Թող բանակի անունը շատ չշահարկեն․ գեներալ Հովիկ Օհանյան

Թող բանակի անունը շատ չշահարկեն․ գեներալ Հովիկ Օհանյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական հանարահավաքների ամբիոնից քանիցս հայտարարում է, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք բանակը սիստեմատիկ թալանվել է։ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ, պաշտպանության նախարարի խորհրդական, նախկինում բանակային կորպուսի հրամանատար և ազատամարտիկ գեներալ- մայոր Հովիկ Օհանյանին հարցրինք, թե ի՞նչ է կարծում, բանակը իսկապես թալանվե՞լ է․

«Ես այդպիսի բան չասեմ, որ թալանել են, եթե թալանել են, ապա թալանելու համար քննչական մարմիններ, ոստիկանություն կա, իրենք թող զբաղվեն»,- ասաց նա։

Հարցրինք նաև, թե ի՞նչ կարծիք ունի Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության մասին։ Գեներալ Օհանյանի կարծիքով՝ դա պարզապես լեզվի վրիպակ էր, և իրականում Սասուն Միքայելյանը դա չէր ցանկանում ասել․

«Բարձր կարծիք ունեմ, Միքայելյան Սասունին շատ լավ ճանաչելով՝ ես զգացի, որ ինքը լեզվի, խոսքի վրիպակ թույլ տվեց։ Վարչապետն էլ ասաց՝ Սասունի մարմնի մեջ էնքան ասկոլկա կա, որ․․․իրականում էլի։ Ինքը դա չէր ասում, ես մտածում եմ, որ կռված մարդը, ինձ չի թվում, որ դա նկատի ուներ, պարզապես լեզվի վրիպում էր։ Իր միտքն ու հոգին Արցախում է»։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու ընդդիմադիր ՀՀԿ-ն բանակի մասով միմյանց հասցեին մեղադրանքների հեղեղներ են տեղում։ Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին համեմատում է «սերմացու գողացող մկների հետ», ՀՀԿ-ն էլ իր հերթին Փաշինյանին և նրա կառավարությանը մեղադրում է բանակը արժեզրկելու և նսեմացնելու մեջ։ Հովհաննես Օհանյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի՝ ինչո՞ւ է բանակի անունը քարոզարշավի ընթացքում այդքան շատ շոշափվում․

«Թող բանակը շատ չշահարկեն, բանակը իր խնդիրն ունի, ապահովում է նույն այս ընտրությունների ընթացքը, ապահովում է մեր էսօրվա խաղաղ կյանքը։ Ես կարծում եմ՝ ընդհանրապես պետք չի շահարկել, բոլոր քաղաքական ուժերի համար բանակը պետք է սրբություն լինի, բանակը պետք չէ խառնել ոչ մի բանի»։