Խի Մանվելը քի՞չ գործ ա արել, որ սարքեցին «տուշոնկա Մանվել»

Խի Մանվելը քի՞չ գործ ա արել, որ սարքեցին «տուշոնկա Մանվել»

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի կարծիքով, Սասուն Միքայելյանը ճիշտ չի կարողացել ձեւակերպել իր խոսքը, այդ պատճառով էլ Արցախի մասին նրա հայտարարությունը ճիշտ չընկալվեց։ Հիշեցնենք, որ Արթիկում ելույթ ունենալիս Միքայելյանը հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր համարեց, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը, ինչից հետո կրքերը շիկացան, թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից տարբեր գործիչներ սթափության կոչերով դիմեցին։ Բանը հասավ նրան, որ երեկ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ խնդրելով արցախցիներին կրքերը չբորբոքելու համար անարձագանք թողնել որոշ հայտարարություններ։ Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Գ․ Մելքոնյանի հետ։

- Պարոն Մելքոնյան, թեպետ որեւէ կուսակցության ցուցակում ընդգրկված չեք, ինչպես այլ ազատամարտիկներ, բայց ենթադրում ենք, որ որեւէ ուժի աջակցում եք, կասե՞ք՝ ում եք օգնելու։

- Դե, գաղտնիք է, ում որ աջակցում եմ, հո չե՞մ ասի։

- Քվեարկությունն է գաղտնի։

- Մենք հիմնականում աջակցում ենք հեղափոխությանը։

- Այսինքն՝ Փաշինյանի՞ն։

- Հեղափոխությունը մի անձը չի կատարել, այլ՝ ժողովուրդը, մենք աջակցել ենք հեղափոխության հաղթանակին ու պատրաստ ենք մինչեւ ավարտին հասցնել հաղթանակը։

- Գագիկ Ծառուկյանն ասում է, որ ինքն էլ է մասնակցել հեղափոխությանը, ջուր է հասցրել, Դուք ի՞նչ եք արել, ո՞ւմ կողքին եք կանգնել։

- Ես ասում եմ՝ մենք ժողովրդի կողքին ենք, ժողովրդի կողքին եղել ենք 2008 թվականից մինչեւ հիմա։

- Հիմա ընդդիմադիր ՀՀԿ-ի կողքին կանգնածը ժողովո՞ւրդ է, թե՞ ժողովուրդ չէ։

- ՀՀԿ-ն պարտություն կրեց, հա, բայց բոլորն էլ ժողովուրդ են։

- Ձեր որդին վերջերս նշանակվեց Գեղարքունիքի ոստիկանապետ, կարո՞ղ ենք ենթադրել, որ Դուք Փաշինյանի «ժողովրդին» եք աջակցելու։

- Այո, ես Նիկոլ Փաշինյանին էլ կսատարեմ, ի՞նչ է եղել որ, ինքը ժողովրդին է առաջնորդում, ես էլ իր կողքին կլինեմ։

- Անցած ընտրություններին, օրինակ, Ծառուկյանի «ժողովրդի» կողքին էիք կանգնած։

- Այո, անցած ընտրություններին Ծառուկյանն էր ժողովրդի կողքին, հեղափոխություն էր անում, բայց հայտնի պատճառներով տապալվեց, ռեժիմը խեղդեց հեղափոխությունը։

- Հիմա էլ շատերը, որոնց թվում՝ Ծառուկյանը, ասում են, որ հեղափոխությունը մենակ Փաշինյանը չի արել։

- Մի րոպեե, ես էլ եմ ասում, որ հեղափոխությունը Փաշինյանը չի արել կամ Ծառուկյանը, ամեն մեկն իր չափով սատարել է, ժողովուրդն է արել, ամեն մեկն էլ իր լուման ունի։

- Բայց Դուք աջակցում եք Նիկոլ Փաշինյանին, եւ դա պայմանավորված չէ՞ նրանով, որ Ձեր որդուն գործ է տվել։

- Ոչ մի անգամ, ես ամբողջ հեղափոխության ընթացքում կանգնած եմ եղել, եւ դա գիտեն բոլորը։

- Սասուն Միքայելյանի հայտարարությունն ինչպե՞ս ընդունեցիք։

- Դե, ճանաչելով Սասուն Միքայելյանին՝ կարող եմ ասել, որ ինքն իր մտքերը լավ չի շարադրել։ Չէ՞ որ ինքն անցել է պատերազմով, գիտի հաղթանակի նշանակությունը, գիտի՝ ում հետ ենք կռվել, տարածքներ ենք վերցրել։ Գիտի, թե ինչքան կարեւոր է եղել էդ խնդիրը, որ մենք դարերով հող չենք գրավել, ընդհակառակը՝ անընդհատ նվազել են, նվազել, ու էս պատերազմի ժամանակ մենք մեր տարածքներն ավելացրել ենք մոտ 20 տոկոսով, նախկին տարածքները հետ ենք վերցրել։ Դա մեր ազգային հաղթանակն էր, իսկ հեղափոխությունը՝ ներքին հաղթանակը․ ամեն մեկը յուրովի է մեկնաբանում։

