Ո՞ւմ ես զարմացնում, տղա․․․

Ո՞ւմ ես զարմացնում, տղա․․․

 

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանը Հովհ․ Թումանյանի քառյակը թղթի վրայից է կարդացել։ Քավ լիցի, այդ մասին չեմ խոսելու։

Նախարարի ֆեյսբուքյան էջը բացելիս նրա գլխավոր նկարը թումանյանական հոգեպարար երաժշտությամբ է դիմավորում բացողին՝ Հովհ, Թումանյան 150 մակագրությամբ։ Զարմանում ես՝ լավ, ինչքան կարելի է ձևի մեջ սպանել բովանդակությունը։ Ու՞մ եք ցույց տալիս, որ թումանյանասեր եք, ազգային արժեքներ եք դավանում, ու՞մ․․․

Դպրոցում հայոց լեզու և գրականություն էի դասավանդում։ Թումանյան էինք անցնում։ Աշակերտներս  պոեմներ էին անգիր արել, բանաստեղծություններ, հեքիաթներ։ Դասարանում մտավոր հետամնաց մի տղա ունեի, ով միայն լսում ու ժպտում էր, չէր կարողանում որևէ բան անգիր անել ու հիշել կամ պատմել։ Թումանյանական  ժամերից մեկին ձեռքը բարձրացրեց և ամաչելով խնդրեց՝ ես էլ եմ ուզում արտասանել։ Դասարանը քարացավ, դող անցավ մարմնովս։ Մտածեցի՝ չի կարողանալու անգիր ասել և անհարմար վիճակի մեջ է ընկնելու։ Մտածմունքների մեջ էի, երբ նա վստահորեն կանգնեց դասարանի առաջ։ Բոլորը շունչները պահել էին։ Զգացի, որ հուզմունքից կարկամել եմ։

Արտասանեց չորս տող։ Մի հավիտենություն թվաց ինձ։ Ծափերից դղրդաց դասարանը՝ ապրես, Աշոտիկ ջան։ Բոլորը մոտեցան ու գրկեցին նրան։ Աշոտիկը ուրախությունից խանդավառվել էր, մի տեսակ մեծացել, լրջացել։ Աչքերս լցվեցին  արցունքով՝ ընկեր Բաբաջանյանը լաց է լինում,- հասկացնում էին միմյանց։

Հաջորդ օրը դպրոց եկավ Աշոտիկի մայրը և հուզված պատմեց, որ տղան մի քանի օր է անգիր է անում այդ չորս տողը։ Նստած, պահում էի գիրքը, իսկ նա հարյուր անգամ նույն բանը կրկնում էր։ Ասում էր՝ մամ ջան, ամաչում եմ, բոլորն արտասանում են․․․

Հիմա ի՞նչ ասեմ, Արայիկ։ Ասում եք, որ ռուսական կրթություն ունեք․․․ Իսկ դուք գիտե՞ք աշխարհի քանի՜ լեզուներով է թարգմանվել Հովհաննես Թումանյանը։ Այսինքն նա աշխարհինն է․․․ Գոնե ռուսերենով կարո՞ղ եք ինչ որ բան հիշել։

Եթե ոչինչ չգիտեք, ու՞մ է պետք ֆեյսբուքյան ձևականությունդ, ինչպես ուսուցիչը կասեր՝ ու՞մ ես զարմացնում, տղա։

․․․Եվ Թումանյանից չորս տող չիմացողը պետական համալսարանների ռեկտորների է խեղճացնում։