Միջազգային դատական ատյանում հանդես ենք գալիս որպես երրորդ կողմ

Միջազգային դատական ատյանում հանդես ենք գալիս որպես երրորդ կողմ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պատասխանելով մեր հարցին, թե նկատե՞լ է մարդու իրավունքների խախտումներ նախընտրական քարոզարշավում, արձագանքեց․ «Մենք հիմա դիտարկումներ ենք անում, դիտարկման նախնական արդյունքներն ենք ամփոփում, որպեսզի հրապարակենք։ Գլխավոր խնդիրը սոցիալական ցանցերում վիրավորանքի, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության եւ ատելության խոսքի աճն է։ Դրանք նկատվում են հատկապես սոցիալական ցանցերում առերեւույթ օգտատերերի կողմից։ Կարծում եմ, դա մտահոգիչ է»։

Մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանը կարծիք է հայտնել, որ ներկայիս ՄԻՊ-ն ավելի անկաշկանդ է գործում, քան նախկինում էր։ Արման Թաթոյանից հետաքրքրվեցինք, թե համաձա՞յն է այդ գնահատականին։

«Մեր ինստիտուտը գնալով զարգանում է եւ, բնականաբար, զարգանում է անկախության աստիճանը։ Իսկ դրա մասին վկայում է այն փաստը, որ մենք որպես երրորդ կողմ ենք հանդես գալիս միջազգային դատական ատյանում։ Դա նշանակում է, որ կառավարությունից մեր անկախությունն այնքան բարձր է, որ կարողանում ենք որպես երրորդ կողմ հանդես գալ։ Այսօրվա պայմաններում մենք շատ լավ համագործակցում ենք կառավարության հետ, նաեւ՝ քաղաքացիական հասարակության հետ։ Կան, իհարկե, մարտահրավերներ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ սկսած ազատազրկման վայրերից, քրեական գործերի քննությունից՝ վերջացրած սոցիալական ցանցերով»,- ասաց Արման Թաթոյանը։