- Դուք վստա՞հ եք, որ Սասուն Միքայելյանը ոչ թե իրականում այդ համոզմանն է, այլ իսկապես լավ չի շարադրել իր մտքերը։

- Ես չեմ կարա վստահ լինեմ ոչ ոքի ասածի համար, բայց, ճանաչելով իրեն, կարող եմ ասել դա։

- Ի՞նչ, կարող ենք ասել, որ պատգամավոր Սասուն Միքայելյանը չի՞ կարողանում հստակ ձեւակերպել իր մտքերը, այդպե՞ս եք կարծում։

- Դե, հիմա ինքն էդ միտքը ձեւակերպելիս սայթաքում է ունեցել, ուզեցել է ասել, որ կարեւոր էր հեղափոխությունը, քանի որ ժողովուրդն իշխանությունը վերցրել է իր ձեռքը։

- Պարոն Մելքոնյան, իսկ ինչպե՞ս ընդունեցիք Նիկոլ Փաշինյանի պատասխան գրոհը Միքայելյանին քննադատողներին, հատկապես՝ ազատամարտիկների դեմ, թեեւ Փաշինյանն անուններ չտվեց, բայց մեղադրանքներ հնչեցրեց արցախյան գործիչների հասցեին, սպառնաց բոմժ դարձնել ոմանց, ինչպես եղել են նախկինում։

- Դե լավ, գրոհ-բան չկար… Նիկոլը հաստատեց, որ Սասունն ուրիշ բան է ուզել ասի՝ ուրիշ բան դուրս եկավ։

- Իսկ Դուք գիտե՞ք, թե ում էր ուղղված Փաշինյանի խոսքը, ովքեր են, որ Մանվել Գրիգորյանի «պադվալներից» ունեն, որ բանակից գողացել, թալանել են, անունները չեն բացահայտվում։

- Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե կարող է իմանա՝ ով ինչ ունի, ինչ չունի, ես չունեմ այդպիսի իրավասություն, բայց չեմ բացառում, որ ճիշտ է։

- Օրինակ՝ Վիտալի Բալասանյանը, մյուսները…

- Ասացի՝ չեմ կարող ասել։ Հիմա էդ ժամանակն էլ չի, որ նստեն, էդ թեմաները քննարկվեն։ Պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, նույնիսկ մեր արտահայտություններում պիտի զգույշ լինենք, մեր ամեն մի բառը կարա մեր դեմ աշխատի։

- Այսինքն՝ Դուք է՞լ եք կարծում, որ ճիշտ չէ առանց անուններ տալու քննադատել։

- Ասում եմ՝ երեւի մի բան գիտեն, որ հայտարարում են։ Կամ էլ՝ նախընտրական շրջան է, երեւի դրա համար են նման հայտարարություններ անում։

- Բայց կարելի՞ է այս թեմայի վրա դիվիդենտներ հավաքել։

- Ոչ, ընդհակառակը՝ սա իրենց վրա ավելի վատ կանդրադառնա, պատերազմից 25 տարի է անցել, սկսել ենք փնովել, մենք էնպես պիտի անենք, որ մեր երեխեքը, ջահելները օրինակ վերցնեն, ոչ թե փնովենք… Խի Մանվելը քի՞չ գործ ա արել, որ սարքեցին «տուշոնկա Մանվել» եւ այլն, էդ տուշոնկեն… ընենց մարդիկ կան, որ միլիարդներ են գողացել, էդ միլիարդները չարժե՞ն հինգ տոննա տուշոնկա։

Չի կարելի պատերազմով անցած տղաներին արատավորել ու փնովել, կամաց խասյաթ են սարքելու ու սկսելու են հերթով բոլորին փնովել։ Երբ որ էդ տղերքը պատերազմ էին հաղթում, հիմիկվա շատ-շատերը աթոռի տակով էին վազում ու խաբար էլ չէին կամ էլ փախել էին այլ երկրներ ու եկան՝ միանգամից հարստացան։

Էդ տղաները հիմի հաց էլ չունեն ուտելու, այ, սրա մասին է պետք մտածել։ Հեսա նոր իշխանություն է, այս ընտրությունից հետո հուսով ենք, որ ամեն մեկն իր արժանին կստանա։

- Այսինքն՝ Դուք առաջարկում եք պատերազմ հաղթածներին ներե՞լ, եթե անգամ հանցանք են գործել։

- Ոչ, օրենքի դեմ բոլորը հավասար պետք է լինեն։

- Ուզում էիք ասել, որ Մանվել Գրիգորյանն աններելի մեղք չէ՞ր գործել։

- Իհարկե՝ ոչ, հիմա ցմահ ազատազրկվածներին են ներում, բայց համապատասխան պատիժը թող ստանա էդ մարդը, բայց ոչ սենց սարքեին։

- Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի այս թեմայով հայտարարություններն ի՞նչ ազդեցություն կունենան, ըստ Ձեզ, իրենց վարկանիշի վրա։

- Եթե դա շարունակվի, իհարկե, ազդեցություն կունենա, բայց ինձ թվում է՝ այդ էջը փակված է։