Բուհերի ապաքաղաքականացման շոուն ավարտվեց, պրոռեկտորն՝ իշխանական ցուցակում

Բուհերի ապաքաղաքականացման շոուն ավարտվեց, պրոռեկտորն՝ իշխանական ցուցակում

Այս օրերին տարբեր անձինք ուսումնասիրում են նախընտրական ցուցակները եւ ուշագրավ բացահայտումներ անում իրենց համար։ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողները իշխանական «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնաբերել են իրենց պրոռեկտորին՝ Գրիշա Թամրազյանին եւ մի վրդովված նամակ գրել այդ մասին՝ «գունեղ» նկարագրելով, թե ով է նա։

Նախկինում Կոնսերվատորիայի պրոռեկտոր աշխատած Գրիշա Թամրազյանը, որը «ժողինստիտուտի» շրջանավարտ է, ըստ նամակագիրների, իր անձնական կապերի շնորհիվ է դարձել պրոռեկտոր, բայց հեղափոխության օրերին էլ աչքի է ընկել ոչ թե հեղափոխությանը սատարելով, այլ ճիշտ հակառակը՝ «ուսանողների՝ հեղափոխական ակտիվությունը բոլոր հնարավոր և անհնարին ձևերով փորձում էր զսպել՝ ընդհուպ կանգնելով կենդանի պատնեշ Բրյուսովի մուտքի դռան դիմաց»: Իսկ հեղափոխությունից հետո, արագ կողմնորոշվելով, սկսել է պաշտպանել ուսանողների նախաձեռնող խմբին՝ ընդդեմ Ուսխորհրդի։

«Մարդիկ ունենում են մեկ երես, երկու, երեք․․․հարմարվել էլ կա, հարմարվել էլ․․․ Փաստորեն, ամպագոռգոռ հայտարարություններով, դոշ ծեծելով, բուհերի քաղաքականացման դեմ իբր պայքարող, ձեռքի ուժիստ պրոռեկտոր Թամրազյանն այսօր «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է։ «Հարմարվելու արդյունավետությունն այդքան էլ բարձր չի գնահատվել», դատելով նրանից, որ նա ցուցակում 129-րդն է, գրում են ուսանողները, «բայց հարցը համարը չէ», այլ այն, որ երիտասարդ իշխանավորներն անհիշելի ժամանակներից ասում էին, որ հստակ նպատակ ունեն՝ բուհերն ապաքաղաքականացնել, բայց բուհերի քաղաքականացումը շարունակվում է այնպես, ինչպես Հանրապետականի ժամանակներում։