Եթե քննությունը սկսվում է խախտմամբ, մենք ակնկալիք չունենք, որ գործի ավարտը կլինի օրինական

Եթե քննությունը սկսվում է խախտմամբ, մենք ակնկալիք չունենք, որ գործի ավարտը կլինի օրինական

«Գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ, մասնավորապես՝ դատարանը չի ապացուցել, թե ինչ չափանիշով է ընտրվել նախագահող դատավորը»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ Նշենք, որ պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 17։00-ին։ Ալումյանը նշեց, որ օրեր առաջ լրատվամիջոցից տեղեկացել են, որ վիճակահանությամբ է գործը մակագրվել դատավոր Ռուբեն Մխիթարյանին, սակայն նման կարգ օրենքով նախատեսված չէ. «Ռուբեն Մխիթարյանը որոշ լրացուցիչ պարզաբանումներ տվեց, որոնք սաստկացրին կասկածները, որ թեև եղել է վիճակահանություն և վիճակահանության ժամանակ ինքն է քաշել թուղթը, ինչից ստացվում է, որ պետք է ինքը քննի գործը, բայց ինքը չգիտի։

Այնուհետև դատարանի նախագահի պաշտոնակատարից փորձեցինք ստանալ վիճակահանության արձանագրությունը, եթե նման փաստաթուղթ կա։ Դատարանի նախագահի պաշտոնակատարը պարզաբանեց, որ դատարանի կազմը որոշվել է պատահականության սկզբունքով եւ դատարանների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով»։

Ալումյանի խոսքով՝ դատախազությունը միջնորդության վերաբերյալ նեյտրալ դիրքորոշում է ունեցել․ «Զարմանալիորեն քննիչն իր հերթին ասաց, որ ինքն էլ է կարծում, որ տվյալ դատավորը չպետք է քննի այս գործը: Կարծում եմ՝ այդպես արեց, որ ստեղծի պատրանք, իբրև թե երկու կողմերն էլ դատավորից դժգոհ են: Սովորաբար դա տակտիկական քայլ է, եթե մի կողմը դատավորից դժգոհ է, մյուսն էլ ուզում է, որ անպայման այդ դատավորը քննի, ինքն էլ իր հերթին է դժգոհում, և կողմնակալ անձին թվում է, թե երկու կողմն էլ, եթե դժգոհ են, ուրեմն իրականում ինքը շատ օբյեկտիվ դատավոր է»։

Հարցին՝ արդյոք պաշտպանական կողմը կարծում է, որ կանխորոշվա՞ծ է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը, պաշտպանը պատասխանեց․ «Ռուսերեն մի խոսք կա, բայց ես հայերեն կասեմ․թատրոնը սկսվում է կախիչից։ Այսինքն, եթե այս գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ, մենք որևէ ակնկալիք չունենք, որ գործի ավարտը կարող է լինել օրինական, որովհետև հիմքը սա է»։

Նշենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը հետաձգել էր սույն գործով դատական նիստը, որպեսզի պաշտպանական կողմը հնարավորություն ունենա ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Ինքնաբացարկի հիմքերի մասին նրանք չէին խոսել։ Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։