Յուրացման դեպքեր՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում

Յուրացման դեպքեր՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում առերևույթ հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի յուրացումների դեպքերի առթիվ:

Ստուգման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Պարզվել է, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենի կողմից մի շարք անձանց հետ կնքվել են ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր, որոնց կատարման նպատակով դուրս է գրվել որոշակի գումար, աշխատանքները սակայն փաստացի չեն կատարվել, թվով 4 անձանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր, վերջիններս սակայն փաստացի աշխատանքի չեն հաճախել և նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ, ընկերության դրամարկղից արհմիության անդամավճարներից ստացվել է 2.200.000 ՀՀ դրամ, որի ծախսերի հիմնավորումները բացակայում են, դրամարկղից կանխիկ վճարումներ են կատարվել ՀՀ-ում գործող բջջային օպերատորներին՝ առանց համապատասխան պայմանագրերի առկայության, կատարվել է վառելիքի ավել ծախս՝ 9915 լիտր, մարզպետի համաձայնության բացակայության պայմաններում կատարվել են անհարկի գնումներ:

Մասնավորապես՝ ընկերության ունեցած շուրջ 69.000.000 դրամ պարտքի պայմաններում ձեռք է բերվել 10.000.000 դրամ արժողության ավտոմեքենա, կանխիկ ձեռք են բերվել 858.901 դրամի ապրանքներ, որոնք սակայն բացակայում են, ընկերության հաշվին ձեռք է բերվել բջջային հեռախոս, մի շարք աշխատակիցների անվամբ դուրս են գրվել պարգևավճարներ, վերջիններս սակայն այն փաստացի չեն ստացել, 800.000 դրամ գումար է փոխանցվել ՍՊԸ-ին՝ «Լավագույն հայուհի» միջոցառման շրջանակներում հարցումներ կատարելու համար: