Հայաստանի գյուղատնտեսական տարածքները ծածկող տուֆ քարի հանքավայրերից արտահանվող՝ թափոն հանդիսացող փոշուց կառուցվել են Հայաստանի 3 ամենաբարձր՝ 25 հարկանի բազմաբնակարան շենքերը, որոնց կառուցածավալը 5 անգամ գերազանցում է ձրիակերներով լցված ձեր կառավարություն-դեբիլնոցի շենքը։ Իսկ միայն Երեւանում այդպիսի շինությունների քանակը 30-ից անցնում է։ Այսօր էլ գիշեր-ցերեկ այդ նույն տեխնոլոգիայով կառուցվում են շենքեր, որոց արտաքին պատերը ձրի են նստում շինարարների վրա։ Դա աննախադեպ բան է շինարարական գործում։ Այդ շենքերն արտաքինով ամենագեղեցիկ բազմաբնակարան շենքերն են քաղաքում։ Իսկ դրանցում արդեն 15 տարուց ավելի բնակվողներին ծեծելով չես համոզի, որ այդ շենքերի արտաքին պատերը երեսպատված են արհեստական եղանակով թափոններից ստացված տուֆ քարերով։

Հիմա դառնանք կենցաղային թափոններին, ձեր մասին չէ խոսքը, հարգելի նախարարներ։ Խոսքը գնում է ՀՀ բնակչության կենցաղային աղբի մասին, որի 70 տոկոսը կարելի է շինանյութերի մեջ օգտագործել ու շինարարական քիմիայի հարցը դարձնել։ Ամեն մի ընտանիք տարեկան այնքան պլաստիկե դատարկ շշեր է նետում աղբարկղ, որոնց գումարային ծավալն ավելի մեծ է, քան իր զբաղեցրած բնակարանի պատերի ծավալը։ Պատերի համար ջերմամեկուսիչ շինարարական բլոկներ արտադրելիս, այդ բլոկների մեջ, էլի կառավարության աշխատակիցների մասին չէ խոսքը, դատարկ ծավալներ ստանալու համար կատարված աշխատանքով են պայմանավորված նրանց բարձր գները։ Պատկերացնո՞ւմ եք, եթե այդ շշերը տեղադրվեն շինարարական բլոկների մեջ։ Ինչպե՞ս։ Գնացեք, ՌԴ-ի Պրիմորիեում կորեացիներից հարցրեք, որոնց համար ես արտադրամասեր եմ հավաքել ու ներդրել շինարարական բլոկների մեջ կենցաղում գործածված շշերի ներառման տեխնոլոգիան։ Իսկ մեզ մոտ «Սանիթեքն» ու Հայկոն իրար են տալիս դրանցից քաղաքի փողոցները մաքրելու համար։ Կենցաղային աղբի մնացած 30 տոկոսն անփոխարինելի հումք է՝ պարարտանյութեր պատրաստելու համար։

Իմ կողմից մշակված տեխնոլոգիաների շնորհիվ գարեջրի արտադրաթափոնների հիմքով 11 անուն դեղորայք է աշխարհով մեկ թողարկվում, իսկ մեր գարեջրի գործարանների թափոնները մենք խոզերին ենք տալիս կամ նեխացնում ու խառնում կոյուղաջրերին։ Իսկ դուք միայն на халяву գարեջուր կոնծել գիտեք, պարոնայք կառավարականներ։

Մի խոսքով՝ հարգելի ֆինանսների նախարարություն, այն, ինչը վարչապետը ձեզ հանձնարարել էր, ձեր իրավասությունների մեջ չի մտնում։ Այնպիսի ֆոնդերի ստեղծումը, որոնց մասին խոսք է գնում, պետք է կառավարության կողմից համապատասխան որոշումներով ամրագրվեին, եթե այն արժանանար իշխանությունների հավանությանը։ Հարկային արտոնությունների հասցեական տրամադրումը եւս ձեր նախարարության խելքի բանը չէր։ Եթե դուք ձեզ պետական պաշտոնյաներ եք զգում, այդ լոլոների փոխարեն, պետք է նամակը հետ ուղարկեիք վարչապետին։ Մեր ընկերության կողմից բարձրացված հարցերով ուրիշ երկրների կառավարություններն զբաղվում են օրնիբուն, դրանք թող հասարակ ու երկրորդական չթվան։ Մեր երկրի հարստությունները հաց ու ջուր դարձնելու ուղղությամբ մի քիչ մտածելը չէր խանգարի։

Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն անհասանելի մնա իր ձեռքին նայող ժողովրդի համար, ժողովրդի հետ նրա միակ շփումը լինեն սելֆիներն ու լայվերը, եւ մտածի, որ երկրի բոլոր խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհներն իր տեսադաշտում են, Աստված նրան օգնական։ Հայաստանում ինձնից ավելի խելոք ու վաստակած մարդիկ կան, որոնք հասարակական կյանքից մեկուսացված են, որոնք կարող են մեծ ներդրումներ անել մեր երկրում, բայց ափսոս, որ իշխանությունների համար նրանք պանդուխտներ են։