Երեխաների շահագործում՝ քաղաքական նպատակներով

Երեխաների շահագործում՝ քաղաքական նպատակներով

Նախորդ ԱԺ ընտրությունների շեմին, երբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նախընտրական հանդիպման էր եկել Մասիսի երաժշտական դպրոց, «Հրապարակն» իր «Դպրոցական քարոզարշավ՝ դասաժամին» հրապարակմամբ անդրադարձավ այդ քարոզարշավի ընթացքում թույլ տրված մի օրինախախտման. վարչապետին ՀՀԿ-ի նախընտրական կարգախոսով դրոշներով դիմավորում էին դպրոցականներ: Իսկ հանդիպումը տեղի էր ունենում դասաժամին: Արարատի մարզպետարանի լրատվական բաժինն անմիջապես արձագանքեց մեր հրապարակմանը: Արձագանքեց նաեւ ՀՀԿ Մասիսի կառույցը: Նախ՝ փորձում էին հավաստիացնել, որ երեխաներն այդ ժամին դասի չէին, հետո արդարանալ, թե դա ավագ դպրոցի երեխաներն էին․ յուրաքանչյուրն ուզում էր իր վրայից հեռացնել թույլ տված սխալը: Մի բան այստեղ գնահատելի էր, որ մարդիկ ընդունում են իրենց թույլ տված սխալը եւ ջանում են դրանից որեւէ կերպ ազատվել՝ թեկուզ այդ փաստարկները համոզիչ չէին: Երկրում իրավիճակ է փոխվել, փոխվել է նաեւ իշխանությունը, սակայն քարոզարշավի ձեռագիրը մնում է նույնը:

Այժմ դպրոցականները ՀՀԿ-ի փոխարեն «Իմ քայլը» դաշինքի կարգախոսներով են դիմավորում իշխանական պատգամավորացուներին, վարչապետի ԺՊ-ին: Այս անգամ էլ իրենց ոչ հայտնի իշխանական թեկնածուներին աշակերտները դիմավորում են իրենց «ուրախ երգ ու պարով»: Դասաժամին աշակերտները սելֆի են անում վարչապետի հետ: Դա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ հեռավոր մարզի երեխաները կարող էին դասից փախչել՝ առիթը բաց չթողնելով, որ իրենց կուռք դարձած հեղափոխական Նիկոլի հետ սելֆի անեն: Բայց երբ նրանք պարտադրված են ցրտին պարել, երգել ՔՊ-ական անհայտ ինչ-որ երիտասարդի համար, սա արդեն երեխաների իրավունքների ոտնահարում է եւ օրենքի կոպիտ խախտում: Համացանցի օգտատերերն այս խնդրին անդրադառնում են, բայց երիտկառավարիչները դրան ուշադրություն չեն դարձնում եւ շարունակում են նոր ոճով: Ի դեպ, նոյեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած համաերեւանյան երթին նույնպես «շախ» էին տալիս դպրոցահասակ երեխաները՝ թմբուկ զարկելով: Նրանք, հավանաբար, ինչ-որ երաժշտական դպրոցի սաներ էին: Մասիսի տարածաշրջանի գյուղերի դպրոցներում «Իմ քայլի» նախընտրական բուկլետներ են բաժանվել աշակերտներին: Դա բացահայտ քարոզչություն է դպրոցում, ինչը նույնպես օրենքի կոպտագույն խախտում է: